Օգոստոսի 30-ին` 2022-2023 թթ. ուսումնական նոր տարեշրջանին ընդառաջ, Սուրբ Գայանե վանքում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ կրթության մշակների օրհնության կարգ: Կրթական ոլորտի երախտավորների օրհնության ավանդության սկիզբը դրվել է 2010 թվականին:
Արարողությանը ներկա էին ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, կրթական կառույցների ներկայացուցիչներ, ԲՈՒՀ-երի ռեկտորներ, մարզային կրթության վարչությունների ղեկավարներ, ՀՀ մի շարք դպրոցների տնօրեններ և մանկավարժներ:
Oրհնության կարգի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց կրթության ոլորտի երախտավորներին` նշելով, որ այսօր նրանց համար հավատքի վերանորոգության, մեր սուրբ հայրերի հոգեմտավոր վեհ գործի հանդեպ հավատարմության վերահաստատման և ուխտի օր է։
Կարդացեք նաև
«Աստվածահաճո և գովարժան է ձեր աշխատանքը, սիրելի՛ մանկավարժներ, կրթական գործի սիրելի մշակներ, քանզի հակառակ ժամանակի բազում խոչընդոտներին և դժվարություններին՝ անմնացորդ սիրով և անօրինակ նվիրումով շարունակում եք մեսրոպաշունչ ձեր առաքելությունը՝ հավատալով գիտելիքի ուժին, աշխարհը վերափոխող ու գեղեցկացնող կրթյալ, բանիմաց և առաքինի անհատների պատրաստության կարևորությանը»,–ասաց Ամենայն Հայոց Հովվապետը՝ հորդորելով կրթության մշակներին ամենայն պատասխանատվությամբ և բարձր գիտակցությամբ շարունակել իրենց առաքելությունը, ներշնչող և խանդավառող օրինակ լինել սաների համար և հայորդիների մեջ սերմանել սեր միմյանց հանդեպ, բարու և արդարության հանդեպ, կրթել աստվածպաշտության և հայրենասիրության ոգով։
Նորին Սրբությունը հաստատեց, որ Հայոց Եկեղեցին հոգեփրկչական իր ծառայությանը համընթաց շարունակելու է ազգապահպան առաքելությունը հայ ժողովրդի կյանքում՝ Հայաստանում, Արցախում և սփյուռքի բոլոր համայնքներում մշտապես զորավիգ լինելով նաև կրթօջախներին, մանկավարժներին և կրթական բարեփոխումներին, որոնք ուղղված կլինեն կրթելու և դաստիարակելու ազգային ինքնության բարձր գիտակցությամբ և բարոյական ամուր նկարագրով սերունդներ։
Ինքնության ու ազգային դիմագծի պահպանման գործում կարևորելով ժամանակին համահունչ կրթությունն ու ազգային, հոգևոր դաստիարակությունը՝ Ամենայն Հայոց Կաթողիոսն ընդգծեց. «Այս հաստատ համոզումով է դարերի հոլովույթում Հայոց Եկեղեցին կյանքի կոչել կրթադաստիարակչական իր առաքելությունը՝ բյուրեղացնելով մեր ժողովրդի հոգին, որը մշտապես բաց է եղել աշխարհի առաջ, բայց միևնույն ժամանակ կառչած իր հավատքին ու նախնյաց ավանդներին։ Նույն առաքելությանն է կոչված նաև ժամանակի փորձությունները հաղթահարած «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան, որն անկախությունից հետո կրթական ասպարեզի ամենակարևոր ձեռքբերումներից է՝ ազգօգուտ բարի պտուղը Եկեղեցի-պետություն գործակցության և հետևողական բազմամյա աշխատանքի։ Առարկայի միջոցով ջամբվող արժեքները բոլոր ժամանակներում եղել են մեր ժողովրդի գոյության և հարատևության հենասյունը, երբեմն աներևույթ, սակայն մշտապես ամուր և անխորտակելի պատվարը ազգային ինքնագիտակցության։ Այս առարկայի ամբողջական դասավանդումը հանրակրթական դպրոցներում, ազգային կրթության պարտադիր տարրի պատշաճ ապահովումը բարձրագույն կրթության մեջ պետք է դառնան ամենքիս և հատկապես՝ հայրենի պետության հոգածության առարկան, եթե կամենում ենք ունենալ իրական արժեքներով սնուցվող անկախ պետականություն, կառուցել մեր նախնիների երազած շեն ու հզոր հայրենին, որի զավակները հասակ կառնեն հոգեմտավոր մեր ժառանգության համակարգային իմացությամբ և ճանաչողությամբ։ Միմիայն այս ճանապարհով կկարողանանք պահպանել ազգային մեր դիմագիծը և երաշխավորել ազգիս երթը դեպի նոր հազարամյակներ»։
Վերջում Նորին Սրբությունը, կրթության մշակներին մաղթելով բարի, խաղաղ և պտղաբեր ուսումնական նոր տարի, հայցեց Երկնավորից, որ այն դառնա հաջությունների և նորանոր ձեռքբերումների ժամանակաշրջան, որպեսզի Տիրոջով զորացած՝ անսպառ եռանդով, նվիրումով և պատասխանատվությամբ շարունակեն լուսավորել, կրթել և դաստիարակել մեր ժողովրդի զավակներին։
Արարողության ավարտից հետո ի պատիվ հրավիրյալների տեղի ունեցավ ընդունելություն:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին