Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ գրառումը Փաշինյանը 20 րոպեում խմբագրել է 3 անգամ՝ հակառակորդին տալով մանրամասն տեղեկություններ…ո՞նց կարող է նա մնալ ազատության մեջ». Էդգար Ղազարյանը՝ դատախազին

Օգոստոս 30,2022 19:33

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն այսօր գլխավոր դատախազության մոտ բողոքի ցույց էին կազմակերպել՝ պահանջելով ձերբակալել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանեն ասաց. «Մեզ համար դադարեց խաղաղության դարաշրջանն այն պահից, երբ հասկացանք, որ մեր տղաներին ծախել են, մեր հայրենիքը ծախել են դարավոր թշնամուն: Գրեթե ամեն օր այսօր ունենում ենք անմեղ զոհեր, տարածքների կորուստներ: Եթե ոչ մենք, ապա էլ ո՞վ պետք է լինի մեր տղերքի համար պահանջատերերը: Խնդրում եմ, մի հոգնեք, բոլորս մի մտքի շուրջ հավաքված մի ուժ ու բռունցք պիտի դառնանք, դավաճանին հեռացնենք ու պատասխանատվության ենթարկենք: Չեմ ուզում ասել, թե մենք՝ ծնողներս ինչ անասելի ցավ ենք զգում»:

Ելույթ ունեցավ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը: Նա ասաց, որ ուզում է Արթուր Դավթյանը նայի ծնողների աչքերի մեջ, ծանոթանա զոհված զինծառայողների ընտանիքների պատմությանը, նոր որոշում կայացնի՝ այդ պաշտոնից հետո ԲԴԽ նախագահի պաշտո՞նն է իր համար ստեղծելու կյանքի հարմարավետություն, բարեկեցություն, թե՞ հոգու հանգստությունը, որ ինքը՝ իբրեւ դատախազ, պարզապես գործել է իր պաշտոնական լիազորություններին համահունչ. «Ուզում եմ իմանալ՝ նա ի՞նչ իրավական գնահատական է տալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողություններին, որը պաշտոնը ստանձնելու հենց հաջորդ օրվանից հայտարարել է, որ ինքը իրավունք չունի բանակցել ԼՂ ժողովրդի անունից, այդ բանակցությունները չվարելու պատճառով տարել է այս ժողովրդին պատերազմի, բայց իրեն իրավունք է վերապահել ստորագրել նոյեմբերի  9-ի կապիտուլյացիայի փաստաթուղթը:

Ինձ հետաքրքրում է՝ եթե նա բանակցելու իրավունք չուներ, ապա ստորագրելու իրավունքը նա որտե՞ղ է ձեռք բերել, նա գործել է իր պաշտոնական լիազորությունների շրջանակներո՞ւմ, թե՞ չարաշահել է իր պաշտոնական լիազորությունները: Ես ուզում եմ դատախազը նայի այս մարդկանց աչքերին եւ պատասխանի՝ երբ հոկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնվել է Արցախի ՊԲ հրամանատարական կետում, որտեղ ինքը գտնվելու իրավունք չուներ եւ ծանոթացել է պլանավորվող ռազմական գործողությունների մանրամասներին եւ նույն օրը Երեւան վերադառնալուց անմիջապես հետո ֆեյսբուքում գրառում է կատարել եւ հակառակորդին հուշել է պլանավորվող ռազմական գործողությունը՝ կոնկրետ անվանումով հուշելով դրա ողջ մասշտաբներն ու աշխարհագրությունը եւ դա եղել է ռազմաճակատի այն հատվածում, որն ամբողջ 44-օրյա պատերազմում եղել է միակ ճեղքումն ադրբեջանցիների, որտեղից նրանք մտել են մեր թիկունք եւ հասել Շուշի: Այդ  գրառումը նա 20 րոպեում խմբագրել է 3 անգամ՝ հակառակորդին տալով մանրամասն տեղեկություններ: Միայն այդ օրը զոհվել է 800 մարդ: Հայ ժողովրդի պատմության մեջ դեռեւս չի եղել մի օր, որ ծնված լինի 800 տղա, բայց եղել է մի օր, որ զոհվել է 800 երիտասարդ: Եվ ո՞վ կարող է ասի, որ դա դիտավորություն չի: Իսկ եթե դա դիտավորություն է, ո՞վ պիտի տա դրա պատասխանը: Այս մարդիկ հասկանում են, որ իրենց երեխեքը սպանվել են այդ պատերազմում»:

Էդգար Ղազարյանի համար անհասկանալի է, եթե դատախազությունը գործ է հարուցել այն մարդու հետ կապված, որը 200 դոլարի դիմաց հակառակորդին տեղեկություններ է տրամադրել, ապա ինչո՞ւ գործ չի հարուցում Փաշինյանի նկատմամբ, որը հակառակորդին հանձնել է ականապատման քարտեզները, ընդ որում, այդ հանցանքը կրկնել երկու անգամ՝ պատճառաբանությամբ, թե իբր դա անում է գերիների վերադարձի համար. «Գերիները շարունակում են մնալ ադրբեջանական բանտերում, կրում են զրկանքներ, բայց թշնամուն փոխանցվել են ռազմական բնույթի հույժ գաղտնիք հանդիսացող տեղեկություններ՝ մի քանի 100 մլն դոլար արժեքով: Ո՞նց կարող է այդ հանցագործությունը կատարած  մարդը մնա ազատության մեջ: Սա այն դաշտերի քարտեզներն են, որոնք հնարավորություն են տվել թշնամուն նոր դիրքավորում ունենալ եւ նոր ռազմական գործողություններ սկսել Արցախի եւ Հայաստանի դեմ՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելուց հետո: Ի՞նչ են սրանք, եթե ոչ հանցանքի փաստեր: Սա դեռ մեր իմացածն է՝ ըստ մամուլի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031