«Նոր եմ վերադարձել Գյումրից։ Պատմելու եմ այս զարհուրելի դրվագը եւ ներողություն չեմ խնդրելու պատմելու համար։ Անձամբ այդ ծնողի հետ եմ խոսել։ 2021թ․-ի ընտրություններից առաջ տվել էին ձեռքի հատվածի մի կտոր՝ վառված ոսկոր, ու ասել, որ ԴՆԹ անալիզով 95%-ի համընկնում կա։ Կազմակերպվել է թաղում, հողն են դրել որդուց այդ մի կտորը։ Երկու ամիս հետո ասել են, որ շփոթվել են, որ որդու ամբողջական մարմինը գտնվել է դիահերձարաններից մեկում»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր նման դրվագ պատմեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նրա խոսքով՝ ծնողը ստիպված է եղել նորից անցնել այդ սարսափելի ցավի միջով, արտաշիրմել ոսկորը, որը մեկ ուրիշի որդունն է եղել․ «Երկրորդ անգամ թաղում են մայիսին, իսկ հունիսին նա ընտրում է Նիկոլ Փաշինյանին։ Հարցնում եմ՝ ինչո՞ւ, ասում է՝ չգիտեմ, բա ի՞նչ անեի։ Ավելի լավ էր ընդհանրապես չգնար ընտրության։ Իշխանությունը գիտի, որ կա հանրության այսպիսի խավ, դրա համար ինչ ուզում՝ անում են»։
Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ վաղը ժամը չորսին գլխավոր դատախազության մոտ զոհվածների ծնողները բողոքի ցույց են անելու։ Նաիրա Զոհրաբյանը նաեւ ասաց, որ մարզերում զրուցել է Նիկոլ Փաշինյանին ընտրածների հետ․ «Այսօր իշխանությունը գցած է փողոցում։ Հականիկոլական հատվածը գերակշռում է։ Եթե ունենանք «մահապարտ» ընդդիմություն, հավատացեք, որ Նիկոլի իշխանությունը կարճ ժամանակում տապալվելու է։ Ցավոք, այսօր չկա այդ ընդդիմությունը։ Հուսամ՝ խորհրդարանական ընդդիմությունը տեսնում է, որ կա հականիկոլական հատված եւ աշնանը կլինի ավելի վճռական։ Փաշինյանից իշխանություն վերցնելու համար պետք է «մահապարտ» ընդդիմություն։ Հիմա ժողովրդին մեղադրելու ժամանակը չէ»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ