Հանրապետությունում սեպտեմբերի 25-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների նախնական պատկերն արդեն իսկ խոստանում է թեժ լինել: Ընտրություններ կանցկացվեն 18 համայնքում, որոնցից մեկը Լոռու մարզի Ալավերդի քաղաքն է։
Այստեղ համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել է 4 քաղաքական ուժ։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»՝ համայնքապետի թեկնածու Արեն Մկրտչյանով: Նկատենք, որ ՔՊ-ական պատգամավորը շուրջ մեկ տարի է՝ Ալավերդիում ավելի շատ է լինում, քան խորհրդարանում, եւ վաղուց է սկսել քարոզչությունը, կուսակցական հարթակն էլ ակտիվ լուսաբանում է նրա նախընտրական հանդիպումներն ու խոստումները։ ՔՊ-ն 81 հոգանուց ընտրացուցակ է ներկայացրել, ալավերդցիների կարծիքով՝ առաջին հայացքից բավականին անշառ, կարելի է ասել` համեստ կենցաղով ապրող մարդիկ են ընդգրկված, սակայն քաղաքում խոսում են, որ տեղի «խարոշիներն» իշխանության համար են «տասովկաներ» անում, ինչպես շատ համայնքներում։ Ցուցակի երկրորդ համարը՝ Դավիթ Ղումաշյանը, խոշորացված Ալավերդու մաս կազմող Շնող համայնքի ղեկավարն է, երրորդը՝ Լորա Սարգսյանը, բժիշկ է՝ ԽՍՀՄ ժամանակներում մետալուրգիական գործարանի ղեկավար Նորայր Սարգսյանի դուստրը, չորրորդը` Կարեն Ազարյանը, «Ախթալա ԲԿ»-ի տնօրենն է, հինգերորդը՝ Մանվել Ավագյանը, Ալավերդու մարզադպրոցի տնօրենը եւ այլն։
Հայտ է ներկայացրել նաեւ «Ապրելու երկիր» կուսակցությունը, որի ընտրացուցակը գլխավորում է Ախթալա համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը, որը մինչ այդ եղել է Ճոճկանի ղեկավարը՝ մի քանի անգամ վերընտրվել է գյուղապետի պաշտոնում: Կուսակցությունը 40 հոգանոց ավագանու ցուցակ է ներկայացրել եւ համարվում է իշխանական հիմնական մրցակիցը: Ի դեպ, այս ուժի ընտրացուցակը հիմնականում հարակից գյուղերի բնակիչներից է ձեւավորված, ալավերդցիներ գրեթե չկան, ու սա մտահոգում է քաղաքաբնակ շրջանակներին։
Ալավերդու մեր աղբյուրներն ասում են նաեւ, որ Արկադի Թամազյանն ընտրապայքարի մեջ է ներգրավել նաեւ հանրահայտ ճամբարափոխ, Ախթալայի նախկին քաղաքապետ (12 տարի ղեկավարել է քաղաքը ) Սուրեն Թամազյանին, ով գլխավորում է ՀՅԴ ցուցակը: Սրա նպատակը կարող է լինել հետընտրական կոալիցիայի սխեման խաղարկելը` եթե իշխանական թեկնածուն 50+ չհավաքի, կմիավորվեն ՀՅԴ-ն ու «Ապրելու երկիրը» եւ իշխանություն կվերցնեն: «Ապրելու երկիրը» պաշտոնապես հայտարարել է, որ որեւէ համայնքում ՔՊ-ի հետ կոալիցիա չի ձեւավորելու։
Կարդացեք նաև
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: