Հայաստանի ներկայացուցիչ Նաիրի Բարսեղյանին հանձնվեց օդապարիկով ամենաերկարատև առանց վայրէջքի թռիչքի ռեկորդի գրանցման վկայականը:
Օգոստոսի 29-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստանի կողմից օդապարիկով ամենաերկարատև առանց վայրէջքի թռիչքի ռեկորդ սահմանելու վերաբերյալ Համաշխարհային ավիացիոն սպորտաձևերի ֆեդերացիայի կողմից վկայականի հանձման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը, Քաղավիացիայի կոմիտեի ներկայացուցիչ Արամ Եղոյանը և բազմաթիվ հյուրեր:
Փետրվարի 16-17-ին «Սքայբոլ» ավիաընկերության հիմնադիր Նաիրի Բարսեղյանի և Ռուսաստանի Օդագնացության ֆեդերացիայի անդամ Սերգեյ Բաժենովի կողմից իրականացվել է օդապարիկով ամենաերկարատև առանց վայրէջքի՝ 34 ժամ 39 րոպե տևողությամբ թռիչք: Վերջինս ներկայացվել էր Համաշխարհային ավիացիոն սպորտաձևերի ֆեդերացիային՝ որպես համաշխարհային ռեկորդ գրանցելու համար:
Մի քանի ամիս տևած դիտարկումներից հետո Ֆեդերացիայի կողմից տրվել է դրական եզրակացություն, և առաջին անգամ Համաշխարհային ավիացիոն սպորտաձևերի ֆեդերացիան գրանցել է Հայաստանի կողմից իրականացված համաշխարհային ռեկորդ:
Հանդիսավոր արարողությամբ Սքայբոլ ավիաընկերության հիմնադիր Նաիրի Բարսեղյանին հանձնվեց համապատասխան վկայականը։
Միջոցառման պատվավոր հյուր, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր խոսքում առանձնահատուկ ընդգծեց նման հաղթանակների կարևորությունը հայ ժողովրդի ոգու տոկունության համար:
«Ես սա համարում եմ մեր միասնական հաղթանակը, քանի որ այս թռիչքով ոչ միայն ապացուցեցինք, որ մեզ համար չկան անհասանելի նպատակներ, այլ նաև որ մենք կարողություն ունենք նորանոր հաղթանակներ ուրվագծելու համար: Նշաձողն արդեն սահմանված է և այն պետք է հետևողականորեն բարձրացնենք»,- իր խոսքում նշեց Նաիրի Բարսեղյանը: