Լրահոս
Օրվա լրահոսը

Թեւան Պողոսյան․ «Հասել ենք այն կետին, երբ հայրենիքի կորուստը ևս փոխհատուցումների տեսքով է մատուցվում»․ «Փաստ»

Օգոստոս 30,2022 09:00

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանի հետ զրույցում անդրադարձել ենք Արցախի շուրջ առկա մարտահրավերներին, Բերձորը, Ներքին Սուս և Աղավնո գյուղերը թշնամուն հանձնելու փաստին, խոսել նաև հասարակությանն առնչվող մի շարք հարցերի մասին:

Թևան Պողոսյանը մի խնդիր առանձնացրեց. «Ռազմական գործողությունների հետևանքով տեղի են ունեցել պարտություններ, հայրենիքի հանձնում, ինչն ունեցել է իր հետևանքները: Բայց հանրության մեջ շատերը խոսում են ինչ-որ փոխհատուցումների մասին: Մենք հայրենիք կորցնելը հավասարեցնում ենք փոխհատուցման: Օրինակ՝ 25 հազար դոլար տվեցին կամ 250 հազար, 250-ը նորմալ է, իսկ 25-ի դեպքում պետք է բարձրաձայնե՞լ, դժգոհություն հայտնե՞լ: Եթե 250 տային՝ ընդունելի՞ էր լինելու: Խնդիրը հայրենիք կորցնելն է: Այսօրվա գործող իշխանությունների, երևի, այսպես ասած, ամենացավալի «հաջողությունը» հենց այն է, որ ամեն ինչ հասցրել են փոխհատուցումների մակարդակի: Հասել ենք այն կետին, երբ հայրենիքի կորուստը ևս փոխհատուցումների տեսքով է մատուցվում: Այս ամենի հետևանքով անվտանգությունը զրոյանում է, հայրենիքի նոր կորուստներ ենք ունենում, բարոյահոգեբանական ճգնաժամը խորանում է, իսկ պարտություն բերած իշխանությունը իրար հետևից նոր պարտությունների շարան է բերում»:

«Իրենք էլ իրենց մասով են մանիպուլացնում, ու մանիպուլյացիաների այդ դաշտի մեջ կարողանում են հասնել նրան, որ մարդկանց մոտ այլևս հայրենիքի համար պաշտպանությունը ոչ թե սուրբ պարտք է, այլ պարզապես անգամ հնարավորության դաշտ: Հասել ենք մի կետի, երբ մեր հայրենիքի սահմանների, առաջնագծի պաշտպանության հիմքում ևս փողն են դրել. սկսած նրանից, որ պետք է գնանք պրոֆեսիոնալ բանակի, ու այնտեղ բարձր աշխատավարձ կլինի, վերջացրած նրանով, որ ով բանակ չի ուզում գնալ, գումար կարող է տալ: Այս խնդիրներից յուրաքանչյուրն իր հետևանքն է ունենում: Իսրայելի նման պետությունը, որը հարուստ է, այնուամենայնիվ, իր անվտանգության խնդիրը պահում է. բոլոր քաղաքացիներն այնտեղ անխտիր ծառայում են: Շվեյցարիայի նման երկրում ևս 18 տարին լրացած բոլոր տղաները ծառայում են: Իսկ մենք, ունենալով մեր այս աշխարհագրությունը, թշնամիներ, փորձում ենք այլ օրինակներով կամ սխալ քաղաքականությամբ առաջ տանել մեր անվտանգության խնդիրը: Այս տարածաշրջանում, այս լեռների, բլուրների, սարերի ու նման հարևաններով մենք իրավունք չունենք այնպիսի վարքագիծ դրսևորել՝ իբրև թե Ուրուգվայում ենք ապրում: Մենք մեր հայկականը պետք է գտնենք: Պաշտպանելու մեր մոդելները պետք է զարգացնենք, եթե, իհարկե, ցանկանում ենք պետականություն ունենալ: Եթե չենք ցանկանում պետականություն ունենալ, ապա կատարվում է այն, ինչն այսօր ունենք»,-ընդգծեց Թ. Պողոսյանը:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031