Լրահոս
Օրվա լրահոսը

2023 թվականին նախատեսվում է որոշ ուսուցիչների աշխատավարձերի բարձրացում

Օգոստոս 30,2022 21:50

Այսօր Վանաձորում անցկացվեց նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին նվիրված օգոստոսյան խորհրդակցություն: Ներկա էին Լոռու մարզի կրթության ոլորտի մարզային պատասխանատուներ, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավարներ եւ այլք:

ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը խոսելով կամավոր ատեստավորման մասին, տեղեկացրեց, որ նախորդ տարի մեկնարկել է փորձնական կամավոր ատեստավորումը, որի համար հայտ էին ներկայացրել 1000 ուսուցիչներ: Նրանցից 400 ուսուցիչ այս պահի դրությամբ ստանում է հավելավճար:

Այս տարի Լոռու մարզից կամավոր ատեստավորման համար հայտ է ներկայացրել 314 ուսուցիչ. «Իհարկե, սա կարելի է բավարար համարել, բայց կխնդրեմ ձեզ հարգելի տնօրեններ, որ դուք էլ բացատրեք, ձեր ուսուցիչներին, որ կամավոր ատեստավորումն ունի միայն ուսուցիչներին խրախուսելու նպատակ: Եվ այն խոսակցությունները տարբեր հարթակներից, որ ինչ բացասական ձեւով են ներկայացնում այս գործընթացն իրականությանը չեն համապատասխանում: Գործընթացն ունի միայն մեկ նպատակ, դա բարձր մասնագիտական պատրաստվածություն ունեցող ուսուցիչներին խրախուսելն է: Իսկ այն ուսուցիչները, որոնք այդքան էլ վստահ չեն իրենց վրա մոտիվացնել, որպեսզի իրենք էլ ինքնակրթվելով, տարբեր վերապատրաստումների մասնակցելով մասնակցեն կամավոր ատեստավորմանը եւ օգտվեն այդ հնարավորությունից»:

Բաղդասարյանի խոսքով՝ կամավոր ատեստավորման արդյունքով նվազագույն շեմը հաղթահարած ուսուցիչների դրույքաչափը 108.800 դրամից դառնում է 200 հազար դրամ, որը լինելու է անփոփոխ:

Տեղեկացրեց նաեւ, որ 2023 թվականից սպասվում է եւս մեկ փոփոխություն՝ ուղղված ուսուցիչների աշխատավարձերի բարձրացմանը: Խոսքը վերաբերում է մինչեւ 100 աշակերտ ունեցող գյուղական դպրոցների բոլոր ուսուցիչներին հավելավճարի տրամադրմանը՝ անկախ կամավոր ատեստավորման եւ տարակարգի գործընթացից. «Այսինքն, հավելավճար են ստանալու այդ ուսուցիչները, եւ եթե կամավոր ատեստավորման են մասնակցել, որպեսզի տարակարգեր ունենան այդ հավելավճարը գումարվելու է այդ արդյունքներին: Երկրորդ նախաձեռնությունն այն է, որ ՀՀ բոլոր դպրոցների բնագիտական առարկաների բոլոր ուսուցիչներին եւս տրվելու է հավելավճար: Անկախ նորից կամավոր ատեստավորման եւ տարակարգի գործընթացից: Այսինքն, գյուղական մինչեւ 100 աշակերտ ունեցող բնակավայրի դպրոցի ուսուցիչն անկախ կամավոր ատեստավորման եւ տարակարգի գործընթացից` ունենալու է 2 հավելավճար, մեկը՝ որպես գյուղական դպրոցի ուսուցիչ, մեկը՝ որպես բնագիտական առարկայի ուսուցիչ»:

Բաղդասարյանը կարծում է, որ այս կերպ կարող են խթանել, որպեսզի երիտասարդների հետաքրքրությունը դեպի բնագիտական առարկաներ բարձրանա: Եվ ցանկություն ունենան բարձրագույն կրթությունը շարունակել հենց այս ոլորտերում:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031