Լրահոս
Օրվա լրահոսը

Տարածաշրջանում կայունության հաստատման ճանապարհը 2020թ․ նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների հստակ իրականացումն է. ՀՀ ԱԳՆ

Օգոստոս 29,2022 14:53

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի 25-ամյակի մասին

Այսօր նշվում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի կնքման 25-ամյակը, որը նշանակալի կերպով նախանշեց երկու երկրների միջպետական հարաբերությունների սկզբունքներն ու առաջնահերթությունները: Այս առանցքային փաստաթուղթն ուրվագծեց հետագա տարիների ընթացքում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների առաջմղման ուղենիշները՝ բազմադարյա եղբայրության, վստահության և փոխադարձ հարգանքի ոգով:

Անցած ժամանակաշրջանը համոզիչ կերպով ցույց տվեց, որ Երևանի և Մոսկվայի միջև պատմական կապերի հետագա ամրապնդումը լիովին համապատասխանում է մեր ժողովուրդների կենսական շահերին, ծառայում է երկու երկրների սոցիալ-տնտեսական զարգացման նպատակներին և Հարավային Կովկասում կայունության ամրապնդմանը։ Մենք հաջողությամբ առաջ ենք շարժվում համագործակցության ուղղությունների լայն շրջանակով, այն լրացնում կոնկրետ բովանդակությամբ և բարձրացնում փոխգործակցության արդյունավետությունը։

Վերահաստատում ենք մեր անշեղ նպատակամղվածությունը՝ շարունակելու բոլոր ուղղություններով սերտ, փոխվստահելի երկխոսությունը և առավելագույնս իրացնելու առկա ներուժը՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության հետևողական զարգացման նպատակով:

Երկկողմ հարաբերությունների ներուժի զարգացման համար որոշիչ նշանակություն ունեն Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարության միջև վստահության վրա հիմնված պարբերական շփումները, որոնք թույլ են տալիս ոչ միայն լուծել առկա խնդիրները, այլև՝ համակարգել դիրքորոշումները տարածաշրջանային և միջազգային կարևոր հարցերի շուրջ: 2022թ. ապրիլի 19-ից 20-ը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարության մեջ արձանագրված է 1997թ. Պայմանագրով ամրագրված սկզբունքների հիման վրա միջպետական հարաբերությունները համակողմանիորեն խորացնելու և ընդլայնելու մտադրությունը:

Այս առումով մեր երախտագիտությունն ենք հայտնում ռուս խաղաղապահների այն առանձնահատուկ դերակատարության համար, որը կոչված է համապատասխան պայմաններ ապահովելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի խաղաղ և արժանապատիվ կյանքի վերականգնման համար։ Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում բարձր են գնահատում ռուսաստանյան կողմի գործուն քայլերը՝ ուղղված Հարավային Կովկասի տարածաշրջանում համապարփակ խաղաղության, վստահության մթնոլորտի և բարգավաճման հաստատմանը: Համոզված ենք, որ տարածաշրջանում կայունության հաստատման ճանապարհը 2020թ․ նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների հստակ իրականացումն է։

Մենք մեծապես արժևորում ենք եղբայրական Ռուսաստանի հետ մեր բարեկամությունը և վճռական ենք էլ ավելի ամրապնդելու հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների բարգավաճման։

 ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031