Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր Նորքի բնակիչներն ամեն օր հրավառություն են տեսնում։ Ծննդատների մոտ ամեն օր հրավառություն է»․ Սիսակ Գաբրիելյան

Օգոստոս 31,2022 17:55

Ինչպես հայտնել էինք, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի նախաձեռնությամբ այսօր խորհրդարանում կայացավ քննարկում` հրավառություններն արգելող նախագծի վերաբերյալ։ Այս նախագծով, որն օգոստոսին հրապարակվեց, սահմանվում է, որ ՀՀ տարածքում հրավառությունները իրականացնում են բացառապես պետական մարմինների եւ ՏԻՄ-երի պատվերների հիման վրա՝ ՀՀ օրենքով սահմանված տոն օրերին կամ ՀՀ կառավարության կողմից սահմանված այլ դեպքերում․ հրավառությունների անցկացման վայրը, ամսաթիվը եւ ժամը որոշում է համայնքի ավագանին կամ քաղաքապետը։

Հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը տեղեկացրեց, որ այս հանդիպումը վերջինը չէ, մասնագետների հետ եւս քննարկումներ են տեղի ունենալու։ Նա համաձայն չէ կարծիքների հետ, որ մասնավոր հատվածին պետք է հրավառություններ անելու իրավունք վերապահել, այլապես օրենքի տրամաբանությունը չի գործի․ «ՀՀ-ում օրական 300-400 մասնավոր միջոցառում է լինում։ Ջրվեժի ճանապարհին, Սեւան գնացող հատվածում ամեն օր լինում են։ Օրինակ՝ Նոր Նորքի բնակիչներն ամեն օր հրավառություն են տեսնում։ Ծննդատների մոտ ամեն օր հրավառություն է։ Մասնավորների պարագայում վերահսկողությունը շատ դժվար է լինելու։ Դա նույնն է, որ թույլատրեմ զենքի ազատ վաճառք, իսկ հետո վերահսկեմ, որ իրար վրա չկրակեն։ Հետեւաբար, եթե թույլատրում ենք, որ «Սուրմալու», «Փեթակ» կամ այլ առեւտրի կենտրոններում տնտեսվարողներն ազատ վաճառեն, ապա շատ դժվար է լինելու վերահսկումը։ Իսկ եթե օրենքով չլինի ազատ վաճառք, ապա սա ռիսկերը 70%-ով կնվազեցնի։ Իսկ տուգանքը, կարծում եմ, շատ ավելի խիստ պետք է լինի»։

ՔՊ խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Բաբկեն Թունյանը, նկատեց՝ եթե զբոսայգիներն ու խոշոր ընկերությունները ցանկանում են միջոցառումների ժամանակ հրավառություն անել, եւ եթե դա չի խաթարում հարակից բնակավայրերի անդորրը, ապա կարելի է եւ այսքան խիստ սահմանափակումներ չանել։ Նախագծի համահեղինակ, ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պատասխանեց՝ համաձայն է, դրա համար էլ հրավառության թույլտվությունը վերապահում են համայնքի ղեկավարին կամ քաղաքապետին․ «Լիցենզավորված կազմակերպությունները, ենթադրաբար, մի քանիսն են լինելու, եւ եթե որեւէ ռեստորանում հրավառություն եղավ, ուրեմն կազմակերպությունը վաճառել է ոչ ճիշտ մարդկանց, կամ մաքսանենգ ճանապարհով հրավառ նյութեր են բերվել։ Սա արդեն քրեական տիրույթում է»։ Սիսակ Գաբրիելյանն էլ հավելեց, որ ըստ օրենքի նախագծի՝ ներմուծված հրավառ նյութերը գրանցված են լինելու, ուստի հեշտ է լինելու պարզել՝ դա տվյալ կազմակերպությա՞ն ներմուծածն է, թե՝ ոչ։

ՔՊ խմբակցության մեկ այլ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն էլ նշեց՝ քանի որ հանրային սննդի օբյեկտներում ծխելն արգելված է, պետք է արգելել նաեւ հանրային սննդի օբյեկտներում հրավառությունների անցկացումը․ «Մեզ այս քննարկումներում պետք են մասնագետներ։ Հրավառ նյութերը տարբեր են, ունեն տարբեր դասեր։ Մասնագետները կօգնեն հասկանալ, թե որոնց վաճառքը կարելի է թույլ տալ։ Դրանք վտանգավորության ցածր աստիճան ունեն։ Այս նախագիծը միանշանակ ողջունելի է»։

Ապա Բաբկեն Թունյանը պնդեց մոտեցումը՝ դեմ չէ մասնավոր միջոցառման ժամանակ հրավառություն անելուն, եթե դա չի խանգարում մյուսներին։ Տիգրան Ավինյանը չհամաձայնեց․ «Չկա «չի խանգարում», խանգարում է, չի կարող չխանգարել։ Եթե ուզում ենք պատկերը փոխվի, մասնավորից պետք է հանել հրավառությունները»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031