Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրավական առումով այլ ելք, քան մեր բողոքը բավարարելը, չենք տեսնում»․ Ավետիք Չալաբյանի պաշտպան

Օգոստոս 30,2022 17:46

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, վերաքննիչ քրեական դատարանն այսօր հեռացավ խորհրդակցական սենյակ՝ «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանին կալանավորելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերված բողոքի առնչությամբ որոշում կայացնելու․ այն հրապարակվելու է վաղը։

«Չի եղել իրավիճակ, երբ մեղադրողն ու պաշտպանական կողմը միաժամանակ պնդեն, որ կալանավորումն անիմաստ փախանման միջոց է Ավետիք Չալաբյանի հանդեպ»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ավետիք Չալաբյանի պաշտպաններից Վարազդատ Հարությունյանը՝ շեշտելով, որ առաջին ատյանի դատարանի՝ Չալաբյանին կալանավորելու որոշումը պատճառաբանված չէ։

Նա նշեց՝ վերաքննիչ քրեական դատարանի դատավորն այսօր պաշտպանական կողմին հարցրել է՝ վերաքննիչ դատարանը կարո՞ղ է պատճառաբանել չպատճառաբանված դատական ակտը․ «Ըստ օրենքի՝ այո, եթե կան փաստական հանգամանքներ, բայց Մնացական Մարտիրոսյանի դատական ակտում փաստական հանգամանքներ չկան։ Նա չի մատնանշել, որովհետեւ չկա։ Ուստի վերաքննիչն այդ ի՞նչ փաստական հանգամանքներ պետք է հաշվի առնի։ Իրավական առումով այլ ելք, քան մեր բողոքը բավարարելը, չենք տեսնում։ Բայց եւ չենք մոռանում այն իրականությունը, որում ապրում ենք»։

Վարազդատ Հարությունյանը նաեւ ասաց, որ քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է՝ կալանքից ազատվածին նորից կալանավորելու համար պետք է նոր հիմք, ինչն Ավետիք Չալաբյանի դեպքում չի եղել, եւ սա իրենց փաստարկներից մեկն է։

Հիշեցնենք, որ «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը մեղադրվում է 2022թ․-ին Դիմադրության շարժման ժամանակ երկու կամ ավելի անձանց, տվյալ դեպքում՝ ուսանողներին, հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար։ Նրա պաշտպանական թիմը հայտարարել է. «Մեղադրանքի հիմքում դրված է ընդամենը մեկ մոնտաժված և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով անթույլատրելի համարվող ձայնագրություն, որում Ավետիք Չալաբյանը հավաքներին մասնակցելու նպատակով նյութական շահագրգռվածություն առաջարկելու վերաբերյալ որևէ պնդում չի անում: Հակառակը, ի պատասխան ակնհայտ պրովոկացիա իրականացնող զրուցակից Թոռնիկ Ալիյանի հարցադրումների, պատասխանում է, որ «կյանքում կան ոչ նյութական արժեքներ, որոնք ավելի կարևոր են»։ Ալիյանն առերես հարցաքննության ժամանակ պնդել է, որ Ավետիք Չալաբյանը երբեք իրեն գումար կամ այլ նյութական շահ չի առաջարկել հավաքներին մասնակցելու համար։ Չկա որևէ ցուցմունք, այդ թվում՝ Թոռնիկ Ալիյանի, որով շոշափվում է նյութական շահագրգռվածության հասցեատեր որևէ երկրորդ անձի անուն»։

Հատկանշական է, որ կալանքի ժամկետը լրանալուց հետո մեղադրող կողմն այն երկարաձգելու միջնորդություն չէր ներկայացրել եւ առաջարկել էր ազատության համար գրավ կիրառել, սակայն առաջին ատյանի դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը վերջերս որոշել էր երեք ամսով կալանավորել Ավետիք Չալաբյանին։

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031