Արտակ Մարկոսյան
ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, ժողովրդագետ
Ժամանակակից աշխարհում տնտեսական կապերը բավականին լուրջ ազդեցություն են ունենում նաև քաղաքական հարաբերությունների վրա։ Որոշ դեպքերում տնտեսական ուժեղ հարաբերությունները կանխորոշում են նաև երկրների միջև քաղաքական, ռազմական և այլ ոլորտների փոխկապվածությունը։ Հարավային Կովկասում այս ուղղությամբ առավել հաջողակ պետություն կարելի է համարել Ադրբեջանին, որը նաև իր ունեցած ածխաջրածինների վաճառքի միջոցով կարողացել է բավականին լուրջ կապեր ձևավորել իր առևտրային գործընկերների հետ և դա օգտագործել սեփական շահերի համար։ Այս հոդվածում ներկայացվում է Ադրբեջանի Հանրապետության հիմնական առևտրային հարաբերությունների շրջանակը և նոր աշխարհաքաղաքական իրողությունների խորապատկերին նրա տնտեսական սպասվող օգուտների աղբյուրները։
Կարդացեք նաև
Ի տարբերություն Հայաստանի և Վրաստանի՝ Ադրբեջանը, շնորհիվ նավթի և բնական գազի մեծ պաշարների, ինչպես նաև տարածքի և բնակչության մեծության, ունի Հարավային Կովկասի ամենամեծ տնտեսությունը։ Սակայն առ այսօր էլ ադրբեջանական տնտեսությունը խնդիրներ ունի դիվերսիֆիկացման հետ, քանի որ արտահանման մեջ գերակշռում են նավթն ու բնական գազը, որոնք էլ հիմնականում գոյացնում են արտահանման ընդհանուր եկամուտների մոտ 83 տոկոսը և կառավարության բյուջեի 60 տոկոսը։ Նրանք նաև մատակարարում են Ադրբեջանի պահանջվող առաջնային էներգիայի 98 տոկոսը և էլեկտրաէներգիայի ավելի քան 9 տոկոսը:
2021թ․ Ադրբեջանից արտահանման ծավալը կազմել է 22.2 մլրդ դոլար, որն ըստ կատեգորիաների բաժանվում է հետևյալ կերպ․
Աղյուսակ 1․ Առավել բարձր արժեք ունեցող ապրանքների արտահանումն Ադրբեջանից
N | Ապրանքատեսակ | Արժեքը (մլն դոլար) | Տոկոսը՝ ընդհանուր արտահանման կառուցվածքում |
1․ | Հանքային վառելանյութեր, յուղեր | 19.630.0 | 88 |
2. | Պլաստիկ | 442.2 | 2 |
3. | Ուտելի մրգեր, ընկույզներ, ցիտրուսային մրգի կեղև, սեխ | 410.1 | 1.8 |
4. | Բամբակ | 273.0 | 1.2 |
5. | Ուտելի բանջարեղեն, որոշակի արմատներ ու պալարներ | 220.2 | 0.99 |
6. | Մարգարիտներ, թանկարժեք քարեր, մետաղներ, մետաղադրամներ | 205.6 | 0.93 |
7. | Ալյումին | 188.5 | 0.85 |
8. | Պարարտանյութեր | 121.2 | 0.55 |
9. | Օրգանական քիմիական նյութեր | 99.7 | 0.45 |
10. | Երկաթ և պողպատ | 88.7 | 0.40 |
11. | Պղինձ | 54.4 | 0.25 |
12. | Աղ, ծծումբ, հող, քար, գիպս, կրաքար և ցեմենտ | 38.5 | 0.15 |
13. | Մեքենաներ, միջուկային ռեակտորներ, կաթսաներ | 36.7 | 0.12 |
14. | Շաքարավազ և հրուշակեղեն | 33.3 | 0.11 |
15. | Կենդանական, բուսական ճարպեր և յուղեր, ճեղքման արտադրանք | 32.2 | 0.11 |
2021թ․[1]
2021թ․ ադրբեջանական արտահանման 88 տոկոսն ապահովվել է նավթի և գազի հաշվին։ Եթե նավթի և գազի արտահանումը բացառվի, ապա ոչ նավթային հատվածի արտահանումը 2021թ․ կազմել է 2.7 մլրդ դոլար կամ ընդհանուրի 12 տոկոսը։ Հարկ է նշել, որ վերջին տարիներին Ադրբեջանը հսկայական միջոցներ է ծախսում ոչ նավթային հատվածի զարգացման համար, և ծրագրավորված է ոչ նավթային հատվածի զարգացմամբ նվազեցնել կախումը նավթից և գազից։ Ըստ նախատեսվածի՝ Ադրբեջանը պլանավորում է 2026թ․ ոչ նավթային հատվածի արտահամումը հասցնել 5 մլրդ դոլարի և որոշակի իմաստով դիվերսիֆիկացնել արտահանման կառուցվածքը։
Ինչ վերաբերում է ոչ նավթային հատվածի արտահանման կառուցվածքին, այստեղ ևս խոսքը մի քանի ապրանքային խմբերի մասին է, մասնավորապես նավթային ոլորտի հետ կապ ունեցող պլաստիկի ստացումը, թարմ մրգերի արտահանումը, վերջին տարիներին Ադրբեջանում զարգացում ապրող բամբակագործությունը, բանջարաբոստանային կուլտուրաները, ոսկու, ալյումինի, երկաթի և պողպատի արդյունահանումը, ինչպես նաև պարարտանյութերը։
Ոչ նավթային հատվածի հիմնական արտահանվող ապրանքատեսակները հիմնականում վերաբերում են առաջնային հումքին, և պետք է արձանագրել, որ վերամշակված ապրանքների արտադրությունն Ադրբեջանում այնքան էլ զարգացած չէ։
Ի տարբերություն Հայաստանի և Վրաստանի՝ Ադրբեջանն արտահանման գործընկերոջ առումով լուրջ կախում ունի երկու երկրներից՝ Իտալիայից և Թուրքիայից։ 2021թ․ տվյալներով այդ երկրներն ապահովել են Ադրբեջանից արտահանվող գումարային արտադրանքի 55 տոկոսը, որից Իտալիային է բաժին հասել 42 տոկոսը, իսկ Թուրքիային՝ 13 տոկոսը։ 2021թ․ Ադրբեջանից Իտալիա է արտահանվել 9.24 մլրդ դոլարի արտադրանք, որից նավթին և գազին բաժին է հասել 99.4 տոկոսը։ Թուրքիա արտահանումը որոշակի իմաստով դիվերսիֆիկացված է, թեև գերակշիռ մասը կրկին բաժին է ընկնում նավթին և բնական գազին։ 2021թ․ Ադրբեջանից Թուրքիա է արտահանվել 2.82 մլրդ դոլարի արտադրանք, որի 80 տոկոսը կամ 2.24 մլրդ դոլարը բաժին է հասել նավթին և բնական գազին, 8.8 տոկոսը կամ 249 մլն դոլարը՝ բամբակին, արտահանվում է նաև ալյումին, պլաստիկ և պղնձի հանքաքար։
Ի տարբերություն Իտալիայի և Թուրքիայի՝ 2021թ․ դեպի Ռուսաստանի Դաշնություն Ադրբեջանից արտահանումը ներառում է թարմ մրգեր, ընկույզ, ցիտրուսային կուլտուրաներ՝ 331.8 մլն դոլար արժողությամբ, 214 մլն դոլարի պոմիդոր և բանջարաբոստանային այլ կուլտուրաներ, 200 մլն դոլարի պլաստիկ և այլ արտադրանք։ Ընդհանուր առմամբ 2021թ․ Ռուսաստանի Դաշնություն է արտահանվել 920.8 մլն դոլարի արտադրանք։ Ադրբեջանը լուրջ արտահանման ծավալ ունի դեպի Իսրայել՝ 898.1 մլն դոլար, որից մոտ 434 միլիոնը կամ 48.3 տոկոսը բաժին է հասնում նավթին։ 2021թ․ Խորվաթիա արտահանված 751.2 մլն դոլարի մեջ նավթի մասնաբաժինը մոտ 100 տոկոս է, Վրաստան արտահանված 661 մլն դոլարի մեջ նավթի և բնական գազի մասնաբաժինը կազմել է 81 տոկոս կամ 535 մլն դոլար, իսկ մնացածը բաժին է հասել երկաթին և պողպատին, ինչպես նաև ցեմենտին։ 2021թ․ Գերմանիա է արտահանվել 650.2 մլն դոլարի արտադրանք, որի 96.8 տոկոսը կրկին բաժին է հասել նավթին, Հնդկաստանի 594.4 մլն դոլար արտահանման մեջ նավթի չափաբաժինը 98.7 տոկոս է, Թունիսի դեպքում արտահանվող արտադրանքի 100 տոկոսը նավթն է եղել՝ 577 մլն դոլար արժեքով։ Ընդհանուր առմամբ 2021թ․ Ադրբեջանը լուրջ արտահանում է ունեցել նաև դեպի Իսպանիա՝ 564 մլն դոլարի, որից նավթի մասնաբաժինը 97.8 տոկոս է, Ուկրաինա՝ 452.4 մլն դոլար, որի գերակշիռ մասը կրկին բաժին է հասել նավթին։ Ադրբեջանը նավթի և բնական գազի մեծ ծավալներ է արտահանում նաև Հունաստան՝ 415.4 մլն դոլար արժողությամբ, Մեծ Բրիտանիա և Բելառուս համապատասխանաբար՝ 376 և 295.5 մլն դոլարի նավթ։ Շվեյցարիա արտահանման պարագայում գերակշռում է ոսկին՝ 205 մլն դոլար արժողությամբ։ Նավթի զգալի ծավալներ են արտահանվում նաև Չեխիա, Կանադա, Չինաստան և Ավստրիա։[1]
Ընդհանուր ապրանքաշրջանառության առումով Ադրբեջանի տարբերությունն իր հարևան Վրաստանի և Հայաստանի նկատմամբ այն է, որ Ադրբեջանը, ի շնորհիվ նաև ածխաջրածինների, արտահանման առևտրային սալդոյի լուրջ դրական մնացորդ ունի: Այս առումով արտահանումը գերազանացում է ներմուծմանը մոտ 2 անգամ։ 2021թ․ Ադրբեջանը ներմուծել է ընդհանուր արժողությամբ 11.7 մլրդ դոլարի արտադրանք, որից Ռուսաստանի Դաշնությանն է բաժին հասել 2.07 մլրդ դոլարը կամ 17.6 տոկոսը, Թուրքիայի չափաբաժինն ադրբեջանական ներմուծման մեջ կազմում է 15.7 տոկոս կամ 1.84 մլրդ դոլար և Չինաստանը՝ 14 տոկոս կամ 1.64 մլրդ դոլար։ Ընդհանուր առմամբ այդ երեք երկրներից Ադրբեջան է ներկրվել ապրանքների 47.3 տոկոսը։ 2021թ․ Ադրբեջանն ապրանքներ է ներմուծել նաև Գերմանիայից՝ 632 մլն դոլար, Ուկրաինայից՝ 468, ԱՄՆ-ից՝ 442.5, Իտալիայից՝ 419.6, Իրանից՝ 397, Մեծ Բրիտանիայից՝ 397.5 մլն և Ճապոնիայից՝ 259 մլն դոլարի։
2021թ․ Ադրբեջան առավել բարձր արժեք ունեցող ներմուծվող ապրանքների առաջին հորիզոնականում 1.76 մլրդ դոլար արժողությամբ եղել են մեքենաները, միջուկային ռեակտորները, կաթսաները։ 2021թ․ նաև ներկրվել են 1.17 մլրդ դոլար արժողությամբ տրանսպորտային միջոցներ, էլեկտրական, էլեկտրոնային սարքավորումների ծավալը կազմել է 985.4 մլն դոլար, դեղագործական արտադրանքը՝ 528.5, երկաթից և պողպատից իրերը՝ 523.8, հացահատիկային կուլտուրաները՝ 388.6, պլաստիկը՝ 387.9, երկաթը և պողպատը՝ 344, հանքային վառելանյութերը՝ 333.9, փայտի և փայտից պատրաստված իրերը՝ 324.5, և օպտիկական, ֆոտո, տեխնիկական և բժշկական սարքավորումների ներկրումը կազմել է 221.8 մլն դոլար։[2]
Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հարավային Կովկասում զգալի տնտեսական օգուտ ստացող թերևս միակ պետությունը կարող է Ադրբեջանը լինել, որի արտահանման մեծ մասը բաժին է ընկնում նավթամթերքին և բնական գազին, որոնց արժեքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ էական բարձրացում է արձանագրել։ 2022թ․ համաշխարհային շուկայում նավթի և գազի գների ներկայիս սահմանաչափերի պահպանման պարագայում Ադրբեջանը հավելյալ եկամուտներ կարող է գեներացնել, որը տարվա կտրվածքով զգալի արտարժութային ներհոսք է ապահովելու։
2022թ․ հունվար-հուլիս ամիսներին Ադրբեջանից արտահանվող ապրանքների գումարային արժեքը զգալի աճել է և կազմել 24.3 մլրդ դոլար, որն արդեն իսկ 9.4 տոկոսով գերազանցում է 2021թ․ ընդհանուր արտահանումը, և էներգակիրների գների ներկայիս սահմանաչափերի պահպանման դեպքում ադրբեջանական արտահանումը 2021թ․ նկատմամբ կարող է մինչև 30-40 տոկոս աճ արձանագրել։[3]
2022թ․ առաջին կիսամյակում ադրբեջանական նավթի հիմնական գնորդը կրկին Իտալիան է՝ 3.6 մլրդ դոլարով, որին հաջորդում են Իսրայելը՝ 930,3 մլն, Հնդկաստանը՝ 959.3 մլն, Միացյալ Թագավորությունը՝ 753 մլն և Պորտուգալիան՝ 607,9 մլն դոլար։ Միաժամանակ Ադրբեջանը շարունակում է նավթի առաքումները դեպի Ուկրաինա՝ 304.5 մլն դոլար արժողությամբ և Թուրքիա՝ 120.1 մլն դոլար։ Հարկ է նշել, որ 2022թ․ տվյալներով՝ ընդհանուր արտահանման կառուցվածքում նավթի չափաբաժինը տոկոսային հարաբերակցությամբ նվազել է մինչև 50.6 տոկոսի։[4]
Ադրբեջանից ոչ նավթային հատվածի արտահանումը 2022թ․ հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 24.2 տոկոսով և հասել 1.7 մլրդ դոլարի։
Արևմուտքի կողմից Ռուսաստանի Դաշնության վրա սահմանված տնտեսական պատժամիջոցները, որը նախատեսում է նաև ռուսական գազից աստիճանական հրաժարում, Ադրբեջանի համար բարենպաստ վիճակ կարող է ապահովել։ Բաքուն արդեն իսկ պատրաստվում է ավելացնել դեպի ԵՄ գազի մատակարարումների ծավալները՝ իր ունեցած հնարավորությունների սահմաններում օգնելու Եվրոպային ազատվել ռուսական գազից։ Եվրոպական Միությունը մեծ հույսեր է կապում մասնավորապես 2020թ․ դեկտեմբերի 31-ից մեկնարկած Անդրադրիատիկ (TAP) գազամուղի միջոցով Իտալիային, Հունաստանին և Բուլղարիային լրացուցիչ գազամատակարարման հետ։ Ներկայումս Անդրադրիատիկ (TAP) թողունակությունը հավասարազոր է տարեկան 10 մլրդ խորանարդ մետր գազի, որը հնարավոր է դրա զարգացման 2-րդ փուլով՝ Հունաստանի և Ալբանիայի միջոցով հասցնել նաև Արևմտյան Եվրոպա։ Այս դեպքում Անդրադրիատիկ (TAP) գազատարի թողունակությունը կարող է կրկնապատկվել և հասցվել 20 մլրդ խորանարդ մետրի։ 2021թ․ Ադրբեջանից գազի արտահանումը կազմել է 18.9 միլիարդ խորանարդ մետր՝ 2020թ․ համեմատ ավելանալով 39.8 տոկոսով։
2022թ․ Ադրբեջանը պատրաստվում է արտահանել մոտավորապես 19 մլրդ խորանարդ մետր գազ, որից ավելի քան 8 միլիարդ խորանարդ մետրը կարտահանվի Թուրքիա, 9.5 միլիարդը՝ Իտալիա։ Մնացած գազը կբաշխվի Վրաստանի, Բուլղարիայի և Հունաստանի միջև։
2022թ․ հունվար-հունիսի տվյալներով՝ Ադրբեջանում «կապույտ վառելիքի» արդյունահանումը տարեկան կտրվածքով ավելացել է 15.1 տոկոսով՝ մինչև 23.4 մլրդ խմ/մ, որից արտահանվել է 11.2 մլրդ խմ/մ։ Ադրբեջանական գազի 48 տոկոսն այս պահին արտահանվում է Եվրոպա, Թուրքիա՝ 38, իսկ Վրաստան՝ 14 տոկոսը։[5]
2022թ․ հուլիսի 18-ին Ադրբեջանի և ԵՄ-ի միջև ստորագրված Ռազմավարական էներգետիկ գործընկերության վերաբերյալ փոխըմբռնման նոր հուշագրով նախատեսվում է մինչև 2027թ․ Հարավային գազային միջանցքի (TANAP) թողունակությունը կրկնապատկելու պարտավորություն, մինչև 2027թ․ տարեկան առնվազն 20 մլրդ խմ/մ մետր ծավալի։ Այս համաձայնագրով, բնականաբար, Եվրոպան ի զորու չէ փոխհատուցել ռուսական գազից հրաժարվելու դեպքում իր պահանջարկը, սակայն Ադրբեջանը դիտարկվում է այն պետությունը, որն իր չափաբաժինն է ներդնելու եվրոպական էներգետիկ անվտանգության ապահովման գործում։[6]
Գազի ծավալների արդյունահանման և արտահանման մեծացումը ներկայիս գնային դրույքաչափերի պայմաններում, ի լրումն նավթից ստացվող հավելյալ եկամուտների, 2022թ․ Ադրբեջանին ևս զգալի դրամական ներհոսք կարող է ապահովել:
«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)
[1] Trading Economics, Azerbaijan exports by country, https://tradingeconomics.com/azerbaijan/exports-by-country, https://oec.world/en/profile/country/aze
[2] [2] Trading Economics, Azerbaijan imports by country and Azerbaijan imports by category, https://tradingeconomics.com/azerbaijan/imports-by-country, https://tradingeconomics.com/azerbaijan/imports-by-category
[3] Крупнейшая экономика Южного Кавказа значительно нарастила ненефтяной экспорт, 09.08.2022, https://eadaily.com/ru/news/2022/08/09/krupneyshaya-ekonomika-yuzhnogo-kavkaza-znachitelno-narastila-neneftyanoy-eksport
[4] Azerbaijan exports 12.9m tons of oil in 1H2022, https://www.hellenicshippingnews.com/azerbaijan-exports-12-9m-tons-of-oil-in-1h2022/
[5] Азербайджан увеличил экспорт газа на 25% в первом полугодии 2022 года, https://neftegaz.ru/news/dobycha/743294-azerbaydzhan-uvelichil-eksport-gaza-na-25-v-pervom-polugodii-2022-goda/
[6] Azerbaijan to export 12 bln M3 of gas to EU in 2022 – EC head, https://interfax.com/newsroom/top-stories/81416/