Լրահոս
Օրվա լրահոսը

Պարսյան. Դեռ որքա՞ն երեխաներ են սոցիալական խնդիրների պատճառով շարունակելու դպրոց չհաճախել…

Օգոստոս 30,2022 14:38

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանի ֆեյսբուքյան գրառումը

Շուտով սեպտեմբերի 1-ն է՝ հայ ընտանիքների համար նոր ուսումնական տարվա սկիզբը։ Այդ օրը կշնորհավորենք իրար, կկարևորենք օրվա խորհուրդը և կմոռանանք…

Այո, սա տոն է ոչ միայն երեխաների, այլև հայ ընտանիքների համար, քանի որ ավանդաբար ամբողջ ընտանիքով ենք նախապատրաստվում մեր երեխաներին դպրոց ճանապարհելուն։ Որքան էլ, որ բարքերը փոխվեն, դպրոցի կամ նույն է` կրթության հետ ենք կապում մեր երեխաների ապագա բարեկեցությունը՝ դրա համար չխնայելով ոչինչ, առաջնորդվելով` «Լավ սովորիր, որ լավ մարդ դառնաս» սկզբունքով։

Անկախ նրանից, թե ներկայում որքան են թանկացել մանկական հագուստը, կոշիկը և գրենական պարագաները, մենք ձեռք ենք բերում դրանք, թեև այս մրցավազքը երբեմն անցնում է բոլոր տրամաբանական սահմանները։ Այնուամենայնիվ, պետք է փաստենք, որ այս տարվա աննախադեպ բարձր գնաճի, աշխատավարձերի և նպաստների անհամաչափ ավելացման պայմաններում՝ ընտանիքներից շատերը ստիպված են եղել հրաժարվել այլ ծախսերից կամ պարտք վերցնել, որպեսզի կարողանան երեխաներին պատշաճ դպրոց ճանապարհել։ Անշուշտ, այս ամենն ազդում է այդ ընտանիքների կենսամակարդակի վրա։

Հիշեցնեմ, որ Համաշխարհային բանկի «Աղքատության պատկերը Հայաստանում 2009-2020թթ․» զեկույցի համաձայն՝

1.Հայաստանի աղքատ բնակչության 7,1 տոկոսը 6-9 տարեկան երեխաներ են։ Ընդհանուր բնակչության մեջ այդ աղքատ երեխաները կազմում են 5,4 տոկոս։

2.Հայաստանի աղքատ բնակչության 7,3 տոկոսը 10-14 տարեկան երեխաներ են։ Ընդհանուր բնակչության մեջ այդ աղքատ երեխաները կազմում են 6,1 տոկոս։

3.Հայաստանի աղքատ բնակչության 4,3 տոկոսը 15-17 տարեկան երեխաներ են։ Ընդհանուր բնակչության մեջ այդ աղքատ երեխաները կազմում են 3,5 տոկոս։

Նույնիսկ այս ցուցանիշները չեն սթափեցնում իշխանություններին, և նրանք շարունակում են խոսել երկնիշ աճի մասին։ Ստացվում է, որ երկրի տնտեսությունն աճում է, իսկ մարդիկ շարունակում են մնալ աղքատ։ Աղքատության մեջ գտնվող երեխաներից շատերը կանոնավոր դպրոց չեն հաճախում սոցիալական կամ այլ խնդիրների պատճառով։

Վերջապես պետական այրերը պետք է հասկանան, որ աղքատ ընտանիքներում մեծացող երեխաներն ապագայում մեծ հավանականությամբ լինելու են աղքատ, քանի որ ներկայում նրանք չեն ստանում բավարար և որակյալ կրթություն։

Սոցիալական պետություն հռչակած երկիրը չի կարող բավարարվել լոկ խոսքերով և հանդուրժել աղքատությունը հատկապես երեխաների դեպքում․․․

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031