«Ես կարող եմ ավելի լայն հարցեր արծարծել, քան Ղրիմի հարցն է: Ինչ վերաբերում է Երեւան-Մինսկ-Մոսկվա կապին՝ այն ինձ անձամբ շատ է դուր է գալիս»,- Մոսկվա -Մինսկ-Երևան տեսակամուրջի ժամանակ, որի նախաձեռնողներից մեկը «Սպուտնիկ Արմենիան» է, նշեց Ղրիմի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, ՌԴ նախագահին առընթեր Ղրիմի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը:
«Ինչ վերաբերվում է Ղրիմին, ընդգծեմ, որ վերջին զարգացումների համատեքստում Ղրիմն իրեն ամուր եւ ինքնավստահ է զգում, եթե անգամ ինչ-ինչ վտանգներ են հասունանում, կամ նման հռետորաբանություն է լինում Ղրիմի պատկանելության հետ կապված: Հիշեցնեմ, որ Ղրիմի ժողովուրդը դեռեւս 2014-ին պատրաստ է եղել պայքարել, ու այժմ խոսել այն մասին, որ Ղրիմի ժողովրդին հնարավոր է ինչ-որ բանով վախեցնել, ռեալ չէ, նման բան չկա եւ չի կարող լինել: ՌԴ զինված ուժերը շատ լավ պաշտպանում են Ղրիմը , եւ ինչ-ինչ փորձերը, մոծակի խայթոցներն ու տպավորություն թողնելը, թե իբր ուկրաինական ահաբեկիչները ցանկանում են ինչ-որ բան փոխել, զուտ քարոզչական նպատակներ են հետապնդում»,-ասաց Մուրադովը:
Նրա ձեւակերպմամբ, փոքրիկ դիվերսիաները մեծ հաշվով ռազմական առումով ոչինչ փոխել չեն կարող. «Այս տարի եւս Ղրիմում մարդիկ հանգստացել են, անգամ այն պարագայում, երբ ինքնաթիռներ չեն թռել: Իհարկե, կիսով չափ զբոսաշրջային հոսքն անկում է ապրել, բայց միեւնույն է, Ղրիմը մնում է իբրեւ լավագույն հանգստավայր, այնտեղ խաղաղ է, մարդիկ շարունակում են հանգստանալ, ՌԴ քաղաքացիները եւ Ղրիմը ապրում են բնականոն կյանքով եւ այդպես էլ կշարունակեն»:
Կարդացեք նաև
Մուրադովն անդրադարձավ նաեւ «Ղրիմյան հարթակին», ասաց, որ վերջինիս նպատակը Ղրիմի դեօկուպացիան է՝ ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի եւ նրանց արբանյակների միջոցով: «Մեր հակառակորդներին կասեմ՝ ապարդյուն մի զբաղվեք Ղրիմով, այն ձեզ համար անմատչելի է… Այն, ինչ նախաձեռնել է կոլեկտիվ Արեւմուտքը, վտանգավոր մտահղացում է՝ ուղղված ռուսական Ղրիմի հանդեպ եւ Ուկրաինային էլ ավելի զինելու առումով, ինչը լավ բանի չի բերի»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ