ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը
ՀԱՆՑԱՎՈՐ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ, կամ՝ ՈԻՐԱՑՈՒՄ, ՈԻՐԱՑՈՒՄ, ՈՒՐԱՑՈՒՄ․․․
Օրերս հրապարակեց քաղաքական վերլուծաբան, «Կալիֆորնիան կուրիեր» պարբերականի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանի «Հայաստանում չկա հարգանք ոչ ողջերի, ոչ մեռածների նկատմամբ» հոդվածը, ուր հեղինակն անդրադառնում է ականավոր ցեղասպանագետ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Վահագն Տատրյանի Հայաստանում հուղարկավորության հանգամանքներին, գիտնականի հիշատակի նկատմամբ արգահատելի վերաբերմունքին։
Ըստ էության, նշանավոր ցեղասպանագետ, Մ․ Խորենացի, Սրբ Սահակ և Մաշտոց մեդալակիր Վ․ Տատրյանի աճյունը Հայաստան տեղափոխելու և այստեղ հուղարկավորելու համար 2019-ին Կառավարության որոշումով ստեղծվել է պետական հանձնաժողով։
Կարդացեք նաև
Կենտրոնական գերեզմանատանը հուղարկավորելուց հետո, գիտնականի շիրիմը հայտնվել է լքվածության և անտերության մեջ, շիրմաքարի և հուշատախտակի բացակայության պատճառով անգամ անկարելի է եղել գտնել գերեզմանը։
Բնականաբար, այսպիսի հանցավոր վերաբերմունքը հարված է թե ականավոր գիտնականի հիշատակին, թե գիտամշակութային աշխարհին, թե Հայաստան-Սփյուռք հարաբերություններին։
Նամակով դիմել եմ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վ․ Դումանյանին՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և վիճակը շտկելու համար քայլեր ձեռնարկվելու ակնկալիքով։
Շատ դժվարությամբ զսպելով վրդովմունքս, զերծ կմնամ գնահատականներից և կսպասեմ պատասխանի։