Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայկ Դերզյան. «Եթե բանակում կողք-կողքի երկու զինվոր ունենաս, որոնցից մեկը ծառայելու է երկու տարի, մյուսը 4,5 ամիս, բանակը կբարոյազրկես»

Օգոստոս 29,2022 18:50

ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը «Հայելի» ակումբում խոսեց կառավարության կողմից շրջանառության մեջ դրված օրենքի այն նախագծի մասին, ըստ որի  մարդիկ կարող են վճարել 24 մլն. դրամ եւ  երկու տարի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու փոխարեն զինվորական համազգեստ կրեն ընդամենը 4,5 ամիս:

«Եկեք հիշենք ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ելույթները: Նա տարբեր հարթակներում խոսում էր այն մասին, որ հարուստների տղաները չեն ծառայում, աղքատների տղաները գնում են բանակ: Խոսում էր բանակի խնդիրների մասին: Այսօր փաստացի նա ինչի դեմ խոսել է, անում է հակառակը:

Մի պարզ իրողություն. երբ Հայաստանի սահմանները մոտ 500 կիլոմետրով երկարել են վերջին պատերազմի հետեւանքով եւ մենք ունենք բանակում ծանր վիճակ, ինչն այսօր ոչ-ոքի համար գաղտնիք չէ, հիշում եմ, մի քանի շաբաթ առաջ Փաշինյանը կառավարության նիստում խոսում էր այն մասին, որ իր նպատակն է առհասարակ, որպեսզի սահմանին մարդ չլինի: Այսօր ունենք մի իրողություն, երբ որ այս իշխանությունները, երբ թշնամին շարունակում է սպառնալ, երբ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը որպես այդպիսին կյանքի է կոչվում Բաքվի մեթոդներով, Բաքվում նստած դիկտատորի օրակարգով, ասում են՝ ոչ միայն պետք չի սահմաններն ուժեղացնել, այլ նաեւ՝ եկեք փորձենք գումարով մարդկանց բանակից ազատել:

Իսկ եթե ուզում ես ունենալ լավ բանակ, կա ցանկություն կոռուպցիայի դեմ պայքարելու, սոցիալական արդարություն վերականգնելու, բերեմ պրիմիտիվ օրինակներ: Կարելի է ավելացնել վերահսկողությունը զինկոմիսարիատներում, ներդնել հավելյալ վերահսկողական մեխանիզմներ: Կարելի է չէ՞: Բայց չեն անում, որովհետեւ իրենց ձեռք չի տալիս: Որովհետեւ գործում է մի համակարգ, որով հիմա լեգալ կոռուպցիա են սահմանում:

Պատկերացրեք, մի զորամասում պայմանական 10 զինվոր, որոնցից չորսը եկել են ու գիտեն, որ 4,5 ամիս հետո զորացրվելու են, որովհետեւ իրենք փող ունեն ու փող են տվել: Իսկ մյուսները, որոնք գումար չունեն, պիտի մնան երկու տարի: Պատկերացնո՞ւմ եք անարդարությունը:

Ուզում եմ շատ հստակ նշել, որ այնպես չի, որ վերջին մի քանի տասնամյակներում մենք բանակում իդեալական իրավիճակ ենք ունեցել: Ցանկացած երկրում էլ կա կոռուպցիա: Բայց մի բան է կոռուպցիայի, սոցիալական անարդարության դեմ պայքարել, մեկ այլ բան է այդ սոցիալական անարդարությունը խթանել: Եթե օրենքն ընդունելուց հետո բանակում ունենաս իրար կողք-կողքի երկու զինվոր, որոնցից մեկը ծառայելու է երկու տարի, մյուսը 4,5 ամիս, դու բարոյազրկում ես բանակը, ոտնահարում ես միջանձնային հարաբերությունները, գցում մարտունակությունը»,-ասաց Հայկ Դերզյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031