Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԻ նախարարը պետք է հրաժարական տար, փրկարար ծառայության պետին էլ ներգրավեին որպես կասկածյալ»․ Նաիրա Զոհրաբյան

Օգոստոս 29,2022 15:32

«Երեկ ազատ արձակված անձը «Սուրմալու»-ի փոխտնօրենն է, իսկ մյուս երեքը, որոնք կալանքի տակ են, ըստ տեղեկությունների՝ պահեստի պատասխանատուներ են։ Ինչո՞ւ չեն հրապարակում նրանց անունները, որ հաշվեհարդար չլինի։ Եղավ աննախադեպ ողբերգություն, բայց որեւէ պաշտոնյա հրաժարական չտվեց։ Այլ երկրում նման բան լիներ՝ վարչապետից սկսած հրաժարական կտային»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով այն փաստին, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում պայթյունի գործով 4 անձ է անցնում՝ ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն Արցախի եւ ՀՀ-ի հատվածներ նվիրեց Ադրբեջանին ու հրաժարական չտվեց, ուր մնաց՝ նման դեպքից հետո տա․ «Նորմալ երկրներում ԱԻ նախարարը վաղուց հրաժարական էր տվել։ Պետք էր քրեական գործ հարուցել ԱԻ նախարարի հանդեպ, որ հասկանային։ Ինչքան էլ Փաշինյանն իր «քննչական ունակությունները» դրսեւորեց ու բացառեց ահաբեկչության վարկածը, այնուամենայնիվ, այդ վարկածն իրավունք ունի գոյություն ունենալու։ Եթե տեսչական մարմինը խնդիրներ էր արձանագրել, իսկ նախարարը չէր զբաղվել խնդրով, ուրեմն իր մեղավորությունն էլ կա։ Նշանակում է, որ ԱԻՆ խողովակներով կոռուպցիոն սխեմաներ են գործել, այլապես ժամանակին արհավիրքը կկանխեին, պահեստն էլ կփակեին, մինչդեռ այդտեղ 4000 տոննա պայթուցիկ նյութ է եղել։ Օրական հարյուրավոր մարդիկ են այդտեղով անցել։ Սա հավասար է պետական հանցագործության։ Փրկարար ծառայության պետը եւս հրաժարական պետք է տար եւ ներգրավվեր որպես կասկածյալ։ «Պահեստի կլյուչնիկին» կսարքեն քավության նոխազ»։

Նաիրա Զոհրաբյանը շեշտեց, որ «Սուրմալու» եւ «Փեթակ» առեւտրի կենտրոնների առեւտրականները փոխհատուցում չեն ստանում, որովհետեւ Վահան Քերոբյանը հայտարարեց, թե պետությունն այստեղ անելիք չունի․ «Բա ո՞վ ունի։ Հանցավոր անփութության պատճառով առեւտրականները զրկվել են եկամտից, բա էլ որտե՞ղ ունի պետությունն անելիք։ Ոստիկանությանը 3 միլիարդ դրամ են տալիս, որ ընդդիմադիրների հավաքները ցրեն, բայց առեւտրականներին փոխանցելու հարցում անելիք չունեն։ Ինչո՞ւ են փակել «Փեթակը»։ Պարտավոր եք փոխհատուցել, որովհետեւ ճշտել եմ՝ այդ երկու առեւտրի կենտրոնների առեւտրականները ամսական վճարները տվել են։ Նրանք օրինապահ հարկատուներ են եղել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Հ․ Գ․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից արդեն իսկ մշակվել և շրջանառության մեջ է դրվել Սուրմալու առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհերի ընտանիքներին և վիրավորում ստացած անձանց սոցիալական աջակցություն տրամադրելու կարգը հաստատելու մասին նախագիծը: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: «Նախագծով շահառուների շրջանակը հստակեցվել է, որի համաձայն՝ աջակցություն կտրամադրվի զոհերի ընտանիքներին և վիրավորում, խեղում, վնասվածք ստացած այն անձանց, ովքեր հիվանդանոցային պայմաններում բուժում են ստացել: Գործընկեր գերատեսչություններից նախագծի վերաբերյալ կարծիքներ ստանալուց կնշենք նաեւ նախատեսվող աջակցության չափի ու ընթացակարգի մասին մանրամասներ»,- ասված է նախարարության տրամադրած պատասխանի մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031