Լրահոս
Օրվա լրահոսը

Magna Carta, ոչ թե McDonald’s

Օգոստոս 31,2022 12:00

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ Ասիայի եւ Աֆրիկայի բազմաթիվ երկրներ ազատվեցին գաղութային լծից, Արեւմուտքում քաղաքական վերնախավի ներկայացուցիչները եւ տեսաբանները սկսեցին մտորել, թե ինչ պիտի լինի այդ երկրների (գումարած նաեւ Լատինական Ամերիկայի պետությունների) հետ: Որոշվեց, որ դա, այսպես կոչված, «Երրորդ աշխարհն» է, որը պետք է արդիականացնել՝ մոդեռնիզացնել: Այդ հարցում Արեւմուտքն ուներ լուրջ մրցակից՝ Խորհրդային Միությունը, որը նույնպես ցանկանում էր այդ երկրներն արդիականացնել, բայց այնպես, որ դրանք մտնեն իր՝ ԽՍՀՄ-ի ազդեցության տակ, կամ, ինչպես որ այն ժամանակ ձեւակերպվում էր, «կանգնեն սոցիալիզմ կառուցելու ճանապարհին»: Պետք է ասել, որ «Երրորդ աշխարհի» երկրները այս հարցում չոր պրագմատիզմ էին դրսեւորում: Մեկ՝ ձեւ էին անում, որ իրենց ուշքը գնում է մարքսիզմի համար, մեկ էլ ապացուցում էին, որ առանց շուկայական հարաբերությունների կյանք չունեն:

Մի կողմ թողնելով այդ հետաքրքիր թեման՝ արձանագրենք, որ 1960-ական թվականներին արդիականացման խնդիրը սկսեց լրջորեն քննարկվել Արեւմուտքում՝ քաղաքագետների կողմից: Նրանց ասածը հետեւյալն էր՝ արդիականացումը

ա/ ենթադրում է ուրբանիզացիա (քաղաքայնացում), սեկուլյարիզացիա (ապակրոնականացում) եւ վեսթերնիզացիա (արեւմտականացում) (խոստովանենք՝ այդ միջազգային եզրերի հայերեն թարգմանությունները փոքր-ինչ արհեստական են հնչում) եւ բ/ անշրջելի գործընթաց է:

Դեպքերի հետագա զարգացումը ցույց տվեց, որ այդ երկու կետերն էլ առնվազն կասկածելի են: Սկսենք երկրորդից, որի հերքումը վիճելի կդարձնի մնացած քայլերի արդյունավետությունը: Որ արդիականացումն անշրջելի չէ, ցույց է տալիս Աֆղանստանի օրինակը: Այդ երկրի արդիականացման համար երեսուն տարիների ընթացքում Արեւմտյան կոալիցիան ծախսել է տարբեր հաշվարկներով 2-3 տրիլիոն դոլար: Այդ գումարների զգալի մասը գնում էր, բնականաբար, աֆղանական պաշտոնյաների գրպանը: Բայց, եթե անգամ կոռուպցիան մի կողմ թողնենք, այդ պաշտոնյաները, ինչպես գրում է բրիտանական The Economist պարբերականը (2021թ., օգոստոսի 22-ի համարում), կառուցում էին «պոտյոմկինյան գյուղեր»՝ ամերիկացիներին ցույց տալու համար, բայց տակը ոչ մի արդիականացում չկար: Օրինակ, Քաբուլում կառուցվել էր արդարադատության նախարարության հսկայական շենք՝ բազմաթիվ բաժիններով եւ բազմամարդ բյուրոկրատիայով: Բայց դա զուտ բուտաֆորիա էր, միեւնույն է, ամեն ինչ լուծվում էր կլանային կապերով եւ «բախշիշով», ինչպես որ դա ընդունված էր դարեր շարունակ:

Հենց որ ամերիկացիները գնացին՝ ամեն ինչ շատ արագ փլուզվեց, եւ երբ «Կալաշնիկով» ինքնաձիգով զինված թալիբներն անցած տարվա օգոստոսի 11-ին մոտեցան մայրաքաղաքին, նորագույն ամերիկյան զենքերով զինված աֆղանական բանակը հանձնվեց: Գեներալները (նույն իրենք`կլանների առաջնորդները) գնացին իրենց գործերով, իսկ նախագահ Աշրաֆ Ղանին փախավ երկրից: Ի դեպ, ինչպես գրում է նույն The Economist-ը, նույնատիպ «պոտյոմկինյան գյուղեր» էին կառուցում 1970-ականների կեսերին Հյուսիսային Վիետնամի իշխանությունները:

Մի խոսքով՝ արդիականացումը (եթե դա հասկանում ենք որպես Արեւմուտքում կիրառվող միջոցառումների շարք) Աֆղանստանում անշրջելի չէր: Եվ հարց է ծագում՝ իսկ գուցե այդ երկրում ապրող ազգերին ու տարբեր ցեղախմբերին ոչ մի ուրբանիզացիա, սեկուլյարիզացիա եւ վեսթերնիզացիա պետք չէ՞: Եթե այդ մարդիկ ուզում են ապրել իրենց գյուղական համայնքներում, իրենց մոլլաներով եւ կյանքը կազմակերպել «բախշիշներով», ապա ինչի՞ համար էին պետք սկզբից Բրիտանիայի, այնուհետեւ՝ Խորհրդային Միության, իսկ վերջում՝ Միացյալ Նահանգների ջանքերը: Նյութական ներդրումները, որոնք արվել էին «Երրորդ աշխարհի» երկրներում, շատ դեպքերում չէին նպաստել ոչ տնտեսական զարգացմանը, ոչ էլ ժողովրդավարությանը, հակառակը՝ դրանց միջոցով իշխող վերնախավերը հարստանում էին եւ ամրապնդում իրենց իշխանությունը:

«Երրորդ աշխարհի» փորձը մեր՝ հետխորհրդային երկրների համար կիրառելի չէ ամբողջությամբ: Խորհրդային տարիներին ուրբանիզացումը եւ աշխարհականացումն արդեն իսկ տեղի էին ունեցել: Ուրիշ հարց՝ արդյոք այդ գործընթացների մասին կարելի՞ է խոսել միայն որպես դրական երեւույթի: Մասնավորապես, յոթանասուն տարվա աթեիզմը եւ դրա միջոցով դաստիարակած ցինիզմը արդյոք կարելի՞ է համարել արդիականացմանը նպաստող գործոններ: Արեւմտականցաման խնդիրն ավելի բարդ է, նայած թե ի՞նչ է դրա տակ հասկացվում: Եթե նկատի ենք ունենում Արեւմուտքի արտաքին դրսեւորումները, ապա այստեղ գոնե մեր՝ հայերիս, «նվաճումներն» անհերքելի են: Եթե խոսքն արեւմտյան ազատական արժեքների մասին է, ապա մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու: Ամերիկացի քաղաքագետ Սեմյուել Հանթինգթոնի դիպուկ ձեւակերպմամբ՝ «Արեւմտյան քաղաքակրթության էությունը Magna Carta-ն է, ոչ թե McDonald’s-ը»:

Ամբողջ խնդիրն այն է՝ արդյոք մենք ուզո՞ւմ ենք այդ խորքային, մշակութային իմաստով արդիականացմանն անցնել:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031