ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ օգոստոսի 26-29-ը Ծաղկաձորում անցկացվել է «Հաշմանդամային սպորտի 2022 թվականի հանրապետական մարզական խաղեր» մարզական միջոցառումը, որին շուրջ 90 մարզիկ և մարզուհի է մասնակցել Երևանից, ՀՀ մարզերից և Արցախից:
Մարզական խաղերի մասնակիցներն ուժերն են չափել պարապաուերլիֆտինգ, պարաբազկամարտ, պարահրաձգություն, գնդի և սկավառակի նետում, դարձ, շաշկի և շախմատ մարզաձևերում:
«Ծաղկաձոր-2022» հաշմանդամային սպորտի մարզական խաղերն առաջին անգամ էին անցկացվում պետական աջակցությամբ: Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանի խոսքով՝ մարզական խաղերի շուրջ 20 մասնակից հաշմանդամություն է ձեռք բերել Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում, և, առհասարակ, խաղերի մասնակիցների 35-40 տոկոսը եղել է զինհաշմանդամ. «Խաղերն իսկապես շատ լավ անցան: Բոլոր մարզիկների մոտ էլ նախորդ մրցումների համեմատ կար բավական մեծ աճ և առաջընթաց: Հոգեբանական առումով էլ մասնակիցները շատ ազատ էին, շփվող: Կարևորում եմ նաև Արցախյան վերջին պատերազմում հաշմանդամություն ձեռքբերած մարզիկների ինտեգրումը, որը շատ հարթ ընթացավ: Բացի բուն խաղերից՝ եղան նաև ժամանցային ծրագրեր, շփումներ ու զրույցներ: Ամեն ինչ շատ լավ անցավ»,- ասում է Սարգիս Ստեփանյանը:
«Ծաղկաձոր-2022» հաշմանդամային սպորտի մարզական խաղերի հաղթողներն ու մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները պարգևատրվել են մեդալներով, դիպլոմներով և գավաթներով:
Կարդացեք նաև
Նշենք՝ Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ և ԿԳՄՍՆ աջակցությամբ սեպտեմբերին Երևանում կանցկացվի Հայաստանի պարապաուերլիֆտինգի պաշտոնական առաջնությունը, իսկ հոկտեմբերին ֆեդերացիայի մարզիկները կմասնակցեն Թուրքիայի Անթալիա քաղաքում կայանալիք Եվրոպայի բազկամարտի առաջնությանը:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ