Այսօր գլխավոր դատախազության մոտ բողոքի ցույց էին անում 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները: Հիշեցնենք, որ վարչապետ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել էր, թե նույն վիճակը կարող էինք ունենալ՝ առանց զոհերի: Այդ հայտարարությունից հետո ծնողները դիմել են դատախազություն՝ միտումնավոր սպանդի կազմակերպման դեմ բողոքով՝ պահանջելով անհապաղ ձերբակալել Փաշինյանին:
44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այսօր նույն պահանջով են եկել. «Արթուր Դավթյանի ժամկետը լրանում է մոտ օրերս եւ նրան ուզում ենք վերջին շանս տալ՝ փրկելու իր պատիվը, իր ընտանիքի պատիվը, որպեսզի դավաճանի խարանը չկրի նրա ու նրա սերունդների ճակատին: Նա վերջապես պետք է կայացնի այդ կարեւոր որոշումը ու կասեցնի մեր պետության շարունակական կազմաքանդումը»: Ծնողները համոզված են, որ եթե գլխավոր դատախազն այդ որոշումը կայացներ հենց ապրիլին՝ 4 ամիս առաջ, շատ արհավիրքներից հնարավոր կլիներ խուսափել:
Հիմա նրանք Դավթյանին փորձում են տալ վերջին հնարավորությունը՝ ասելով, որ եթե մտածում են՝ պաշտոնից ազատվելով՝ պատասխանատվությունից ազատվելու են՝ սխալվում են:
Նաիրա Մելիքյանը հայտարարեց, որ իր թիվ մեկ ցանկությունն է Նիկոլ Փաշինյանին տեսնել Ադրբեջանի բանտում. «Այն աներեւակայելի ցինիզմը, սադիզմը, որով նա խոսում է գերիների մասին եւ այսպես կոչված կաբինետից այդ Ալեն Սիմոնյանը, որը պիտակավորում է գերիների ծնողներին եւ նրանց անվանում է ըստ էության դասալիքների ծնողներ, ես ցանկանում եմ, որ նրանք տասնյակ տարիներ ադրբեջանական բանտերում անցնեն այն ամենի միջոցով, ինչի միջով անցել են մեր երեխաները»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ