Փորձենք 2018-ի դեպքերին մոտենալ մի փոքր այլ դիտանկյունից՝ ինչո՞ւ հանրության գերակշիռ մասը մասնակցեց այդ ցույցերին, իսկ մի քանի ամիս անց ձայների ճնշող մեծամասնությամբ ընտրեց փողոցից եկած հիմնականում անհայտ մարդկանց եւ, որ ամենազարմանալի է, նույնը կրկնվեց խայտառակաբար տանուլ տրված 44-օրյա պատերազմից հետո, ինչն արդեն ոչ մի տրամաբանության մեջ չես տեղավորի: Ինչպե՞ս դա հասկանալ:
2018-ի իշխանափոխությունը Հայաստանի քաղաքական համակարգի փլուզման վերջին արարն էր։ Կուսակցությունները վերածվել էին իշխանության ռեսուրսների տնօրինման գործիքի, մի տեսակ աշխատանքի տեղավորման բյուրոյի, տնտեսական գործունեության ծավալման հնարավորության՝ առանց հասարակությանը ներկայացնելու ապագայի նախագծեր, առանց համախմբելու դրա համար անհրաժեշտ` ազգի մտավոր ներուժը: Իսկ կուսակցականի թիվ մեկ արժանիքը ցանկացած գնով «ձայն բերելու» հմտությունն էր։
Հիմնականում ցանկացած ձեւով «ձայն բերող» էր դարձել Հայաստանի քաղաքական ու պետական ընտրանու գերակշռող հատվածը՝ համապատասխան ունակություններով, որակներով ու բարոյական կերպարով:
Արդյունքում 2018-ին մարդիկ որոնում էին ոչ կուսակցական ձեւաչափեր: Դրան զուգահեռ հասարակության մեջ արմատացել էր ընտրությունների միջոցով իշխանություն փոխելու եւ երկրում փոփոխություններ կատարելու անհնարինության համոզմունքը: Այս իրողությամբ կարելի է բացատրել հանրության լայն զանգվածների՝ 4 տարի առաջվա ոգեւորության ֆենոմենը:
Կարդացեք նաև
Այդ ամենի դառը պտուղները մենք այժմ քաղում ենք: Կուսակցությունների նկատմամբ հավատն այս ընթացքում չվերականգնվեց, «հեղափոխությամբ» ցանկալի արդյունքների հասնելու գաղափարը վարկաբեկվեց եւ ի չիք դարձավ վստահությունը «մարդու իրավունքները պաշտպանող» տարատեսակ հասարակական կազմակերպությունների հանդեպ, որոնք այսօր քողարկված կամ անթաքույց պաշտպանում են գործող կառավարությանը:
Հիմա իսկը ժամանակն է ստեղծելու նոր տրամաբանության վրա հիմնված հասարակական-քաղաքական միավորումներ:
Սակայն հանրային վստահություն ձեռք բերելու համար այդ նախաձեռնությունները պետք է բովանդակային առումով տարբերվեն նախկին շարժումներից ու քաղաքացիական հասարակություններից՝ քաղաքական դաշտ բերելով նոր հարաբերությունների կանոններ, նոր մտածողություն եւ կազմակերպչական նոր կառուցաձեւեր:
Հոդվածն ամբողջությամբ՝ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) ACNIS reView «Հայացք Երևանից» կայքէջի 2022թ.-ի 29-րդ համարում: