Որոշ շշալցված չգազավորված խմելու ջրեր, որոնց վրա մակնշված է «աղբյուրի ջուր» կամ «բնական խմելու ջուր», իրականում աղբյուրի ջուր չեն եւ չեն համապատասխանում՝ որպես աղբյուր ջուր, սահմանված տեխնիկական պահանջներին։
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը դիտարկել է «աղբյուրի ջուր» եւ «բնական խմելու ջուր» մակնշումներով շշալցված չգազավորված ջրերի արտադրությամբ եւ իրացմամբ զբաղվող բոլոր սուբյեկտների գործունեությունը։ Հանձնաժողովը 12 սուբյեկտի նկատմամբ հարուցել է վարույթներ՝ տնտեսական մրցակցության բնագավառում հասարակության մոլորեցման դրսեւորմամբ։
Վարույթի ընթացքում պարզվել է, որ 9 տնտեսավարող սուբյեկտներ արտադրել եւ իրացրել են «աղբյուրի ջուր» կամ «բնական խմելու ջուր» մակնշումներով շշալցված ոչ գազավորված ջրեր, որոնք չեն հանդիսանում «աղբյուրի ջուր» կամ «բնական խմելու ջուր», այն է՝ չունեն աղբյուրի ծագում կամ արտադրության որեւէ փուլում մշակվել են քլորի պատրաստուկներով։
Իրականացված վարույթների արդյունքում հանձնաժողովը 6 տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ կիրառել է նախազգուշացում, 3-ի նկատմամբ՝ տուգանք, իսկ վարույթներից 3-ը կարճվել են։
Կարդացեք նաև
Տուգանված ընկերություններից մեկը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ-Մաազա» ՍՊԸ-ն է, որը տուգանվել է 4 մլն 76 հազար դրամի չափով։
Հանձնաժողովը համապատասխան փորձաքննություններին հղում անելով՝ հայտնում է, որ «Սիլ» շշալցված ջուրը, որը մակնշված է՝ խմելու աղբյուրի ջուր, մշակված ջուր է, այն քլորացված, հետո ապաքլորացված ջուր է, որը տեխնիկական կանոնակարգի իմաստով մշակված ջուր է։
«Վեոլիա Ջուր»-ը, որի բաժանորդ է «Սիլ-Մաազա» ՍՊԸ-ն, հանձնաժողովին հայտնել է, որ ընկերությանը մատակարարվող ջուրը ծագում է «Գառնի», «Արզնի» եւ «Կաթնաղբյուր» ջրաղբյուրներից։ «Վեոլիա Ջուր»-ը ջրի մատակարարումն իրականացնում է միայն ջրի վարակազերծումից հետո, ինչպես պահանջում են առողջապահության նախարարի հրամանով հաստատված սանիտարական նորմերն ու կանոնները, եւ ըստ «Վեոլիա ջրի», այդ պահանջները բավարար են կենտրոնացված խմելու ջրամատակարարման համակարգերի համար, բայց ոչ՝ արդյունաբերական շշալցման համար, մասնավորապես՝ չեն պահպանվում տեխնիկական կանոնակարգի 25 եւ 29 կետերը, իսկ 26-28 կետերին համապատասխան մշակում չի իրականացվում։
Իսկ ՍԱՏՄ-ն էլ այս վարույթի շրջանակներում, հայտնել է, որ ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի խմելու ջուրն ապաքլորացման ենթարկվելուց հետո ջրի մակնշվածքում չի թույլատրվում ոչ միայն «աղբյուրի» բառի մակնշումը, այլ նաեւ «բնական խմելու ջուր» մակնշումը։ Ըստ ՍԱՏՄ-ի, «Սիլ» ջուրը համաձայն «Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում՝ բնական հանքային ջրի անվտանգության մասին» ԵՏՄ տեխնիկական կանոնակարգի, համարվում է մշակված խմելու ջուր։
Ընկերությունը պետք է մինչեւ հոկտեմբերի 29-ը դադարեցնի «բնական աղբյուրի խմելու ջուր» եւ «խմելու աղբյուրի ջուր» մակնշումներով շշալցված չգազավորված ջրերի իրացումը, ինչպես նաեւ հետ կանչի նման մակնշմամբ խմբաքանակը։
Որպես աղբյուրի ջուր են մակնշել եւ իրացրել այլ ընկերություններ եւս։ Մասնավորապես, «Վիվյան» անվանումով շշալցված ջուրն արտադրող «Անի եւ Թամարա» ընկերությունը եւս հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է եղել։ Պարզվել է, որ «Վիվյան» ջուրը մակնշվել է որպես «աղբյուրի ջուր», մինչդեռ շշի պարունակությունը մշակված ջուր է։ Ընկերությունը չի տուգանվել, նախազգուշացում է ստացել։
Նմանատիպ խախտումներ է թույլ տվել նաեւ «Բնական ջուր» ՍՊԸ –ն, որն արտադրում է «Գեղարդ» շշալցված ջուրը։ Ընկերությունը տուգանվել է 302 հազար դրամով։
«Արլաս» շշալցված ջուրը, որը եւս մակնշվել է որպես «աղբյուրի խմելու բնական ջուր», ըստ հանձնաժողովի, մոլորեցրել է սպառողին։ Այս ջուրն արտադրող «Արլա» ՍՊԸ-ն նախազգուշացում է ստացել եւ պարտավորվել խախտումները վերացնել։
Նույնատիպ խախտումներ թույլ տված մյուս ընկերություններ են՝«Աքվա Արմա Ուոթեր Քամփնի» (նախազգուշացվել է խախտումները վերացնել) ՍՊԸ-ն՝ «Աքվա Արմա» շշալցված ջրով, «ՋերմուկԱկվա»-ն (նախազգուշացվել է խախտումները վերացնել) իր «Աղբյուրի ջուր ՎանԱկվա» ջրով, «ՍՎ ջուր» ՍՊԸ-ն՝ իր «Նոր Արզնի» անվանումով շշալցված ջրով, որը մակնշվել է «Շշալցված է Կոտայքի մարզի «Նուռնուս» աղբյուրից», «Ակվայան» ՍՊԸ-ն, տուգանվել է 279 հազար դրամով, «Սամ-Հար» ՍՊԸ-ն՝ «Աղբյուրի ջուր Սիփան եւ «աղբյուրի ջուր AQUA JUR» (նախազգուշացում)։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ