Հայ-ադրբեջանական կարգավորման հարցում Բրյուսելի ձեռնարկած քայլերը պսևդո-նախաձեռնություններ են: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ինչ ակնկալիքներ կան այսօր Բրյուսելում սպասվող Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից:
«Ինչ վերաբերում է ԵՄ միջնորդությամբ ստեղծվելիք հիշատակված աշխատանքային խմբին (որի մասին ավելի վաղ հայտարարել էր պաշտոնական Բաքուն-խմբ.), այդ առումով մենք որևէ տեղեկություն մեր հայ կամ ադրբեջանցի գործընկերներից չենք ստացել: Ընդհանուր առմամբ մենք տեսնում ենք, որ ԵՄ ակտիվությունը Հարվային Կովկասում որոշվում է աշխարհաքաղաքական նկրտումներով: Մեր կարծիքով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու իրական ցանկությունների հետ դրանք որևէ կապ չունեն: Ես անգամ կասեի՝ որ դրանք եվրոպացիների պսևդո-նախաձեռնություններն են: Դրանք ավելի շատ նման են անբռնազբոսիկ կերպով միջնորդության դափնիները յուրացնելուն, որի տակ ոչ մի բան չկա: Մենք, որպես միջնորդ, աշխատում ենք, և այդ աշխատանքը հանգեցնում է կոնկրետ արդյունքների և կողմերի համապատասխան գնահատականներին: Իսկ նրանք, ովքեր իրենց միջնորդի տեղ են դնում՝ այդպիսին չլինելով, նրանք ոչ մի բան ունակ էլ չեն առաջարկել, բայց ցանկություն կա այստեղ էլ ցույց տալ ներգրավվածություն: Տպավորություն է, որ Բրյուսելն ընդհանրապես կորցրել է երկխոսությունների հմտությունները»,- ասել է Զախարովան:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ