Լրահոս
Օրվա լրահոսը

Աղիքային վարակիչ հիվանդությունները տարվա տաք շրջանում ակտիվանում են

Օգոստոս 30,2022 22:55

Հայաստանում ներկայումս աղիքային վարակիչ հիվանդություններով պայմանավորված համաճարակային իրավիճակը հարաբերականորեն կայուն է, առկա է տարվա տաք շրջանին բնորոշ հիվանդացության բարձրացում: Հունիս-հուլիս ամիսներին արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդությունների սննդային գործոնով պայմանավորված 3 բռնկում, բոլոր դեպքերում բռնկումներն առաջացել են սննդամթերքի պատրաստման, պահպանման կանոնների, ինչպես նաև սանիտարահիգիենիկ ռեժիմի խախտումների պատճառով: Ջրային գործոնով պայմանավորված բռնկումներ չեն արձանագրվել:

Մշտապես իրականացվում է խմելու ջրի նմուշառում՝ որակի նկատմամբ լաբորատոր հետազոտությունների նպատակով։ Հունիս-օգոստոս ամիսներին Երևան քաղաքում իրականացված հետազոտությունների արդյունքում սահմանված նորմերից անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել։

Միաժամանակ, 2022 թվականի հունիս-օգոստոս ժամանակահատվածում նկատվում է հիվանդացության նվազում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ:

Հարկ է նշել, որ աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ է սեզոնայնությունը, հետևաբար հիվանդության դեպքերը, ինչպես նաև բռնկումներն ավելի հաճախ արձանագրվում են տարվա տաք շրջանում, երբ առկա են նպաստավոր պայմաններ աղիքային վարակների հարուցիչների բազմացման և տարածման համար:

Աղիքային վարակիչ հիվանդությունները տարածվում են ջրի, սննդի միջոցով, ինչպես նաև կենցաղակոնտակտային ճանապարհով: Աղիքային վարակների հարուցիչները մշտապես առկա են շրջակա միջավայրում, լավ պահպանվում են սննդամթերքի մեջ և բարենպաստ պայմաններում աճում և բազմանում են: Ամռանը լավ չլվացված մրգերը և բանջարեղենը, համապատասխան պայմաններում չպահված սննդամթերքը, ոչ ճիշտ պատրաստված ուտեստներն ավելի հաճախ են դառնում աղիքային վարակիչ հիվանդությունների բռնկումների և սննդային թունավորումների առաջացման պատճառ:

Աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններն են՝ լուծ, թուլություն, սրտխառնոց, փսխում, որոնք կարող են ուղեկցվել նաև ջերմության բարձրացմամբ, սննդային թունավորումների դեպքում կարող է լինել նաև գիտակցության մթագնում և կորուստ:

Նշված ախտանշանների դեպքում անմիջապես պետք է դիմել բժշկի, չզբաղվել ինքնաբուժմամբ, խուսափել հակաբիոտիկներ անհարկի օգտագործելուց:  Միաժամանակ պետք է նշել, որ աղիքային վարակներով հիվանդների վաղ հայտնաբերումը հնարավորություն է տալիս կանխելու վարակի տարածումը և բռնկումների առաջացումը:

Աղիքային վարակներից խուսափելու համար անհրաժեշտ է.

միրգը, բանջարեղենը, հատապտուղները, կանաչեղենն օգտագործել միայն հոսող մաքուր ջրով լվանալուց հետո,

սննդամթերքը և պատրաստի սնունդը պահպանել պատշաճ ջերմաստիճանային պայմաններում` սառնարանում,

գնումներ կատարելիս ընտրել թարմ` ոչ փչացած և ոչ ժամկետանց սննդամթերք,

չգնել փողոցներում, բացօթյա պայմաններում պատրաստվող և վաճառվող սննդամթերք,

սնունդը պատրաստելիս այն լավ եփել կամ տապակել, հետագայում դրանք պահել փակ տարաներում և սառնարանում,

հում և եփած սննդամթերքը պահել առանձին,

խստորեն հետևել անձնական հիգիենայի կանոններին. ձեռքերը լվանալ հաճախակի, իսկ անհնարինության դեպքում՝ ախտահանել ալկոհոլային հիմքով ախտահանիչով,

չօգտագործել կասկածելի ջուր, խմելու ջրի որակի փոփոխությունների (համը և հոտը փոխված, պղտոր) դեպքում ահազանգել ձեր տարածքը սպասարկող ջրամատակարարման համակարգը շահագործող կազմակերպությանը,

արգելել երեխաների լողը դեկորատիվ ջրավազաններում, գետերում և այլ ջրավազաններում, որոնք նախատեսված չեն լողի համար:

 

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031