ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը Վաղարշապատ համայնքի Զվարթնոց թաղամասում այսօր ներկա է գտնվել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գրիգորյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի բացմանը, որին հերոս հայորդու ծնողների և հարազատների հետ մասնակցել են նաև առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանը, Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը և այլք։
Արարողության մեկնարկին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախյան պատերազմում զոհված հայորդիների անմար հիշատակը, ապա Էջմիածին քաղաքի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտակ ավագ քահանա Սիմոնյանի ձեռամբ տեղի է ունեցել նորաբաց հուշարձանի օծումը:
Ողջունելով հիշատակի միջոցառման մասնակիցներին և իր զորակցությունը հայտնելով Գրիգորյանների ընտանիքին՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը կարևորել է օրվա նշանակությունը և ընդգծել, որ Մխիթար Գրիգորյանի հարազատ բակում կանգնեցված խաչքարն այսուհետ ապահովելու է նրա հավերժ ներկայությունը:
«Մխիթարը և իր մարտական ընկերներն իրենց կյանքը զոհել են Մայր հողի կանչով՝ թողնելով հավերժության և փառքի ուղի: Իսկ մեզ պարտավորեցրել են մեր աշխատանքով և նվիրումով արժանի լինել իրենց գործած սխրանքներին»,-ամփոփելով իր խոսքը՝ ասել է մարզպետը:
Կարդացեք նաև
Նշենք, որ Մխիթար Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
ՀՀ Արմավիրի մարզպետարան