Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Սուրմալու»–ում հայտնաբերված խախտումները ամենաժամանակակից առեւտրային կետում էլ հնարավոր չէ չհայտնաբերվեն. փաստաբան

Օգոստոս 30,2022 15:40

Օգոստոսի 14-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի դեպքով հարուցված քրեական վարույթով մեղադրյալ Վարդան Մանուկյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը: Դատարանը մերժել է կալանքի վերաբերյալ դատախազի միջնորդությունը, Վարդան Մանուկյանը՝ «Սուրմալուի» փոխտնօրենն ազատության մեջ է:

Պայթյունի դեպքով նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 357 հոդվածի 2-րդ մասով (հակահրդեհային կանոնների խախտումը) : Այս նույն հոդվածով եւս մեկ մեղադրանք է առաջադրվել Մանուկյանին՝ տոնավաճառում անցած տարեսկզբին տեղի ունեցած հրդեհից հետո:

Կարեն Բատիկյան

«Ես՝ դատախազին հարց ուղղելով, խնդրեցի պարզաբանել մեղադրանքի էությունը. հակահրդեհային որ կանոնն է խախտվել: Ամբողջ աշխարհը գիտի, որ տոնավաճառում պայթյուն է եղել ու ըստ հիմնավոր ապացույցների՝ սալյուտների պահեստից է պայթյունը եղել: Իսկ պայթյունն ու հրդեհը իրարից տարբեր բաներ են: Դատախազը չկարողացավ հարցս պարզաբանել: Դատախազը նաեւ պնդում էր, որ պաշտպանյալս է թույլատրել, որ սալյուտները բերեն, պահեստում դնեն, բայց ինքն այստեղ թույլատրող չէ, ինքը նույնիսկ կարող էր չիմանալ՝ այդ պահեստում ինչ ապրանք են դնում: Երբ դատախազին հարցրի՝ թույլ տալն ինչ փաստական հանգամանքներով, ինչ ապացույցներով է հիմնավորված, պատասխանեց՝ նման ապացույցներ չունեն: Ասաց՝ ինքը պարզապես չէր կարող չիմանալ այդ մասին, այսինքն՝ ենթադրությունների մակարդակում է խոսքը: Քրեական դատավարության օրենսգրքում սա չփարատված կասկած է որակվում ու մեկնաբանվում է հօգուտ մեղադրյալի: Իմ կարծիքով մեղադրանքի որոշումը շատ թույլ էր, հիմնավոր չէր»,- Aravot.am-ին ասաց Վարդան Մանուկյանի պաշտպան Կարեն Բատիկյանը:

Ով էր պատասխանատու տեսչական մարմնի կողմից դեռ անցած տարի հայտնաբերած խախտումների վերացման համար ու ինչքանով էին դրանք վերացվել, մեր զրուցակիցը այս հարցի շուրջ շարունակեց ներկայացնել տվյալներ. «Մինչեւ 2021 թվականի նոյեմբերը ժամկետ էին տվել խախտումները վերացնելու համար, հաշվեցինք՝ արձանագրված խախտումների 16 կետից մոտ 8 կետն արդեն բավարարվել էր: Ֆինանսական լուրջ ներդրումներ էին արված: Մալուխներ են ձեռք բերել, կրակմարիչներով են ապահովել, նիտրանտն են տեղադրել ու մի շարք խախտումներ վերացրել են: Ինչ վերաբերում է բացահայտված խախտումներին՝ կրակմարիչների քանակը բավարար չէ, նիտրանտ սարքավորումը բացակայում է, հոսանքալարերը օդով են գնում եւ այլն,սրանք տեխնիկական բնույթի խախտումներ են: Այն խախտումներն են, որ ամենաժամանակակից առեւտրային կետում ստուգում եթե իրականացնեն, հնարավոր չէ, չհայտնաբերեն:

Հիմա, երբ շատ է շահարկվում օբյեկտի գործունեությունը դադարեցնելու հարցը, մեջբերեմ այդ տեսչական մարմնի ծառայողներից մեկի նախաքննական ցուցմունքը: Հարցաքննության ժամանակ տեսչական մարմնի ծառայողը, պատասխանելով քննիչի հարցին՝ արդյոք այդ խախտումներն այն բնույթի չէին, որ հայտնաբերվելուց հետո միանգամից գործունեության դադարեցման որոշում կայացվեր, այդ ծառայողը պատասխանել էր՝ խախտումներն այնքան պայթունավտանգ պետք է լինեն, որ նման որոշում կայացվեր: Ասել էր՝ եթե նման բան լիներ, միանգամից կդադարեցվեր, բայց չկար նման պայթունավտանգ խախտում: Այդ որոշում կայացնելը շատ դժվար է, որովհետեւ այնտեղ 500 տնտեսվարող է աշխատում: «Սուրմալու» տոնավաճառը խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում է 288-րդ տեղում: Իսկ 500 տնտեսվարողը միասին 14 միլիարդ դրամ հարկ են վճարում»:

Ինչից են դժգոհում տոնավաճառի վարձակալները: Նրանց դժգոհությունները փաստաբանը համարում է անհիմն. «Առեւտրի կազմակերպումը ինչ է իրենից ներկայացնում, կահավորում ես տարածքը՝ լույս, գազ, ջուր եւ հանձնում վարձակալին: Վարձակալության պայմանագրի մեջ նշված է հետեւյալ կարեւոր ձեւակերպումը, որ հակահրդեհային, սանիտարահիգիենիկ եւ պահպանության պարտավորությունը կրում է վարձակալը: Այսինքն՝ ոչ թե վարձատուն: Դա քաղաքացիական օրենսդրության դրույթ է, որը նաեւ տեղավորված է ներկայացված նորմատիվ իրավական ակտերի մեջ»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031