2022 թվականի մարտ ամսից «Հանուն Չորրորդ Իշխանության» ՀԿ-ն տեղեկատվական դաշտում իրականացնում է մշտադիտարկում, որով յուրաքանչյուր ամիս ամփոփվում են լրագրողական դաշտում արձանագրված խախտումներն ու կարևոր իրադարձությունները: Հերթական մշտադիտարկման արդյունքները վերաբերում են 2022 թվականի հուլիս ամսին:
Եվ այսպես՝ Հայաստանի և Արցախի լրատվական դաշտում հուլիս ամսին իրականացված մշտադիտարկման արդյունքներով արձանագրվել են քաղաքական դրդապատճառներով Հայաստանում ԶԼՄ գործունեության սահմանափակման մի շարք դեպքեր։
Ներքաղաքական զարգացումների ընթացքում խոսքի ազատության և ԶԼՄ գործունեության սահմանափակման տարաբնույթ դեպքեր, որոնք կապված են եղել տվյալ լրատվամիջոցների քաղաքական դիրքորոշման հետ, Հայաստանում արձանագրել են թե միջազգային և թե տեղական կազմակերպությունները։
Այս տեսանկյունից առավել ուշագրավ է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից լրատվամիջոցի գործունեության որակավորման դեպքը, որով արտացոլվում է Հայաստանում լրատվամիջոցների և լրագրողների իրավունքների պաշտպանված լինելու իրական մակարդակը։
Կարդացեք նաև
Ներկայացնում ենք հուլիս ամսվա ընթացքում խոսքի ազատության և ԶԼՄ-երի ազատ գործունեության սահմանափակման առավել ուշագրավ դեպքերը։
1․ Միջազգային կազմակերպությունները Հայաստանում արձանագրել են ՀՀ իշխանությունների կողմից խոսքի ազատության և լրատվամիջոցների անկախ և լիարժեք գործունեության սահմանափակումներ։
Մասնավորապես՝ ս.թ.-ի հուլիսի 8-ին ճանաչված «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության իշխանություններին, ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հորդորեց լրջորեն վերաբերվել ԶԼՄ-ների մտահոգություններին և օգտագործել ուղիղ հաղորդակցության ուղիները, ներառյալ բաց և թափանցիկ մամուլի ասուլիսները՝ առողջ և գործուն ժողովրդավարություն ապահովելու նպատակով:
2․ Արձանագրվել է մարդու իրավունքների պաշտպանի կողմից լրատվամիջոցի գործունեության թիրախավորված որակավորման և սուտ տեղեկություններ տարածելու մեղադրանքի դեպք։
Մասնավորապես ՝ հուլիսի 8-ին Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ ՄԻՊ գրասենյակը թիրախավորում է լրատվամիջոցներին: «ՄԻՊ-ը՝ 168.am-ին թիրախավորելով, մեղադրել է սուտ տեղեկություններ տարածելու մեջ և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական ֆեյսբուքյան էջն օգտագործել է պետական պաշտոնյային ոչ հարիր հատուկ հեգնական եղանակով այդ զրպարտանքը, հերյուրանքը տարածելու համար»,֊ ասված էր Սաթիկ Սեյրանյանի գրառման մեջ:
Նկատենք, որ խոսքը վերաբերում էր 168. am-ում՝ «Հայաստանի ՄԻՊ-ը հրաժարվել է զբաղվել Հադրութից տեղահանվածների հարցերով՝ ուղղորդելով դեպի Արցախի իշխանություններ» «Փաստինֆո» լրատվական կայքի հոդվածի վերահրատարակմանը, որում 168.am-ի կողմից բարեխղճորեն հղում էր կատարված սկզբնաղբյուրին: Սկզբնաղբյուր կայքը փոխանցել էր կոնկրետ մարդու խոսք, հրապարակված էր նաև բանախոսի լուսանկարը։
3․ Արձանագրվել է լրատվամիջոցի քաղաքական ուղղվածության համար գործունեության սահմանափակման դեպք։
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հուլիսի 1-ին տուգանեց «5-րդ ալիքին»։ Ինչպես նշված է այդ պետական մարմի կայքում, «Շարկ» ընկերության մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ ընկերության «5-րդ ալիք» տեսալսողական ծրագրի կողմից «Հայլուր» լրատվական թողարկումների ժամանակ ընդդիմության ակցիաների, այդ թվում՝ երթերի, ելույթների, հանրահավաքների վերաբերյալ լուսաբանումը կազմել է 47-91,6 %։ Նշված է, թե այսպիսի նյութերի ծավալը չպետք է գերազանցի եթերաժամի 25 տոկոսը։
Ըստ այդմ, որոշվել է ընկերության նկատմամբ կիրառել ինչպես վարչական տույժ՝ գրավոր նախազգուշացմամբ, այնպես էլ՝ տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով։
4․ Քաղաքական ուղղվածության համար տուգանք է կիրառվել նաև «Երկիր Մեդիա» ՀԸ նկատմամբ։
Մասնավորապես՝ հուլիսի 7-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հայտարարեց, թե առկա են հեռուստաեթերում՝ «Կոռուպցիա 2. Հատուցում» ֆիլմի ընթացքում, համամարդկային արժեքների նսեմացման և վարկաբեկման կադրեր, ինչպես նաև գռեհկաբանություն և հայհոյախոսություն պարունակող տեսալսողական հաղորդման հեռարձակման սահմանափակումների խախտման փաստեր։
«Երկիր մեդիա» ընկերությունն իր ներկայացրած գրավոր պարզաբանման տեքստում հայտարարել է, որ արձանագրության մեջ նշված խախտումները, այն է՝ հայհոյանքը, հնչել են «Երկիր մեդիայի» ուղիղ հեռարձակում իրականացնելու ժամանակ։ Տեղում աշխատող լրագրողն օբյեկտիվորեն հնարավորություն չի ունեցել կանխելու կամ իրավախախտման հեղինակին զգուշացնելու արարքի անթույլատրելիության մասին։ Այդուհանդերձ՝ հանձնաժողովը որոշեց «Հուսաբեր» ընկերության նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանված տույժ` տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով։ Որոշումը չի բեկանվել։
5․Արցախում լրագրողների գործունեության և ազատ խոսքի սահմանափակման որևէ դեպք հուլիս ամսին ևս չի արձանագրվել։
Արցախյան լրահոսում գերակայել են սոցիալական ու քաղաքական թեմաները: «ArtsakhPress», «Aparaj», «ArtsakhNews», «ArtsakhSpeaks», «Ազատ Արցախ», «Արցախի Հանրային Հեռուստատեսություն», «Արցախի Հանրային Ռադիո» լրատվամիջոցները հուլիսին շարունակել են իրականացնել հասարակության իրազեկման իրենց վստահված աշխատանքը: Մեդիամոնիթորինգի արդյունքում լրագրողական էթիկայի կանոնների խախտումներ արցախյան լրատվամիջոցներում չեն արձանագրվել: Արցախում գործող արտասահմանյան լրատվամիջոցները շարունակել են իրենց աշխատանքը ամենօրյա ռեժիմով:
«Հանուն Չորրորդ իշխանության» հասարակական կազմակերպությունը շարունակում է աչալուրջ հետևել լրատվական դաշտում տեղի ունեցող բոլոր իրադարձություններին և ներհայաստանյան ու արցախյան բոլոր լրատվամիջոցներին ևս մեկ անգամ կոչ է անում ներկայացնել լրագրողների կամ կազմակերպության հետ առնչվող խոսքի ազատության, մասնագիտական գործունեության սահմանափակման և այլ դեպքերի հետ կապված իրավական ու էթիկայի բոլոր խախտումները: Առավել աղմկահարույց դեպքերին հրավիրվելու է պատկան մարմինների ուշադրությունը: Մեր առաքելությունն է օբյեկտիվ լրատվության և լրագրողական գործունեության պաշտպանությունը։ Մենք պայքարում ենք հանուն մեր իրավունքների և արդարության: Պատրաստ ենք սիրով աջակցել:
«ՀԱՆՈՒՆ ՉՈՐՐՈՐԴ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ»
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ