Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի եզրափակիչ դիտարկումներում արձանագրվել են Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող մարդու իրավունքների կոպիտ խախտումները

Օգոստոս 31,2022 16:26

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը

ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի եզրափակիչ դիտարկումներում արձանագրվել են 2020 թ․ Արցախի դեմ ագրեսիայի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի կողմից իրականացվող մարդու իրավունքների կոպիտ խախտումների դեպքերը

Գոհունակությամբ ենք նշում, որ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայով Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի եզրափակիչ դիտարկումներում տեղ են գտել 2020 թ․ Արցախի դեմ ագրեսիայի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի կողմից իրականացվող մարդու իրավունքների կոպիտ խախտումների դեպքերը։

Կոմիտեի արձանագրած մտահոգությունները ազգությամբ և ծագումով հայերի նկատմամբ ռասայական ատելության հրահրումների ու ռասիստական կարծրատիպերի քարոզչության վերաբերյալ՝ այդ թվում Ադրբեջանի պետական պաշտոնյաների կողմից, ինչպես նաև պատշաճ հետաքննության բացակայությունը լավագույնս վկայում են այն մասին, որ Ադրբեջանում խտրական քաղաքականությունը իրականացվում է պետական մակարդակով։

Կոմիտեի կողմից մատնանշված մյուս բոլոր դեպքերը՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց մարդու իրավունքների կոպիտ խախտումները, այդ թվում արտադատական սպանությունները, խոշտանգումները, դաժան վերաբերմունքը և կամայական կալանավորումները, ինչպես նաև հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացումը իրականացվում են համաձայն Ադրբեջանի պետական խտրական քաղաքականությանը և որպես դրա շարունակություն։

Կոմիտեի կողմից ներկայացված դիտարկումները մաս են կազմում տասնամյակների ընթացքում Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվող Ադրբեջանի համակարգային և լայնածավալ խտրական քաղաքականությանը։ Պետական մակարդակով Ադրբեջանի խտրական քաղաքականության իրականացումը վկայում է, որ Արցախի ժողովրդի ընտրած ուղին և անկախ պետականության կառուցումը այլընտրանք չունեն։ Համոզված ենք, որ Արցախի միջազգային ճանաչումը հասունացել է՝ որպես մարդու իրավունքների կոպիտ խախտումների կանխարգելմանն ուղղված արդյունավետ միջոցների կիրառման վերաբերյալ միջազգային հանրության կողմից ստանձնած պարտավորության իրականացման դրսևորում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031