ԱՐՑԱԽՊՐԵՍ. «Ադրբեջանցի փախստականների վերադարձի» մասին բամբասանքները Իվանյան կամ Արցախի իշխանությունների վերահսկողության տակ գտնվող այլ համայնքներ իրականության հետ որևէ աղերս չունեն:
Այս մասին երեկ՝ օգոստոսի 30-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հայտարարել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը՝ հանրահավաքի մասնակիցների հարցերին ի պատասխան:
Պետական նախարարի խոսքով՝ Արցախի իշխանությունների օրակարգում ոչ միայն նման հարց չկա, այլև առաջնահերթ են մնում 2020թ.-ի պատերազմի հետևանքով հազարավոր տեղահանված քաղաքացիներին բնակարաններով ապահովելու և նրանց սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու հարցերը:
«Անընդունելի ենք համարում այս դժվարին ժամանակահատվածում հանրության շրջանում նմանօրինակ պառակտիչ ու սադրիչ բամբասանքների տարածումը: Առանց այն էլ ունենք բազմաթիվ չլուծված խնդիրներ, անվտանգային հարցեր, որոնց անցնցում լուծելու ողջ բեռն ու պատասխանատվությունն առաջին հերթին կրում են իշխանությունները: Բայց առկա մարտահրավերները հաջողությամբ հաղթահարելու համար պետք է բոլորս միասին կենտրոնացնենք մեր ուժերը, ընդունենք, որ միայն մեկս-մյուսի աջակցությամբ կարող ենք ապահովել մեր ազգային ու պետական շահերը»,- ասել է Ա. Բեգլարյանը: