Լրահոս
Օրվա լրահոսը

«Էլ ոչ մեկն իր պատշգամբից մեգա-սալյուտ բաց թողնել չի կարողանալու»․ Ավինյանը՝ հրավառությունների արգելքի մասին

Օգոստոս 31,2022 17:21

Ինչպես հայտնել էինք, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի նախաձեռնությամբ այսօր խորհրդարանում կայացավ քննարկում` հրավառություններն արգելող նախագծի վերաբերյալ։ Այս նախագծով, որն օգոստոսին հրապարակվեց, սահմանվում է, որ ՀՀ տարածքում հրավառությունները իրականացնում են բացառապես պետական մարմինների եւ ՏԻՄ-երի պատվերների հիման վրա՝ ՀՀ օրենքով սահմանված տոն օրերին կամ ՀՀ կառավարության կողմից սահմանված այլ դեպքերում․ հրավառությունների անցկացման վայրը, ամսաթիվը եւ ժամը որոշում է համայնքի ավագանին կամ քաղաքապետը։

Քննարկմանը եկել էր ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը տեղեկացրեց, որ այս նախագիծն Ավինյանի հետ մշակվել էր նախկինում, սակայն կորոնավիրուսի, հետո՝ պատերազմի, իսկ հետո՝ խորհրդարանի լուծարման հետեւանքով այն այդպես էլ չընդունվեց, եւ հիմա, հաշվի առնելով «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգությունը, նախագիծը քննարկվում է։

Սիսակ Գաբրիելյանի խոսքով՝ իրենք ունեն պատկերացումներ եւ մոտեցումներ, թե ինչպես հարցը լուծել, եւ կառավարության հրապարակած նշյալ նախագծում հիմնականում ներառված են այդ դիրքորոշումները։ Տիգրան Ավինյանը, որը ժամանակին հեղինակել էր այս նախագիծը, հայտարարեց՝ հրավառ նյութերի ներմուծման եւ գործածման հետ կապված սահմանափակումներ են լինելու․ «Այս նախագիծն առաջարկում է մասնավոր միջոցառումների ժամանակ առհասարակ արգելել հրավառ նյութերի օգտագործումը, իսկ ներմուծման համար սահմանափակումներ մտցնել։ Որոշ դեպքերի համար կան բացառություններ, օրինակ՝ համայնքային միջոցառումներ, մարզական հավաքներ, «Ֆրանկոֆոնիայի» միջոցառումներ եւ այլն։ Խոսքը ծնունդի եւ կնունքի մասին չէ, որոնց պատճառով շրջակայքի բնակչությունը կրակն է ընկել։ Սա է մեր տրամաբանությունը, եւ կան որոշ տեսակի հրավառ նյութեր, որոնց կիրառումն արգելված է առհասարակ։ Խոսքը նաեւ դրանց ենթատեսակների մասին է»։

Տիգրան Ավինյանի խոսքով՝ կան մասնավոր միջոցառումներ, որոնք տոներ չեն համարվում, բայց քաղաքային, համայնքային իրադարձություններ են, որոնց ժամանակ թույլատրելի կլինի հրավառությունը՝ համայնքի ղեկավարի թույլտվությամբ․ «Կազմակերպիչը պետք է դիմի համայնքապետարան։ Հուսամ՝ չենք խոսում ծնունդի, կնունքի, հարսանիքի մասին։ Եթե դրա մասին խոսենք, ապա մշակութաբանական տարբերություն կառաջանա։ Նախագծի ողջ իմաստը նրանում է, որ մասնավոր միջոցառումների ժամանակ հնարավոր չլինի կազմակերպել այնպիսի հրավառություններ, որոնք շրջակա միջավայրին անհանգստացնում են։ Անկեղծ, ես աշխարհի որեւէ քաղաքում կամ մայրաքաղաքում չեմ տեսել, որ մասնավոր միջոցառման ժամանակ լինեն այնպիսի հրավառություններ, որոնք մեր մոտ լինում են ձորի ռեստորաններում՝ ամեն օր։ Ամենայն հարգանքով ծնունդ ու կնունք կամ հարսանիք նշողների հանդեպ, բայց շրջակայքի բնակչությունը մեղք չի գործել, որ այդ օրն այդ մարդը ծնվել է (ժպտում է․հեղ․)։ Մնացած դեպքերում, եթե գիտենք, որ ռեստորանում եղել է հրավառություն, ապա տուգանքն այնպիսին է, որ ռեստորանին ձեռնտու չէ այդ հրավառությունը կազմակերպել։ Վստահեցնում եմ՝ հրավառությունների վաճառքի սահմանափակումներն ու խստացումները հենց մտցնենք, հարցը կտրուկ՝ 90%-ով լուծված է լինելու»։

Ավինյանը նաեւ վստահեցրեց․ «Էլ ոչ մեկ իր պատշգամբից մեգա-սալյուտ բաց թողնել չի կարողանալու։ Համայնքը թող կազմակերպի Նոր տարվա հրավառությունը։ Այդպես ավելի ճիշտ ու գեղեցիկ կլինի։ Բոլոր չափորոշիչները կան, բայց չեն աշխատում, եկեք ընդունենք դա։ Եկել ենք այսպիսի լուծումների, որովհետեւ նախկին բոլոր լուծումները չեն աշխատել։ Եկեք հասկանանք՝ ուզո՞ւմ ենք, որ մեկի ծնունդին կամ հարսանիքին շրջակայքի բնակչությունը՝ հինգ կմ-ի վրա, երեխաներով, ծերերով, որոնց քնելու ժամն է, վեր թռնեն ամեն անգամ․․․դրա հետ օքե՞յ ենք։ Եթե ոչ, եկեք ավելի խիստ դատենք։ Դա խանգարում է։ Չի կարող չխանգարել»։

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031