Aravot.am–ի տեղեկություններով` օգոստոսի 25-ին ոստիկանության Տավուշի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը թույլ է տվել պաշտոնական դիրքի չարաշահում։ Նա չի կանխել որդու՝ Անուշավան Մանուչարյանի կողմից Բերդ քաղաքում գտնվող և իրեն պատկանող մոտ 240 քմ մակերեսով եռահարկ առանձնատան, շինության, ինչպես նաև հողամասի շրջագծով կառուցված մոտ 3 մ բարձրության հենապատի ինքնակամ կառուցելու գործընթացը:
Այսպիսով Հ.Մանուչարյանը 2015-2016թթ. հանդիսանալով Բերդ համայնքի ղեկավար և օժտված լինելով Բերդ համայնքի տարածքում իրականացվող ինքնակամ շինարարությունները կանխելու պարտադիր լիազորություններով, համապատասխան քայլեր չի ձեռնարկել որդու կողմից իրականացված ապօրինի շինարարությունը կանխելու ուղղությամբ։ Անուշավան Մանուչարյանի նկատմամբ վարչական տույժ չի կիրառել, ինքնակամ շինությունը կադաստրի կոմիտեում գրանցելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկել, ինչի արդյունքում Բերդի համայնքապետարանի բյուջե չի վճարվել զգալի չափով գումար:
Հարություն Մանուչարյանի պաշտպան՝ փաստաբան Արման Թամրազյանը Aravot.am –ի հետ զրույցում նշեց, որ այս գործով դեռևս մեղադրանք չի առաջադրվել իր պաշտպանյալին։
«Բացառում եմ լիազորությունների չարաշահման փաստը Հարություն Մանուչարյանի կողմից, սակայն չեմ բացառում, որ քրեական վարույթ նախաձեռնված լինի այս գործով։ Եթե Հարություն Մանուչարյանը թույլ տար պաշտոնական լիազորությունների չարաշահում, ապա գործը պետք է ուղարկվեր ոչ թե ՀՀ ՔԿ Բերդի քննչական բաժին, այլ հակակոռուպցիոն կոմիտե։ Ընդհանուր առմամբ մեզ համար զարմանալի չեն նման գործողությունները», – նշեց Թամրազյանը։
Կարդացեք նաև
Հավելենք, որ սեպտեմբերի 25-ին ՀՀ 18 համայնքում ՝ այդ թվում Տավուշի մարզի Բերդ համայնքում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ։