Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմել ՄԱԿ և ԵԱՀԿ՝ Արցախում միջազգային խաղաղապահներ տեղակայելու խնդրանքով, ներկայացնել հայտ՝ ՀՀ ԵՄ անդամակցության թեկնածու կարգավիճակի մասին. Հայաստանի եվրոպական կուսակցություն

Օգոստոս 31,2022 13:08

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ (ՀԵՎԿ) ԿՈՉԸ՝ ԿԱՆԽԵԼ ՊԱՏՐԻԱՑԻԴՆ ԱՐՑԱԽՈՒՄ

1991 թ. սեպտեմբերի 2-ին ազգերի ինքնորոշման միջազգային իրավունքի համապատասխան հռչակվեց Արցախի հանրապետությունը։ Դա արցախահայության պատասխանն էր ԽՍՀՄ եւ Ադրբեջանի բռնապետական վարչակարգերի կողմից սանձազերծված պատերազմի, ցեղասպանության եւ հայրենազրկման քաղաքականությանը։ Այդ քաղաքականությունն ուղիղ շարունակությունն էր միջազգային օրենքը ոտնահարող եւ Սեւրի խաղաղ համաձայնագիրը չեղարկող ռուս-թուրքական հանցավոր պակտի, որը կնքվեց Լենինի եւ Քեմալի որոշմամբ 1921 թ. մարտի 16-ին Մոսկվայում։ Հենց այդ ապօրինի դավադրության արդյունքում հայկական Արցախը եւ Նախիջեւանը փոխանցվել էին սովետական Ադրբեջանին՝ Ստալինի ստորագրությամբ։

Մեկ դար անց Արցախի հայության ցեղասպանությունը եւ հայրենազրկումը կրկնվում է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի բռնապետների նոր դաշինքի՝ Պուտինի, Ալիեւի եւ Էրդողանի կողմից։ Ինչպես մեկ դար առաջ բոլշեւիկյան Ռուսաստանը եւ քեմալական Թուրքիան ոտնահարեցին միջազգային օրենքը եւ խախտեցին Սեւրի պայմանագիրը, այդպես էլ այսօր պուտինյան, ալիեւյան եւ էրդողանական բռնապետությունները փորձում են չեղարկել Արցախյան կարգավորման համար ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խումբը, մարտահրավեր նետելով ԱՄՆ եւ Ֆրանսիայի մասնակցությանը եւ արդար ու կայուն խաղաղություն հաստատելու նրանց ջանքերին։

Հայաստանի Եվրոպական կուսակցությունը շնորհավորում է Արցախի անկախության հռչակման 31-րդ տարեդարձը եւ հորդորում է ԱՄՆ եւ Ֆրանսիայի իշխանություններին վերսկսել Արցախի հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ոչ մի դեպքում չզիջելով Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ճնշմանը։ ՀԵՎԿ-ը համարում է, որ տարածաշրջանում հարատեւ խաղաղություն հաստատելու համար լավագույն, եթե ոչ միայն միակ միջոցն է՝ Արցախում միջազգային խաղաղապահների տեղակայումը եւ Արցախի հանրապետության ճանաչումը։

20-րդ դարի Հայոց Ցեղասպանությունը ճանաչած քաղաքակիրթ աշխարհը չպետք է թույլ տա 21-րդ դարում դրա կրկնությունը եւ արցախահայության հայրենազրկումը՝ Պատրիացիդը, որին այսօր ձգտում են հասնել Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի բռնապետները։

ՀԵՎԿ-ը կոչ է անում ՀՀ կառավարությանը անմիջապես դիմել ՄԱԿ եւ ԵԱՀԿ՝ Արցախում միջազգային խաղաղապահներ տեղակայելու խնդրանքով, ինչպես նաեւ ներկայացնել հայտ՝ ՀՀ Եվրոպական Միության անդամակցության թեկնածու կարգավիճակի մասին։

ՀԵՎԿ-ը հորդորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ եւ Ֆրանսիայի համանախագահներին անել ամեն ինչ՝ օր առաջ հայ ռազմագերիներին ադրբեջանական բանտերից ազատելու համար։

Մեր պայքարը՝ ժողովրդավարության համաշխարհային պայքարի մասն է ընդդեմ բռնապետության։ Ժողովրդավարությունը չի կարող զիջել ու պարտվել բռնապետությանը՝ ո՛չ Ուկրաինայում, ո՛չ Արցախում։

Հանու՛ն մեր եւ ձեր ազատության։

Հայաստանի Եվրոպական կուսակցություն (ՀԵՎԿ)

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031