Լրահոս
Օրվա լրահոսը

Բայդենն ու Մակրոնն՝ ընդդեմ Պուտին-Ալիեւ կուռ բարեկամության

Օգոստոս 29,2022 17:00

Անսպառ ձգտումը՝ սիրաշահել ու դուր գալ Պուտինին, նշանակում է մեկ բան՝ Ալիեւը Ռուսաստանից դեռ ակնկալիքներ ունի Հայաստանի մասով

Օգոստոսի 24-ին պաշտոնական Վաշինգտոնը հաղորդեց պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով օգնականի նախկին պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի՝ Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ նշանակելու մասին։ ԱՄՆ պետքարտուղարը սույն նշանակումն անելիս՝ ընդգծեց. «Միացյալ Նահանգները հանձնառու է օգնել Հայաստանին եւ Ադրբեջանին բանակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման շուրջ»։

Ադրբեջանը բավական կոշտ արձագանքեց՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը «վերակենդանացնելու փորձերին»։ Ադրբեջանի ԱԳՆ-ից Բլինքենի հայտարարությունը որակեցին որպես՝ «տարածաշրջանում ստեղծված հետկոնֆլիկտային իրողություններից հեռու մոտեցում», հայտարարեցին, թե «ղարաբաղյան հակամարտությունը լուծված է», անգամ սպառնացին՝ «գրեթե չգործող Մինսկի խումբը վերակենդանացնելու փորձերով» ԱՄՆ-ն կարող է դուրս մնալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից։

Չուշացավ Վաշինգտոնի արձագանքն ի պատասխան պաշտոնական Բաքվի ջղաձիգ հայտարարության: ԱՄՆ Պետքարտուղարության Գլոբալ հանրային կապերի բյուրոյի փոխխոսնակ Վեդանթ Պատելը վերահաստատեց, որ դեսպան Ռիքերի նշանակմամբ՝ «հանձնառու են նպաստելու Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ուղիղ երկխոսությանը՝ երկկողմ, բազմակողմ ձեւաչափերով՝ հասնելու երկու երկրների միջեւ համապարփակ խաղաղ կարգավորմանը»:

Պաշտոնական Երեւանն էլ իր հերթին հայտարարեց՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մանդատը որեւէ մեկը չի չեղարկել։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն ունի միջազգային մանդատ` աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեւական ու համապարփակ կարգավորմանը, եւ այս մանդատը որեւէ մեկը չի չեղարկել»,- «Ազատության» հետ զրույցում նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

Դեռեւս մինչեւ 44-օրյա պատերազմը պաշտոնական Բաքուն ու Անկարան արդեն իսկ գործընկեր էին գտել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության արգելափակման հարցում: Թուրքիայի ու Ադրբեջանի գործընկերը Ռուսաստանն է, որը մինչեւ պատերազմը ինչ-որ կերպ դեռ թաքցնում էր, որ կողմնակից է Հայաստան-Ադրբեջան խնդիրների լուծմանը՝ բացառապես Մոսկվայի հովանու ներքո ընթացող բանակցություններին ու համաձայնություններին: Իրավիճակը փոխվեց, անգամ՝ «զուլալվեց» 44-օրյա պատերազմից հետո, երբ Ալիեւը սկսեց բացահայտ խոսել ԵԱՀԿ Մինսկի խմբի «վախճանի» մասին, անգամ ծաղրեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը՝ միջնորդներին «թոշակի ուղարկելով»:

Ակնհայտ է, որ այսօր Թուրքիան, Ադրբեջանը եւ Ռուսաստանը՝ դեմ են ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերականգնմանը, որքան էլ Մոսկվան ոչ վարպետորեն այդ խնդիրը կապի Արեւմուտք-Ռուսաստան տարաձայնությունների հետ ու Մինսկի խմբի գործունեության արգելափակման «մեղքը» գցի Արեւմուտքի վրա՝ կապված Ուկրաինայում պատերազմի հետ:

Ի՞նչ է նշանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերականգնում. դա ենթադրելու է ԼՂ-ի կարգավիճակի ճշգրտման շուրջ հնարավոր քննարկումներ, համաձայնությունների փնտրտուք: Եւ հետեւաբար, ով չի ցանկանում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերականգնում՝ նա դեմ է Արցախի կարգավիճակի հստակեցմանը՝ անկախ նրանից թե ինչ հավելյալ մեկնաբանություններ կանեն երկրները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերականգնման անհնարինության մասին:

Այսպիսով, Հայաստան-Ադրբեջան խնդիրները տեղափոխվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության պետությունների միջեւ: ԱՄՆ-ն ու Ֆրանսիան մեծ թափով են սկսել բացահայտել Մոսկվայի իրական մղումներն ու նպատակները:

ԱՄՆ-Ֆրանսիա-Ռուսաստան տարաձայնություններն արդեն ակնհայտորեն են դրսեւորվում, եւ Վաշինգտոնի կողմից Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդականի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի նշանակումն ընդդեմ Մոսկվայի արդեն չքողարկված քայլ էր: Վաշինգտոնը պարզ հասկացնել է տալիս, որ հենց Մոսկվան է՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող պետություն եւ ընդդիմանում է այս ձեւաչափի գործունեությանը:

ԵԱՀԿ ՄԽ-ում ամերիկացի համանախագահի նշանակումը միակ քայլը չէր ընդդեմ ռուս-ադրբեջանական կուռ համագործակցության: Օրերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանում Ֆրանսիայի եւ ԱՄՆ դեսպանները բացահայտ արհամարհել են կառավարության՝ Շուշի այցելելու հրավերը։ Բաքվի համար ցավալի լուրը հաղորդեց Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիեւը Շուշիում ընթացող խորհրդաժողովի շրջանակներում, դեսպանների քայլը գնահատելով որպես՝ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության չճանաչում»:

Նա նշել է, թե այդ քայլը «անհարգալից վերաբերմունք է Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ, որովհետեւ, այդ երկրների կարծիքով, հակամարտությունը դեռ ավարտված չէ»: Հաջիեւի խոսքով՝ Ֆրանսիան ու ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, որեւէ ներդրում չեն ունեցել հակամարտության կարգավորման գործում. «Նրանք մեզնից 30 տարի են խլել: Այս այցին չմասնակցելով՝ նրանք հերթական անգամ քամահրանք արտահայտեցին»: Այնուհետեւ Հաջիեւը շարունակել է. «ԵԱՀԿ Մինսկի խումբը վերակենդանացնելու փորձերը կեղծավոր եւ ամոթալի են։ Մեզ համար այլեւս նման հաստատություն չկա։ Մինսկի խումբը կազմակերպություն է, որն ինքնասպանություն է գործել, այն արդեն պատմություն է»:

Բաքվի հերթական ջղաձիգ հայտարարությանը հետեւեց ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի պատվիրակության դիպուկ արձագանքը: «Դուք գիտե՞ք, որ 1997 թ. հունվարի 1-ից Ֆրանսիան, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է։ Խումբը հարթակ է ապահովում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների համար, որպեսզի Հարավային Կովկասում, ի վերջո, կայունություն հաստատվի»,- նշված էր Ֆրանսիայի ԱԳՆ-ի Twitter-ի էջում:

Վաշինգտոնն ու Փարիզը բացահայտ դեմարշ են իրականացնում Մոսկվայի քայլերին ի պատասխան: Սա մի կողմից վտանգներով լի իրավիճակ է Հայաստանի համար, բայցեւ հնարավորությունների դուռ է հայկական կողմի համար: Ճիշտ հաշվարկների ու հավասարակշռված գործողությունների պարագայում պաշտոնական Երեւանը կարող է մանեւրել եւ հայանպաստ համաձայնություններ ձեռքբերել՝ ի նպաստ Արցախի ու Հայաստանի:

Պետք է հաշվի առնել նաեւ իրողությունը, որ մեր տարածաշրջանում շահագրգիռ կողմերից յուրաքանչյուրը փորձում է բավարարել իր երկրի շահը: Օրինակ, ակնհայտ է, որ Արեւմուտքը էներգետիկ ոլորտում Ադրբեջանից լուրջ ակնկալիքներ ունի, եւ միաժամանակ, նրանք ձգտելու են Ադրբեջանին, այսպես ասած՝ պոկել Ռուսաստանից: Սա գիտակցելով՝ Ալիեւը մանեւրում է, բայց բավական զգույշ է, որպեսզի չկորցնի Պուտինի վստահությունը: Սրանով են պայմանավորված հաճախ Բաքվից Արեւմուտքին ուղղված քննադատություններն ու նյարդային գնահատականները: Մինչդեռ Ռուսաստանի ուղղությամբ ցուցաբերվում է մաքսիմալ զգուշավորություն: Մի առիթով, անգամ, ադրբեջանցի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիեւն անկեղծացել էր. «ի շնորհիվ Պուտինի ու Ալիեւի հարաբերությունների՝ կարողացանք ազատագրել մեր օկուպացված տարածքների 80 տոկոսը…»:

Անսպառ ձգտումը՝ սիրաշահել ու դուր գալ Պուտինին, նշանակում է մեկ բան՝ Ալիեւը Ռուսաստանից դեռ ակնկալիքներ ունի Հայաստանի մասով:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    Գուդրաթ Հասանգուլիեւն այդպես էլ ասե՞լ է՝ «ի շնորհիվ»: Պարզվում է, դրանց պատգամավորներն էլ, մերոնց պես, անգրագետ են: Սակայն ավելի կարևոր է, որ Հասանգուլիեւի ու Ձեր տեսակետներն են ամբողջությամբ համընկնում: Մինչդեռ հասարակ ադրբեջանցի ժողովուրդն ավելի խելոք է. փառք է տալիս աստծուն, որ Նիկոլի պես ղեկավար է տվել Հայաստանին, ինչպես մենք էինք փառք տալիս Էլչիբեյի ժամանակ:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031