Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ-ը բացասական է գնահատում ՊՆ-ի՝ 24 մլն դրամի դիմաց ժամկետային զինծառայության ժամկետը կրճատելու մասին նախագիծը

Օգոստոս 30,2022 13:33

ՊՆ-ի՝ 24 մլն դրամ վճարելու դիմաց ժամկետային զինծառայության ժամկետը մինչեւ 4,5 ամիս կրճատելու մասին նախագծի վերաբերյալ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կարծիքը բացասական է։

Այս մասին այսօր «Մեդիա կենտրոն»-ում հրավիրված քննարկման ժամանակ ասաց ՄԻՊ աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում եւ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Հրանտ Ջիլավյանը։ Նա ասաց, որ պաշտպանության նախարարությանը նախագծի վերաբերյալ գրավոր կարծիք չեն ուղարկել, պատրաստվում են առաջիկայում ուղարկել։

Ջիլավյանն այսօր նախագծի մի շարք խնդրահարույց դրույթներ ներկայացրեց։

Ըստ նրա, առերեւույթ առկա են խտրականության արգելքի սկզբունքի եւ օրենքի առջեւ բոլորի հավասարության սկզբունքի խախտումներ․ «Նախ՝ խտրականության արգելքը միջազգային փաստաթղթերով եւ ՀՀ Սահմանադրությամբ է սահմանված։ Խտրականության արգելքի հիմքում, ի թիվս այլ գործոնների, դրվում է նաեւ գույքային դրությունը։ Իրավաչափ նպատակի գործոնն այն է, որ արհեստավարժ բանակ ստեղծելն է։ Բայց պետք գնահատվի այս միջոցը համաչա՞փ է այս նպատակին հասնելու համար, որովհետեւ եվրոպական դատարանն իր մի շարք որոշումներով գնահատման առարկա է դարձնում նպատակի համաչափությունն եւ գործադրվող միջոցը։ Այս նախագծի շրջանակներում եւ ընդհանրապես իրավական ակտերով Եվրոպական կոնվենցիան չպետք է ապրիորի մեկնաբանվի կամ կիրառվի, պետք է հաշվի առնվեն տվյալ հասարակությունում ընդունված պրակտիկան եւ ավանդույթները։ Մեր դեպքում 24 մլն դրամ է եւ հաշվի առնելով մեր միջին սպառողական զամբյուղը կամ միջին եկամուտը, հասկանում ենք, որ այդ արտոնությունից կարող են օգտվել հարուստ անձինք։ Հետեւաբար, այս առումով սոցիալական արդարության տեսանկյունից նախագիծը խնդրահարույց է։ Սոցիալական արդարության սկզբունքի էությունից բխում է, որ իրավունքներն ու պարտականությունները մարդկանց վրա պետք է բաշխվեն արդար կերպով, իսկ այն պարագայում, երբ նույն իրավունքից կամ պարտականությունից անձը կարող է խուսափել ընդամենը գումարային որոշակի փոխհատուցմամբ, դա սոցիալական արդարության տեսանկյունից խիստ խնդրահարույց է, եւ չի կարող ընդունելի համարվել»։

Ջիլավյանի ներկայացմամբ՝ մյուս գործոնը, որով նախագիծը ՄԻՊ-ի համար ընդունելի չէ, դա բանակում ամուր կարգապահություն ունենալու անհրաժեշտությունն է․ «2022 թվականին ունենք ոչ մարտական պայմաններում մահացության, ինքնասպանությունների կամ ինքնավնասումների թվի աճ։ Այս միտումը շարունակվում է։ Հիմա, երբ խոսք է գնում նույն կարգավիճակն ունեցող ժամկետային զինծառայողներից մեկի նկատմամբ որոշակ արտոնություն կիրառել, իսկ մյուսի նկատմամբ չի կարելի կիրառել գույքային դրության պատճառով, այս երկուսի միջեւ կոնֆլիկտ է հասունանալու եւ դա, վստահաբար, հանգեցնելու է բանակում կարգապահության մակարդակի նվազմանը՝ եթե այս երկու խմբերի զինծառայությունը միասին է կազմակերպվելու։ Իսկ եթե առանձին է կազմակերպվելու, դա մեկ այլ խնդիր է, որովհետեւ ունենալու ենք արտոնյալների եւ չարտոնյալների ստորաբաժանումներ»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031