Որևէ մեկը չպետք է զգա, որ ինքը մենակ է
Ավետիք Չալաբյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշման հրապարակումը հետաձգվեց անորոշ ժամկետով և առանց պատճառի։
Այն, որ ընդհանուր իրավասության դատարանի հանրահայտ դատավորը կարող էր մեկ շաբաթ ազատության մեջ գտնվող Ավետիք Չալաբյանի վերաբերյալ կալանավորման ապօրինի որոշում կայացնել, որևէ մեկին չզարմացրեց։ Բոլորն են ճանաչում դատավորին, և գիտեն, որ այս դեպքում նույնիսկ իշխանության հրահանգ անհրաժեշտ չէ, ամեն ինչ արվում է իշխանությանը գոհացնելու համար։
Սակայն վերաքննիչ դատարանի որոշումը՝ հետաձգել վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշումը, այն դեպքում, երբ նույնիսկ մեղադրանքը պաշտպանող դատախազները կալանք չեն պահանջում, խոսում է մեկ բանի մասին՝ դատավորը չի ստացել պատշաճ հրահանգները։
Կարդացեք նաև
Վերաքննիչ դատարանի որոշման պատճառն արդյոք այն չէ՞, որ հրահանգ իջեցնողը բացակայում է հանրապետությունից, գտնվում է Բրյուսելում։
Կարելի է հերթական անգամ մանրամասներով և հիմնավորումներով ներկայացնել Չալաբյանի գործի և կալանքի անհեթեթությունը, սակայն դատարանին դա վստահաբար չի հետաքրքրելու՝ մինչև հրահանգ իջեցնողի վերադարձը։ Եվ դատավորը շարունակելու է գործել այնպես, ինչպես կգործեր սովորական գրպանահատի դեպքում։
Մնում է միայն փաստել, որ Հայաստանում անորոշ ժամկետով և առանց բավարար հիմքերի ու պատճառաբանության հետաձգվել է արդարադատությունը։ Իսկ դա վտանգում է հանրային ներքին մթնոլորտը։
Իսկ քանի դեռ շարունակվում են անօրինականությունները, պետք է կազմակերպել հանրային լուրջ աջակցություն։ Ապօրինություններով անցնող որևէ մեկը չպետք է զգա, թե ինքը մենակ է։
Այլընտրանքային նախագծեր խումբ