Իրաքի մայրաքաղաք Բաղդադում ազդեցիկ շիա իմամ Մուկթադա ալ-Սադրի՝ քաղաքականությունից հեռանալու մասին հայտարարությունից հետո բախումներ են սկսվել, ինչի հետևանքով կա առնվազն 20 զոհ, ավելի քան 300 վիրավոր: Այս մասին հայտնում է Meduza-ն՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները:
Բախումները սկսվել են օգոստոսի 29-ին այն բանից հետո, երբ շիա քարոզիչը հայտարարել է, որ վերջնականապես հեռանում է քաղաքականությունից առաջ եկած «անլուծելի քաղաքական փակուղու» պատճառով:
Երկուշաբթի ալ-Սադրի հարյուրավոր համախոհներ ներխուժել են Բաղդադի կենտրոնի «կանաչ գոտի», որտեղ տեղակայված են կառավարական շենքերը, օտարերկրյա առաքելությունները և նախագահական նստավայրը:
Ի պատասխան՝ քաղաք են մտել կառավարական զորքեր: Իրաքի կառավարությունը օգոստոսի 30-ը հայտարարել է ոչ աշխատանքային օր, քաղաքում պարեկային ժամ է սահմանված: Ըստ որոշ լրատվամիջոցների՝ գիշերը Բաղդադում լսվել են կրակոցներ և պայթյուններ:
Կարդացեք նաև
Միջազգային հանրությունը, այդ թվում ՄԱԿ-ը, Եվրամիությունը, ԱՄՆ-ը, Թուրքիան, մտահոգություն են հայտնել և կոչ են արել կողմերին անհապաղ դադարեցնել բռնությունը և զսպվածություն ցուցաբերել: Իր հերթին ալ-Սադրը հացադուլ է հայտարարել «մինչև բռնության ավարտը»:
Իրաքում քաղաքական ճգնաժամը շարունակվում է 2021թ. աշնանից: Այն ժամանակ Մուկթադա ալ-Սադրը և նրա համախոհները հաղթել էին խորհրդարանական ընտրություններում, բայց չկարողացան ձևավորել կոալիցիա առանց ընդդիմադիր խմբերի մասնակցության, որոնք աջակցություն են ստանում Իրանից: Արդյունքում ալ-Սադրի կուսակիցները դուրս եկան խորհրդարանից՝ պահանջելով ցրել խորհրդարանը:
2022թ. հուլիսին իմամի համախոհները գրոհեցին խորհրդարանի շենքը՝ խոչընդոտելով նոր նախագահի և նոր վարչապետի նշանակմանը: Վարչապետի պաշտոնում շարունակում է պաշտոնավարել Մուստաֆա ալ-Քազեմին, որը նշանակվել էր 2020թ.:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ