Երևան, 31 օգոստոսի, 2022թ.: Ս.թ. օգոստոսի 31-ին Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը (ՄԱՀՀԻ) հյուրընկալեց Քաղաքականության հետազոտական կենտրոնի փոխնախագահ, քաղաքագետ Արմեն Գրիգորյանին։ Քննարկման թեման «Հայաստան-Թուրքիա գործընթաց. տնտեսական չափումն» էր, որի ընթացքում արծարծվեցին տնտեսական խնդիրներ՝ կապված Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հնարավոր կարգավորման հեռանկարի հետ, ինչպես նաև քննարկվեց տնտեսական գործոնների հնարավոր ազդեցությունը գործընթացի տրամաբանության ու վերջնարդյունքի վրա։
ՄԱՀՀԻ ասոցացված և գործընկեր փորձագետների մասնակցությամբ քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի առջև ծառացած ներկայիս մարտահրավերներին, Թուրքիայի հետ հարաբերությունների փոփոխության պարագայում հավանական նոր մարտահրավերներին Հայաստանի արձագանքելու կարողություններին։ Ներկայացվել են նաև թուրքական քաղաքական դասի ու հասարակության տարբեր հատվածների ակնկալիքները և վերաբերմունքը Հայաստան-Թուրքիա բանակցային գործընթացին, այլ՝ Թուրքիայի համար կարևոր արտաքին քաղաքական գործոնների հնարավոր ազդեցությունն այդ գործընթացի վրա։
Քննարկման ընթացքում Արմեն Գրիգորյանը ներկայացրեց իր եզրակացություններն ու տպավորությունները՝ «Հրանտ Դինք հիմնադրամի» և Անկարայում տեղակայված Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի հրավերով մեկամսյա գործուղման ընթացքում կայացած տարբեր մասնագետների ու գործիչների հետ հանդիպումներից։
ՄԱՀՀԻ քննարկման մասնակից փորձագետների և բանախոսի կողմից կարևորվել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների տնտեսական բաղկացուցիչը հայկական քաղաքական դիսկուրսներում ներառելու անհրաժեշտությունը։
Կարդացեք նաև
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) լրատվական ծառայություն