Լրահոս
Օրվա լրահոսը

«Գլխավոր հանձնակատարն անհիմն և անհեթեթ մեղադրանքների վերաբերյալ դիրքորոշում չի հայտնում»

Օգոստոս 29,2022 15:41

1in.am-ում հրապարակված՝ ՀՅԴ բյուրոյի օգոստոսի 11-ի շրջաբերականի համաձայն՝ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հոկտեմբերի վերջին նախատեսված «Համաշխարհային հայկական գագաթնաժողովին» մասնակցելու հրավերներ է ուղարկել սփյուռքի կառույցներին ու անհատներին, սակայն հրավերներ չեն ուղարկվել ՀՅԴ մարմիններին։

ՀՅԴ բյուրոյից մեր հետ զրույցում փաստաթղթի իսկությունը հաստատեցին։

Այս առիթով Aravot.am-ը մի շարք հարցադրումներ է հղել ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակին, որոնց պատասխանները ներկայացնում ենք ստորեւ։

-Խնդրում եմ տեղեկացնել՝ ինչո՞վ է պայմանավորված հանձնակատարի գրասենյակի նշյալ որոշումը։

ՊատասխանՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը «Համաշխարհային հայկական գագաթնաժողովի» բոլոր հրավիրյալներին ուղարկել և շարունակում է ուղարկել անհատական, անվանական հրավերներ: ՀՅԴ կառույցները և «քույր» կազմակերպությունները ներկայացնող անհատներին ևս հրավերներ ուղարկվել են: Գրասենյակի կողմից որևէ խտրականություն չի դրվում, և սիրով Երևանում սպասում ենք գագաթնաժողովի բոլոր հրավիրյալներին:

-Ըստ ՀՅԴ բյուրոյի՝ իրենք այս հարցով «խորհրդակցած ենք Հայց Առաք Եկեղեցւոյ զոյգ կաթողիկոսներուն հետ, որոնք յայտնած են, թէ ներկայ պայմաններու տակ խանդավառ չեն մասնակցելու այսպիսի ժողովի»։ Հանձնակատարի գրասենյակը տեղյա՞կ է Հայ առաքելական եկեղեցու այս դիրքորոշման մասին։

Պատասխան-Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը զրույցներ է ունեցել կաթողիկոսների հետ գագաթնաժողովի առնչությամբ: Դեռևս նրանց մասնակցության վերաբերյալ վերջնական պատասխան չի ստացվել, սակայն գրասենյակը լիահույս է, որ Հայ առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդներն անմասն չեն մնա նման կարևոր միջոցառումից:

ՀՅԴ բյուրոյում գտնում են, որ հանձնակատարի գրասենյակի նման մոտեցումը ոչ միայն չի նպաստում ՀՀ-սփյուռք մերձեցմանը, այլեւ պառակտում է այն, որ իշխանությունը բաժանարար գծերը ՀՀ-ից տեղափոխում է նաեւ սփյուռք։ Խնդրում եմ պատասխանել՝ ի՞նչ դիրքորոշում ունի Սփյուռքի գործերի հանձնակատար պարոն Սինանյանն այս մեղադրանքների առնչությամբ։ Ըստ ՀՅԴ բյուրոյի՝ ՀՀ իշխանությունը թիրախավորել է Հայ դատին եւ նրա անհատներին՝ արգելելով վերջիններիս մուտքը ՀՀ, ՀՅԴ-ականների մասին տարածելով ապատեղեկատվություն, եւ նման պայմաններում իշխանության կազմակերպած որեւէ նախաձեռնություն չի կարող վայելել համազգային վստահություն, չի կարող ամրապնդել հայրենիք-սփյուռք հարաբերություններն ու ըստ այդմ՝ կրում է շոուի բնույթ։ Ակնկալում եմ պարոն Սինանյանի դիրքորոշումն այս գնահատականների առիթով։

Պատասխան-Գլխավոր հանձնակատարն անհիմն և անհեթեթ մեղադրանքների վերաբերյալ դիրքորոշում չի հայտնում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031