Shamshyan.com. Երեկ՝ օգոստոսի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 25-ամյա Արման Սարգսյանը իր վարած Tesla մակնիշի ավտոմեքենայով Թումանյան փողոցի 1 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտն՝ Երևանի բնակիչ, 70-ամյա Մանանա Ասլամազյանին։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն և օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկներին ու փրկարարներին, որոնք վրաերթի ենթարկվածին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Այնուհետև վարորդը մոտեցել է նշված վայրում ծառայություն կատարող Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկներին և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը։
Երեկ, ժամը 20։20-ին հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության կենտրոնական բաժին, որ վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։
Վարորդը այնուհետև դեպքի վայրից ներկայացել է քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել, ապա տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր։
Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը «Ինտերնյուզ»-ի նախկին գլխավոր տնօրենն էր։
Լուսանկարը՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: