Լրահոս
Օրվա լրահոսը

Բրյուսելը փորձում է Ռուսաստանից վերցնել գլխավոր խաղաղարարի դերը. Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպումը կարող է վճռորոշ դառնալ՝ որոշելով Հրվ. Կովկասում խաղաղության գործընթացի ապագան. Коммерсантъ

Օգոստոս 29,2022 17:39

Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները երեքշաբթի Մոսկվայում կանցկացնեն սահմանազատման և անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ նիստ։ Բայց գլխավոր իրադարձությունը տեղի կունենա հաջորդ օրը՝ Բրյուսելում, Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ կհանդիպեն երկու երկրների ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը։ Մոսկվայում բանակցությունները վերաբերելու են տեխնիկական պայմանավորվածությունների իրականացմանը, իսկ Բրյուսելում օրակարգում է լինելու հիմնական չլուծված հարցը. պատրա՞ստ են արդյոք Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագիր կնքել և գիծ քաշել ավելի քան 30 տարվա հակամարտության տակ։ Դիվանագիտական ջանքերի կենտրոնի տեղափոխումը եվրոպական հարթակ կապված է Մոսկվայի միջնորդական ջանքերից երկու կողմերի դժգոհության հետ։ Ուկրաինայում հակամարտությամբ առաջացած աշխարհաքաղաքական առճակատման ֆոնին Բրյուսելը փորձում է օգտվել դրանից՝ Ռուսաստանից գլխավոր խաղաղարարի դերը վերցնելու համար, գրում է Коммерсантъ-ը, որի հոդվածը ներկայացնում է Tert.am-ը. «…Այնուամենայնիվ, չնայած Մոսկվայի միջնորդությամբ ավելի վաղ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների կատարմանն ուղղված աշխատանքին, Բաքուն և Երևանն աճող կարիք են զգում բանակցությունները շարունակելու մեկ այլ եվրոպական հարթակում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։

Նախկինում երկու անգամ՝ անցած դեկտեմբերին և այս մայիսին, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներին հավաքած Շառլ Միշելն օգոստոսի 31-ին Բրյուսելում կհյուրընկալի Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի երրորդ հանդիպումը, որը կարող է վճռորոշ դառնալ երկու կողմերի համար՝ որոշելով Հարավային Կովկասում խաղաղության գործընթացի հետագա ընթացքը։

«Մենք հուսով ենք, որ այս հանդիպմանը կհամաձայնեցվի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի նախապատրաստման համար աշխատանքային խմբի ստեղծումը։ Բայց մենք Հայաստանի կողմից այս գործընթացի առումով վարանում ենք տեսնում: Ղարաբաղն այլևս «Ադրբեջանի արտաքին քաղաքականության խնդիր չէ» (չակերտները՝ Tert.am)։ Այս հարցն արդեն «լուծված» (չակերտները՝ Tert.am) է, իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբն արդեն «անցյալում» (չակերտները՝ Tert.am) է։ Մեզ համար այս հարցն արդեն փակ է, հիմա ուզում ենք «քաղաքակիրթ հարաբերություններ» (չակերտները՝ Tert.am) հաստատել»,- Բաքվի հիմնական ակնկալիքները ձևակերպել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

Ո՞ր ճանապարհը կտանի դեպի խաղաղություն

Մոսկվայում և Բրյուսելում հանդիպումները տեղի կունենան հայ-ադրբեջանական հակամարտության գոտում օգոստոսի ամբողջ ընթացքում նկատվող աճող լարվածության ֆոնին։ Արդեն ամսվա սկզբին այնտեղ տեղի ունեցավ մի իրադարձություն, որը չի կարելի սովորական բախում անվանել՝ ադրբեջանական զինուժը ռազմական գործողություն է իրականացրել Ղարաբաղի Սարիբաբա բարձունքի տարածքում։ Բաքվում այն անվանել են «Հատուցում» հատուկ գործողություն՝ ի պատասխան հայկական զինուժի «գնդակոծության» (չակերտները՝ Tert.am), որի արդյունքում ադրբեջանցի զինվոր է զոհվել։

Դրանից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ղարաբաղյան իրադարձությունները Հայաստանի ղեկավարության կողմից «մի շարք հարցեր են առաջացնում ռուսական ռազմական զորակազմի առնչությամբ»։ Անցյալ շաբաթ Հայաստանի վարչապետը զանգահարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Սակայն երկու ղեկավարների զրույցը չի կարողացել թուլացնել Երևանում տիրող լարվածությունը, որն արտահայտվել է օգոստոսի 23-ին Հայաստանի անկախության 32-րդ տարեդարձի առթիվ Նիկոլ Փաշինյանի ուղերձում։

«Կառավարությունն ամեն օր պայքարում է Հայաստանի Հանրապետության անկախության համար: Անկախությունը մեզ համար անվտանգություն է, որն ապահովող միջազգային կառուցակարգերը բոլորիս աչքի առաջ ճաք են տալիս, և առաջիններից այդ ճաքը ցավոք արտահայտվեց Լեռնային Ղարաբաղում»,- ասել էր Փաշինյանը: Ըստ ամենայնի, «ճաք տվող» միջազգային կառույցներ ասելով՝ Նիկոլ Փաշինյանը նկատի ուներ ԵԱՀԿ Մինսկի խմբին։ Բացի այդ, առանց Ռուսաստանի անունը տալու, Հայաստանի վարչապետը կրկին հիշեցրել էր, որ դաշնակցային պարտավորությունների վերաբերյալ հարցեր են կուտակվել։

«Անկախությունը մեզ համար ամուր դաշնակցային հարաբերություններ են, բայց դաշնակիցները միշտ չէ, որ միայն քեզ են դաշնակից, այլև նրանց, ովքեր դաշնակցում են քո դեմ», – ասել էր ՀՀ վարչապետը:

Իր հերթին, ադրբեջանական կողմը դժգոհ է 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների կատարման ձգձգումից:

«Կոմերսանտ»-ի զրուցակիցները Երևանից խոստովանում են, որ Մոսկվայում և Բրյուսելում բանակցությունների նոր փուլի նախօրեին իրավիճակը Հայաստանի օգտին չէ։ Քաղաքագետ Բենիամին Պողոսյանը նշել է, որ Երևանի համար գնալով բարդ իրավիճակում Եվրամիությունը, որը հավակնում է լինել միջնորդ, ինչպես և Միացյալ Նահանգները, ապավինում է հակամարտության լուծմանը, որը կհանգեցնի 2025 թվականի նոյեմբերից հետո ռուս խաղաղապահների դուրսբերմանը Լեռնային Ղարաբաղից:

«Ուստի Եվրամիությունը շահագրգռված է, որ Երևանն ու Բաքուն բրյուսելյան բանակցություններում պայմանավորվեն Ադրբեջանի կազմում Ղարաբաղի ինքնավար կարգավիճակի շուրջ, որպեսզի դրանից հետո իրական բանակցություններ սկսվեն այս ինքնավարության պարամետրերի շուրջ»,- ասել  է Բենիամին Պողոսյանը։

Իր հերթին, ռուս-ադրբեջանական փորձագիտական խորհրդի համանախագահ Ֆարիդ Շաֆիևը հաստատել է, որ Բաքվի համար առաջնահերթությունը Բրյուսելի բանակցություններում լինելու է Երևանի հետ խաղաղության համաձայնագրի հարցը։

«Ռուսական փորձագիտական համայնքը հարց է տալիս՝ ինչո՞ւ Հայաստանն ու Ադրբեջանը Բրյուսելում այլընտրանքային հարթակ բացեցին բանակցությունների համար, երբ արդեն կա ռուսական ուղղությունը։ Նախ՝ Բրյուսելի բանակցությունները չեն նշանակում հրաժարում ռուսական հարթակից։ Երկրորդ՝ ԵՄ-ն երկու երկրներին էլ առաջարկում է կոնկրետ տնտեսական աջակցություն, և, մասնավորապես, Հայաստանը մեծ հույսեր է կապում Բրյուսելի ներդրումների հետ։ Երրորդ, չնայած 2021 թվականի հունվարի 11-ի փաստաթղթի վրա Ռուսաստանի նախագահի ստորագրությանը, Հայաստանը վերջին մեկ տարվա ընթացքում ձգձգում է Ադրբեջանի արևմտյան շրջաններից Նախիջևան հաղորդակցությունների բացման գործընթացը, որը նախատեսված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարություն 9-րդ կետով: Բաքուն հիասթափված է առաջընթացի բացակայությունից. սա ևս մեկ պատճառ է, որ բանակցային ուղին գործարկվել է Բրյուսելում»,- եզրափակել է փորձագետը»։

Թարգմանությունը Tert.am-ի:

Թարգմանությունն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031