«Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը հարաբերական կայուն է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։
Մասնագետն ընդգծեց, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվն աճել է մոտ 13 տոկոսով, նախորդող 14 օրերի հետ համեմատ։
Ըստ Գայանե Սահակյանի՝ թեպետ համավարակի աճը սրընթաց չէ, բայց կայուն է։ Նան շեշտեց, որ վերջին շաբաթվա ընթացքում դրական թեստերի տոկոսը ևս աճ է արձանագրել՝ մոտ 3 տոկոս։
«Եվրամիության չափանիշներով Հայաստանը դեռևս գտնվում է կարմիր գոտում» ,-ընդգծեց Գայանե Սահակյանը։
Կարդացեք նաև
Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավարի խոսքով՝ աճ է գրանցվել բոլոր տարիքային խմբերում․ «Հատկապես ակնառու է մինչև երկու տարեկանների և 65 տարեկանից բարձր խմբում»:
Ներկայացնելով պատվաստումների պատկերը՝ Գայանե Սահակյանը ցավով արձանագրում է, որ 65-ից բարձր տարիքայինների խմբում պատվաստվածների թիվը ցածր է․ «Առաջին դեղաչափ ստացել է ընդամենը 45 տոկոսը, երկու դեղաչափ ստացել է ընդամենը 41 տոկոսը, իսկ խթանիչ պատվաստում ընդամենը 3,8 տոկոսը»։
Մասնագետը այս ցուցանիշը համարում է շատ ցածր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիմնականում մարդիկ պատվաստվել են նախորդ տարի։
«Իսկ դա նշանակում է, որ բավականին երկար ժամանակահատված է անցել, մինչդեռ պատվաստանյութի պաշտպանողական մեխանիզմները երկար չեն գործում»,- արձանագրում է իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավարը։
Գայանե Սահակյանը նշում է, որ հոսպիտալացվածների մեջ երկու դեղաչափ ստացածների թիվը մոտ 36 տոկոս է կազմում, ինչը մասնագետի խոսքով՝ ապացուցում է բուսթերի անհրաժեշտությունը։