Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա քաղաքական թիմի թերությունն է, Մարությանն այնտեղ 1 հոգի էր, իրենք՝ 57 ավագանու անդամ, ստացվում է, որ իրենք ուղղակի գոյություն չեն ունեցել, ոնց որ հիմա գոյություն չունեն». Գրիգոր Երիցյան

Օգոստոս 29,2022 20:15

2021-ի ապրիլին, երբ Երեւանի քաղաքապետը Հայկ Մարությանն էր, «Սուրմալու» առեւտրի կենտրոնում դարձյալ հրդեհ էր բռնկվել: Ու հիմա, երբ Մարությանը որոշակի գնահատական է տվել «Սուրմալուի» պայթյունի հետ կապված, նրան քննադատում են, թե՝ «կենդանության նշաններ է ցույց տալիս», իր օրոք տեղի ունեցած հրդեհից հետո որեւէ կանխարգելիչ գործողություն չի արել, Սուրմալու ստուգայց չի կատարել՝ պարզելու հրդեհից հետո անվտանգության կանոնները պահպանվե՞լ են, թե՞ ոչ ու հիմա եկել եւ քաղաքացիներին ու պետական կառույցներին կոչ է անում կանխարգելիչ գործողություն անել:

Հիշեցնենք, որ Մարությանը հայտարարել էր. «Հույս ունեմ, որ ապագայում թե՛ պետական մարմինների, և թե՛ քաղաքացիների կողմից կանխարգելիչ գործողությունները թույլ կտան խուսափել նմանատիպ ողբերգական միջադեպերից»:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում Երեւանի ավագանու նախկին անդամ Գրիգոր Երիցյանը, որը ավագանու մանդատը վայր դրեց Մարությանին անվստահություն հայտնելուց հետո, վստահեցրեց, որ Մարությանի դեմ նման տեղեկությունները պատահական չեն. «Կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու հետ կապված որեւէ բան չեմ կարող ասել, որովհետեւ հիմա չեմ հիշում, միակ բանը, որ կարող եմ ասել՝ Մարությանը բավականին լուռ է եղել վերջին շրջանում՝ դեկտեմբերից հետո, շատ հազվադեպ է խոսել, մի բան ասել, մինչդեռ իր շուրջ շատ են խոսակցությունները գնում: Եվ խոսակցությունները տանում են ՔՊ: Բոլոր հնարավոր հիշեցումները Մարությանի մասին իրենց կողմից են արվում: Ինձ թվում է դա նախընտրական քարոզարշավի համար է արվում, որովհետեւ քարոզարշավն իրենք սկսել են շատ վաղուց՝ հենց դեկտեմբեր ամսին»:

Դիտարկմանը, որ Հայկ Մարությանը չի հայտարարել Երեւանի քաղաքապետի նոր ընտրություններում իր թեկնածության մասին, ինչո՞ւ են պայքարում նրա դեմ՝ Երիցյանը պատասխանեց. «Իրենք կարծում են, որ թեկնածությունը դնելու է կամ նման պլաններ ունի: Ես չգիտեմ՝ ունի՞, թե՞ չունի, բայց ես որպես մրցակից դիտարկում եմ հենց իրեն: Եթե կհիշեք, երբ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացն էր գնում, քննարկվում էր արտահերթ ընտրություններ անելու տարբերակը եւ իրենց հիմնական վախն ու մտահոգությունը հենց արտահերթ ընտրություններն էին, որովհետեւ իրենք վստահ չէին, որ կկարողանան քաղաքապետին հաղթեն, ինքը բավականին մեծ վստահություն էր վայելում, բավականին սիրված էր քաղաքացիների կողմից եւ դա բազմապատկվեց, երբ իր դեմ սկսվեցին ներկուսակցական խաղերը, հետապնդումները եւ այլն: Եվ հենց այդ վախը, որ ինքը կմասնակցի ընտրություններին կա, չնայած նման հայտարարություն չի եղել: Ամենայն հավանականությամբ, չի մասնակցելու: Հայկ Մարությանի դեմ քարոզարշավը իրենց քարոզարշավի մի մասն է կազմում, չնայած ինքը չկա հորիզոնում, ոչ մի հայտարարություն չի անում, իր անունը անընդհատ քննարկում է ՔՊ-ն: Նաեւ իրենք խոստանում էին մեծ բացահայտումներ անել, ասում էին՝ քաղաքապետարանում եսիմ ինչեր են եղել, բայց, ինչպես տեսնում եք, ոչ մի գործ չկա, ոչ մի բան չեն գտել, խախտման մասին խոսք չկա, ինչ էլ որ գտել են, եղել է մինչեւ 2017 թիվը: Նաեւ քաղաքաշինական խախտումների մասին էին խոսում՝ շինթույլտվություններ եւ այլն, որ իբր եղել է Մարությանի ժամանակաշրջանում, բայց էլի որեւէ գործ, որեւէ փաստ չկա, ուղղակի հայտարարություններ են, որոնք քարոզարշավի մի մասն են՝ չեղարկելու Մարությանի գործոնը, հակաPR անելու»:

Գրիգոր Երիցյանի դիտարկմամբ՝ Մարությանին սեւացնում են՝ հաշվի չառնելով, որ ցանկացած թերություն, որ նրա հետ կապված ասում են, դա իրենց քաղաքական թիմի թերությունն է. «Մարությանն այնտեղ 1 հոգի էր, իրենք՝ 57 ավագանու անդամ, ստացվում է, որ իրենք ուղղակի գոյություն չէին ունեցել, ոնց որ հիմա գոյություն չունեն, եթե չեն նկատել ինչ-որ խախտումներ: Ի վերջո, Մարությանն իրենց քաղաքապետի թեկնածուն էր, իրենց առաջադրածն էր ու մի օր պարզեցին, որ Մարությանը լավ քաղաքապե՞տ չի այլեւս: Եթե ցանկացած թերացում, որն իրենք մատնանշում են, այդ ընթացքում կատարվել է, ուրեմն դա եղել է «Իմ քայլը» դաշինքի թողտվության կամ անկարողության պատճառով, որովհետեւ իրենք իրենց ավագանու ֆունկցիան լավ չեն կատարել: Նույնը կատարվում է այլ ոլորտներում: Հիմա ՊՆ նախկին նախարարին են դատում, մինչդեռ բոլորը աշխատել են հենց իրենց իշխանության ժամանակ ու առաջին հերթին պատասխանատվությունը քաղաքական թիմինն է: Անձերին խաչելով, դատապարտելով հրապարակներում՝ իրենք չեն մաքրում իրենց վրայից պատասխանատվությունը: Եթե «Սուրմալուում» առաջին հրդեհի հետեւանքները պատշաճ ուշադրության չեն արժանացել, դա ոչ միայն քաղաքապետարանի գործառույթն է, այդտեղ շատ –շատ կառույցներ, տեսչական մարմիններ լիքը անելիքներ ունեն, որ չեն արել, բայց բոլոր սլաքներն իհարկե հեշտ է ուղղել մի պաշտոնյայի, ով հիմա չկա, քաղաքական ասպարեզից դուրս է եկել: Դա է իրենց քաղաքական պատասխանատվության աստիճանը՝ մի բան անում են, գցում են ուրիշ պաշտոնյաների վրա»:

Հարցին՝ տեղեկություն կա, որ Հայկ Մարությանի պաշտոնավարման ժամանակ նույն «Սուրմալու» առեւտրի կենտրոնում ապօրինի բացվել է 10 կրպակ, կա՞ն այդտեղ ապօրինի կրպակներ ու ինչպե՞ս է դա թույլ տրվել՝ Գրիգոր Երիցյանը պատասխանեց. «Քանի որ ընդհանուր տարածքը պատկանում է մասնավորին՝ ենթավարձակալությամբ կամ սեփականության իրավունքով, ինքը այդ տարածքում արդեն թե ինչ կրպակների թույլտվություն կտա, իր իրավասության տակ է մտնում: Բայց այստեղ անելիք ունի տեսչական մարմինը, որը գնում եւ ուսումնասիրում է՝ հակահրդեհային պայմաններին համապատասխանո՞ւմ են, թե՞ ոչ, սանիտարահիգիենիկ պայմանները համապատասխանո՞ւմ են, կա առողջապահության եւ աշխատանքի տեսչություն, որն էլ իր անելիքը ունի: Այսինքն, այնտեղ շինթույտվություն չի տրվել, ուղղակի մարդու տարածքում ինքը ենթավարձակալությամբ է տվել 25-30 կրպակ, դա ոչ ոք չի կարող սեփականատիրոջը թույլ չտալ, ուրիշ հարց է, որ տեսչական մարմինները կարող են ստուգել, խախտումներն արձանագրել եւ պատասխանատվության ենթարկել, ինչը չի արվել, դրա համար հասանք՝ ուր հասանք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031