Aravot.am-ը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանից մեկնաբանություն խնդրեց Ֆրանկֆուրտի Հնագիտության թանգարանում կատարվածի վերաբերյալ, որտեղ Ադրբեջանն Ուրարտու էր ներկայացվել:
«Ինձ համար զարմանալի չեն նման բաները, որովհետեւ ադրբեջանցիները թուրքերի հետ միասին բազմիցս նման քայլերի են դիմել: Ժամանակին Լոնդոնի Բրիտանական թանգարանի 55-րդ սենյակում էլ Ուրարտուն ներկայացված էր որպես Թուրքիա, որի համար մենք բավական երկար պայքարեցինք, ու ի վերջո Թուրքիա բառը փոխարինվեց Փոքր Ասիայով:
Ինչ վերաբերվում է Ուրարտուին, որքանով տեղյակ եմ, ադրբեջանցիները խորամանկ ձեւով իրանական Ատրպատականը, որը գտնվում է Իրանի տարածքում եւ ժամանակին մաս է կազմել Ուրարտու պետության, փորձել են ներկայացնել որպես Ուրարտու եւ դրա տակ անցկացնել ժամանակակից Ադրբեջանը: Մինչդեռ Ատրպատականը այսօրվա Ադրբեջանի հետ ոչ մի կապ չունի: Մենք մեր մասնագետներին հանձնարարել ենք, որ դրան պատասխան մասնագիտական գրեն եւ ուղարկեն Ֆրանկֆուրտ»,-ասաց Աշոտ Մելքոնյանը:
Նա ասաց, որ երբ տեղեկատվությունն ամբողջանա, այդ մասին լրացուցիչ մանրամասներ կհաղորդեն:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ