«Ակնհայտ է, որ Ռուսաստանը խանդով է վերաբերվում ղարաբաղյան հակամարտության գործընթացում այլ խաղացողների դիրքերի ուժեղացմանը կամ ներգրավմանը: Ամեն ինչ արել է, որ այս տարիների ընթացքում արեւմտյան համանախագահները դուրս մղվեն գործընթացից եւ կոնֆլիկտն ամբողջությամբ իր ձեռքում պահի»,- քաղաքագետ Արմեն Վարդանյանն Aravot.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը, թե հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում բրյուսելյան քայլերը պսեւդո-նախաձեռնություններ են:
Հիշեցնենք, որ Զախարովայն այսօր ճեպազրույցում պատասխանելով հարցին, թե ինչ ակնկալիքներ կան այսօր Բրյուսելում սպասվող Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից՝ ասել էր. «Մեր կարծիքով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու իրական ցանկությունների հետ դրանք որևէ կապ չունեն: Ես անգամ կասեի՝ որ դրանք եվրոպացիների պսեւդո-նախաձեռնություններն են: Դրանք ավելի շատ նման են անբռնազբոսիկ կերպով միջնորդության դափնիները յուրացնելուն, որի տակ ոչ մի բան չկա: Մենք, որպես միջնորդ, աշխատում ենք, և այդ աշխատանքը հանգեցնում է կոնկրետ արդյունքների և կողմերի համապատասխան գնահատականներին: Իսկ նրանք, ովքեր իրենց միջնորդի տեղ են դնում՝ այդպիսին չլինելով, նրանք ոչ մի բան ունակ էլ չեն առաջարկել, բայց ցանկություն կա այստեղ էլ ցույց տալ ներգրավվածություն: Տպավորություն է, որ Բրյուսելն ընդհանրապես կորցրել է երկխոսությունների հմտությունները»:
Ըստ Արմեն Վարդանյանի, պատահական չէ, որ ամիսներ առաջ ՌԴ արտգործնախարար Լավրովը Բաքվում հայտարարեց, որ Մինսկի խումբը չկա, եւ կոնֆլիկտը պետք է լուծվի միայն 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա. «Այսինքն, իրենք միշտ ցանկացել են, որ կոնֆլիկտն իրենց ձեռքում լինի ամբողջովին, որ ինչպես ցանկանան, ճնշումներ գործադրեն կոնֆլիկտի կողմերի վրա: Մինչ այժմ մերձկրեմլյան փորձագետների շուրթերով էին այսպիսի խանդի տեսարաններ սարքում, հիմա արդեն պաշտոնապես Մարիա Զախարովայի շուրթերով են դա հնչեցնում»:
Հարցին՝ բրյուսելյան հանդիպումից լուրջ փոփոխությունների, լուծումների ակնկալիքներ չկան, ինչո՞ւ են այդպես անհանգստացած այդ հանդիպումից՝ Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Դա այնքան էլ կարեւոր չի, կարեւորը վայրն է, որը Ռուսաստանից հեռու է եւ ՌԴ-ն ներգրավված չէ: Նույնիսկ այսպիսի փոքր քայլերը իրենք սվիններով են ընդունում ու ամեն ինչ անում են, որ այս կոնֆլիկտը չլուծվի: Դրա համար այսպիսի խանդի տեսարանների ենք ականատես լինում»:
Կարդացեք նաև
Հարցին՝ ի՞նչ նկատի ունի Զախարովան, երբ ասում է՝ մեր աշխատանքը հանգեցնում է կոնկրետ լուծումների եւ կողմերի համապատասխան գնահատականներին, այսինքն, Փաշինյանն ու Ալիեւը գնում են ՌԴ, գովում են, ասում են՝ միայն դո՞ւք եք մեր հարցը լուծում՝ Վարդանյանը պատասխանեց. «Չէ, որոշ հարցեր լուծվում են տեղում՝ տեխնիկական հարցեր, կոմունիկացիաների հետ կապված հարցերում են առաջ գնացել կողմերը: Բայց ընդհանուր լայն կոնտեքստով իրենք չեն ցանկանալու կոնֆլիկտը լուծվի: Կցանկանան, որ կոմունիկացիաները բացվեն, ճնշումներ կգործադրեն այս առումով Հայաստանի վրա, բայց իրենք կնախընտրեն կոնֆլիկտը սառեցված մնա, եւ որ պահին ուզեն՝ ապասառեցնեն: Որ պահին Ադրբեջանը դուրս գա ՌԴ-ի ուղեծրից՝ Հայաստանին կօգտագործեն որպես գործիք, մտրակ՝ ճնշումներ կիրառելու Ադրբեջանի վրա: Պատահական չի, որ իրենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին փորձում են դուրս մղեն Արցախի հարցի կարգավորման գործընթացից՝ Ադրբեջանի հետ փոխհամաձայնեցված»:
Արմեն Վարդանյանը վստահ է՝ Ղարաբաղի հարցն այս պահին Բրյուսելում չլուծվող հարց է. Բրյուսելում կարող են սահմանազատման, սահմանագծման հարցերի հանձնաժողովի հետ կապված լուծումների գալ, կամ գերիների վերադարձման հարցում, որոնք տեղային առանձին հարցեր են, բայց հակամարտության լուծում մեծ հաշվով չի սպասվում, որովհետեւ Ադրբեջանը այլ տեղ ու այլ ձեւ է տեսնում կոնֆլիկտի լուծումը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ