Երեքշաբթի երեկոյան ծանր և երկարատև հիվանդությունից հետո 92 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը։
Նա երիկամների հետ կապված խնդիրներ ուներ։
Գորբաչովը ղեկավարել է ԽՍՀՄ 1985 թվականից (սկզբում որպես ԽՄԿԿ քարտուղար)։ ԽՍՀՄ ղեկավարությունը Գորբաչովի գլխավորությամբ 1980-ական թվականների կեսերին, ձգտելով «նորոգել» խորհրդային ամբողջատիրական համակարգը, այն դուրս բերել քաղաքական և տնտեսական ճգնաժամից, հռչակել է, այսպես կոչված, «վերակառուցման» քաղաքականություն։ Սկզբնական շրջանում որոշակի հաջողություններ արձանագրվել են հրապարակայնության հաստատման, հասարակական կյանքի ժողովրդավարացման, քաղաքական բազմակարծության արմատավորման, «սառը պատերազմի» ավարտի և այլ ուղղություններով։ Սակայն այդ միջոցառումներով հնարավոր չի եղել կասեցնել երկրի տնտեսական և քաղաքական ճգնաժամը։
1980-ական թվականների վերջին և 1990-ական թվականների սկզբին հակասությունների խորացման, «վերակառուցման» իրագործման անհետևողականության, գործադրվող միջոցների սահմանափակության պատճառով հասարակական կյանքի բոլոր բնագավառներում ճգնաժամն ավելի է խորացել, և ԽՍՀՄ-ը փլուզվել է։
Կարդացեք նաև
«Վերակառուցման» քաղաքականությունը, մյուս կողմից, հնարավոր է դարձրել ԽՍՀՄ առանձին հանրապետություններում անկախացման և ազգային-ազատագրական շարժումների սկզբնավորումը։ ԼՂԻՄ-ի ազգաբնակչությունը, օգտվելով ստեղծված բարենպաստ պայմաններից, հերթական անգամ, 1988 թվականի փետրվարին բարձրացրել է ԼՂԻՄ-ը Հայաստանին վերամիավորելու հարցը։ Շարժման սկզբնական փուլում մեծ հույսեր կապելով Գորբաչովի հետ՝ համաժողովրդական ցույցերն անցնում էին «Միացում» և «Պարտիա-Լենին-Գորբաչով» կարգախոսներով։
1988 թվականի փետրվարի 21-ին ԽՄԿԿ կենտկոմը որոշում է ընդունել «Լեռնային Ղարաբաղի և նրա շուրջ իրադարձությունների մասին», դրանով ԼՂԻՄ մարզխորհրդի փետրվարի 20-ին ընդունած որոշումը հայտարարել հակասահմանադրական։ Միաժամանակ Հայաստանում և ԼՂԻՄ-ում հանրահավաքները դադարեցնելու նպատակով Գորբաչովը դիմել է հանրապետության ճանաչված մտավորականների օգնությանը։
Փետրվարի 26-ին տեղի է ունեցել Սիլվա Կապուտիկյանի և Զորի Բալայանի հանդիպումը Գորբաչովի հետ, որի ժամանակ վերջինս նշել է, որ ԼՂ-ի հիմնահարցի նման 19 խնդիր կա երկրում, ուստի պետք է ըմբռնումով մոտենալ այդ բարդույթին։ Ապա երկրի ղեկավարության ընդհանուր դիրքորոշումից ելնելով՝ Գորբաչովը ասել Է, որ հիմնահարցը պետք է լուծվի քաղաքական միջոցներով, ԼՂԻՄ-ի հայերի օրինական և արդար բաղձանքները պիտի բավարարում ստանան, սակայն առանց (ազգային) տարածքային վերաձևման, քանի որ այն կարող է շղթայական ռեակցիա առաջացնել երկրում․ «Մտածեք, թե ինչպիսին կարող է լինել ծավալվող հակամարտության հետևանքը։ Այն անխուսափելիորեն կբերի Ադրբեջանում ապրող 500 հազար հայերի և Հայաստանում ապրող 200 հազար ադրբեջանցիների տեղահանման։ Հսկայական թվով մարդիկ կմատնվեն զրկանքների ու տառապանքների»։
Հանդիպման հաջորդ օրը Զորի Բալայանը Գորբաչովի խնդրանքով ներկայացրել է ԼՂԻՄ-ին առաջին օգնության 21 կետից բաղկացած առաջարկությունների ցուցակ՝ մարզի ճանապարհների և բնակարանաշինության, եկեղեցիների վերանորոգման, Երևանի ռադիոհեռուստահաղորդումների ընդունման, հայերեն գրականության հրատարակման, Ստեփանակերտում հայկական համալսարանի բացման և այլնի մասին։
Փետրվարի 26-ին հրապարակվել է Գորբաչովի ուղերձը (հեռարձակվել է միայն Հայաստանում և Ադրբեջանում), որով հանդարտության կոչ է արվել Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին։ Սակայն հաջորդ օրն սկսվել և մինչև փետրվարի 29-ը շարունակվել են Սումգայիթում հայերի նկատմամբ կազմակերպված ջարդերը»։
1990-ին Միխայիլ Գորբաչովը ստացել է խաղաության Նոբելյան մրցանակ։