2022/23 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ՝ այսօր, կայացել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի՝ «Սպորտուս» հենակետային քոլեջի բացման հանդիսավոր արարողությունը։
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ՀՖԿՍՊԻ ռեկտոր Դավիթ Խիթարյանը, քոլեջի տնօրեն Նելլի Սարգսյանը, ինստիտուտի պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ուսանողներ, ծնողներ:
Քոլեջում կրթությունն իրականացվելու է չորս մասնագիտություններով՝ «Ֆիզիկական կուլտուրա և սպորտ», «Բուժական մերսում», «Զբոսաշրջություն և թիկնապահական գործ»։ «Սպորտուս» հենակետային քոլեջը կունենա շուրջ 95 սան:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, որը նաև ՀՖԿՍՊԻ հոգաբարձուների խորհրդի նախագահն է, ողջունելով ներկաներին՝ բարի երթ է մաղթել քոլեջի առաջին սաներին. «Հայկական սպորտային կրթության ասպարեզում այսօր իսկապես հետաքրքիր նորություն է տեղի ունենում: Սրա պահանջն իսկապես կար. միջին մասնագիտական կրթությունը շատ կարևոր օղակ է Հայաստանում և առհասարակ աշխարհում: Շատ կցանկանամ, որ այս քոլեջը համարվի լավագույն միջին մասնագիտական կրթօջախներից մեկը: Վստահ եմ՝ դիմորդները կստանան լավ կրթություն և նրանցից շատերը հետագայում արդեն իրենց ուսումը կշարունակեն Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում»:
ՀՖԿՍՊԻ ռեկտոր Դավիթ Խիթարյանն էլ նշել է՝ այսօր նշանակալից օր է ոչ միայն քոլեջի սաների, այլև հենց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի համար:
Կարդացեք նաև
«Բուհի 77-ամյա կենսագրության մեջ հենակետային քոլեջի բացումը նոր գիծ կհաղորդի ինստիտուտին, նոր կրթական միջավայր կձևավորի ուսանողության շրջանում»,- ասել է Դավիթ Խիթարյանն ու վստահություն հայտնել՝ ՀՖԿՍՊԻ քոլեջի տնօրենությունն ու պրոֆեսորադասախոսական անձնակազմը կանեն ամեն հնարավորը, որպեսզի քոլեջի սաներն ուսումնառության ընթացքում ստանան բավարար գիտելիք, ինչպես նաև կատարելագործեն իրենց մասնագիտական կարողությունները:
ՀՖԿՍՊԻ հենակետային քոլեջն իր առաջին սաներին ընդունում է վերակառուցված և վերանորոգված մասնաշենքում: Դավիթ Խիթարյանի խոսքով՝ մասնաշենքի այդ մասն ինստիտուտի ամենաանմխիթար հատվածն էր, բայց այժմ ամբողջությամբ վերանորոգվել է, շուտով կավարտվի նաև կահավորման գործընթացը: Ռեկտորի գնահատմամբ՝ ուսումնառության համար բարեկարգ պայմաններն ու ժամանակից կահավորումն անպայմանորեն նպաստելու են սաների արդյունավետ կրթության ապահովմանը:
Քոլեջի առաջին սաներին ողջունել և հաջող ուսումնական տարի է մաղթել նաև տնօրեն Նելլի Սարգսյանը:
Նշենք՝ «Սպորտուս» հենակետային քոլեջի առաջին սաների կազմում են տարբեր մարզաձևերի Հայաստանի հավաքականների 9 անդամներ, այդ թվում՝ Եվրոպայի մարմնամարզության երիտասարդների 2022 թվականի առաջնության կրկնակի փոխչեմպիոն Համլետ Մանուկյանը: Միջոցառման ընթացքում քոլեջի տնօրեն Նելլի Սարգսյանը 15-ամյա Համլետ Մանուկյանին է հանձնել պատվոգիր՝ Հայաստանի Հանրապետության մարզական պատիվը բարձր պահելու համար:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ռեկտոր Դավիթ Խիթարյանի և Նելլի Սարգսյանի ուղեկցությամբ ծանոթացել է քոլեջի ենթակառուցվածքային պայմաններին, եղել դասասենյակներում և ընթերցասրահում:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ