Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս նախագծով ընտանիքներում համերաշխությունն է խարխլվելու, երեխան ծնողին ասելու է՝ բա դուք ինչի՞ համար եք, հարեւանի տղեն 60 հազարով փրկվեց»․ Սաքունց

Օգոստոս 30,2022 14:48

«Պատգամավոր Արմեն Խաչատրյանի ասածն ուղղակի խոստովանություն է, որ իրենք անզոր են կոռուպցիայի դեմ պայքարելու, խոստովանում է՝ կա այդ երեւույթը, եւ իրենք անզոր են»,-այս մասին այսօր «Մեդիա կենտրոն»-ում հրավիրված քննարկմանն ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն՝ անդրադառնալով 24 մլն դրամի դիմաց զինծառայության ժամկետը կրճատելու մասին նախագծի մասին «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր, խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանի մեկնաբանությանը։

Հիշեցնենք ՊՆ-ն շրջանառության մեջ է դրել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է 24 մլն դրամ վճարելու դիմաց ժամկետային զինծառայության ժամկետը կրճատել մինչեւ 4,5 ամիս։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է՝ նշված գումարի չափը նախատեսվել է նաեւ այն տրամաբանությամբ, որ մեկ պարտադիր զինծառայողի փոխարեն 5 տարի ժամկետով հնարավորություն է ընձեռվելու պայմանագրային զինծառայողին հաշվարկել մինչև 400.000 դրամ ամսական վարձատրություն, ինչը արհեստավարժ զինվորական ծառայության համակարգ ներդնելու մոտիվացիոն կարեւորագույն բաղադրիչ է։

Արմեն Խաչատրյանն այս նախագծի վերաբերյալ ասել է․ « 4,5 ամիսը եւս ծառայություն է, եւ այդ քաղաքացիները համարվելու են պահեստազորայիններ ու անհրաժեշտության դեպքում ռազմական գործողությունների ժամանակ, նրանց կարող են կրկին ծառայության կանչել, եւ մենք կունենանք լավ վարձատրվող պայմանագրայիններ, նաեւ մարդիկ զարտուղի ճանապարհներ չեն գտնի բանակից ազատվելու։ Գաղտնիք չէ, որ ամեն ինչ անում են, որպեսզի հիվանդություններ ինչ-որ վերագրեն իրենց երեխաներին, կամ կոռուպցիոն դրսևորումներով բանակի ծառայությունից խուսափեն»։

Խաչատրյանի այս կարծիքին ի պատասխան՝ Սաքունցն այսօրվա քննարկմանն ասաց՝ շրջանառվում է մի նախագիծ, որով առաջարկում են կոռուպցիոն միջոցները օրինականացնել․ «Ասում են՝ ավելի լավ է քրեական հետապնդման չենթարկվեք, որպեսզի ջանքեր չգործադրեն նման խարդախությունների դեմ պայքարելու համար։ Ըստ էության, կոռուպցիոն այդ ենթադրյալ խախտումները կատարում են ունեւորները, եւ այս նախագիծը սոցիալական անարդարության հերթական դրսեւորումն է։ Հիշեցնեմ՝ 2018-ի հեղափոխության բուն պատճառը սոցիալական արդարության դեֆիցիտն էր, որը համակարգային երեւույթ էր։ Սոցիալական արդարության դեֆիցիտը հետեւանք է իրավունքի գերակայության սկզբունքը չպաշտպանելու, խտրական դրսեւորումների դեմ ոչ պատշաճ պայքարի»։

Հեռակա դիմելով պատգամավորին՝ Սաքունցն ասաց․ «Դուք մտածում եք, որ 4,5 ամիս ծառայության ընթացքում հնարավո՞ր է այնպիսի զինվորական պատրաստվածություն ունենալ, որ հետո կարելի լինի պահեստազորայինում կիրառել այդ մարդուն։ Աբսուրդ է։ Լավ գիտեք, որ զինված ուժերում ծառայության նվազագույն շեմը վեց ամիս է՝ ուսումնական փուլը, «учебка»-ն։ Կամ՝ ինչո՞ւ 4,5 ամիս, ամոթը մի կողմ դնեիք ու ընդհանրապես ազատեիք բանակից էդ 60 հազար դոլարով»։

Իրավապաշտպանը հիշեցնում է, որ 2016-ին ուսումնասիրություն են կատարել, եւ արձանագրել, որ ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների գերակշիռ մասը սոցիալապես անապահով ընտանիքներից էին։ Նա ասաց, որ ցավոք 44-օրյա պատերազմում զոհվածների թիվը մեծ է, եւ հնարավորություն չունեն բոլորի մահվան հանգամանքներն ուսումնասիրել ու պարզել սոցիալական կարգավիճակը, սակայն հույս հայտնեց, որ 44 -օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովն այս հարցերին էլ ուշադրություն կդարձնի։

Բացի այս, Սաքունցը հարց է հնչեցնում՝ եթե նախագծի նպատակը գումար հայթայթելն է այլ զինվորական ծառայության համար, ապա արդյոք հաշվարկ ունե՞ն, Հայաստանում քանի ընտանիք կարող է այդ գումարը վճարել ու քանի պայմանագրայինի հինգ տարի վճարել։ Իրավապաշտպանը նկատեց՝ այսօր մեր երկրում ժողովրդագրական խնդիր կա, նախագծով այս խնդիրն ինչպե՞ս է հաղթահարվելու։

«Լավ, իսկ մտածե՞լ եք, որ այս հարցը մտնելու է ընտանիքներ։ Երեխան ծնողներին ասելու է՝ բա դուք ինչի՞ համար եք, տեսեք էն հարեւան տղեն կարողանում է 60 հազար դոլար տա, ու փրկվի, իսկ դուք ջանք չեք գործադրում։ Ի՞նչ է, մարդիկ ստիպված են լինելու բնակարանները վաճառե՞ն, վարկեր վերցնե՞ն։ Այս նախագծով բացում են Պանդորայի արկղը, որով ընտանիքներում համերաշխությունն է խարխլվում»,-ասաց Սաքունցը։

Նա հիշեցրեց, որ ժամանակին «Ես եմ» ծրագիրն են քննադատել, դրա հիմքում էլ ձախողված մոտեցում էր, հիմա պարզապես նույն ձախողված մոտեցումով, ուղղակի գումարի չափի ավելացմամբ՝ իշխանությունն ուզում է խնդիրը լուծել։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031