Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ինչ որ թողել ենք, ադրբեջանցիներին չենք թողել»․ Ալեքսան Հակոբյանը՝ Բերձորում եղած վերջին օրերի մասին

Օգոստոս 29,2022 14:59

Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի, Աղավնո եւ Սուս համայնքների բնակիչներին ժամանակ էր տրվել՝ մինչեւ օգոստոսի 25-ը բնակավայրերը լքելու համար։ Տեղում կատարված աշխատանքի, իրավիճակի շուրջ Aravot.am-ը զրուցել է «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ, գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, Քաշաթաղի շրջանի ղեկավար (1993-2004թթ), պատմաբան, ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի քրիստոնյա արեւելքի բաժնի վարիչ Ալեքսան Հակոբյանի հետ։

-Պարոն Հակոբյան, տեղյակ եմ, որ ներգրավված եք եղել Բերձորի շրջանի հուշարձանների տեղափոխման աշխատանքներում։ Խնդրում եմ մանրամասները պատմել։

-Մեկ շաբաթից ավելի զբաղված էինք հուշարձանների տարհանմամբ․ հասցրինք հանել գրեթե ամեն ինչ, ինչը հնարավոր էր տեղաշարժել։ Բերձորի սուրբ Համբարձման եկեղեցու վրա տեղաշարժման ենթակա ոչ մի սրբաքար չի մնացել։ Սրբաքարերի ու խաչերի մեծ մասը տեղափոխել ենք Սիսիան՝ Արտաշես Հովսեփյան եւ Զաքար Խաչատրյան եղբայրների թանգարան։ Արտաշես Հովսեփյանը եկեղեցու գլխավոր քանդակագործն էր եւ մի քանի մեծարժեք քանդակների հեղինակ։ Նա հեղինակն է նաեւ Սասունցի Դավիթ կայարանի, Սուրբ Սարգիս եկեղեցու եւ մի շարք այլ քանդակների։ Հայ մեծանուն քանդակագործներից է, որը չէր խուսափում չոլերում կոպեկներով աշխատելուց։ Անկախության նվիրյալ հայրենասեր մարդ էր։

Հիմա խնդիր կա այդ թանգարանում արժեքավոր ցուցանմուշները ձեւավորելու։ Պետք է դիմենք կառավարությանը, նամակ եմ պատրաստում, որ նախարարությանը լրացուցիչ գումար հատկացվի կամ հանձնարարական տրվի, որպեսզի թանգարանում ձեւավորումներ արվեն։ Մի քանի միլիոն դրամի խնդիր է։ Թանգարանն իր միջոցներով չի կարող այդ ամենն անել, քարերն ու խաչերը պետք է մշակել, մաքրել։

Աշխատում էինք Երեւանի եւ Ստեփանակերտի խմբերով՝ Արցախի ԿԳՄՍ փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանի օգնությամբ։ Մինչեւ օգոստոսի 25-ը հասցրել ենք ամենը տեղափոխել։ Ստեփանակերտում հիմա մտածում են, թե մի քանի տասնյակ խաչքարերն եւ քարակոթողներն ինչպես ձեւավորել ու ցուցադրել։ Մենք կառավարությանն առաջարկելու ենք ձեւավորումը կատարել հենց Արտաշես Հովսեփյանի թանգարանում։

Ինչ վերաբերում է հետոյին, ապա օգոստոսի 25-ից հետո Բերձորում հայեր այլեւս չկային, ոստիկանությունն ու ԱԻՆ-ը եւս պետք է դուրս գային։ Ռուս խաղաղապահների տնօրինության տակ է Բերձորի եւ Աղավնոյի ողջ հատվածը։ Տեղում ադրբեջանցիներ կային եւ հասցրել էին պղծում անել, ուստի ենթադրում են, որ իրենց քարոզիչներից հաստատ եղել են։ Եկեղեցու ներսում խորանի մի պատի վրա ռուսերենով ավելորդ բաներ էին գրել իբրեւ թե հայերի անունից։ Հիմարները կհավատան միայն, որ այդ անհեթեթությունները հայերն են գրել։ Տեղում աշխատել ենք շատ խնամքով։ Որոշ խաչեր հնարավոր չէր հանել։

Ունենք նաեւ «Խաղաղության հուշարձան»՝ երեք խոնարհված պատերով, ներքեւում զարդագոտի կա՝ 333 զոհերի անուններով։ Մեր քանդակագործները տեղում աշխատեցին։ Հուշարձանը ձեւավորված է խաչքարով, կենաց ծառով, հավերժության նշանով՝ կողքերը երկու աղավնիներ։ Կենաց ծառը եւս Արտաշես Հովսեփյանի գործն է։ Խաչքարն ու կենաց ծառը հանել ենք, տեղը փակել քարասալերով, իսկ հավերժության նշանը որոշեցինք թողնել։ Դա որոշակի ուղերձ է։ Զարդաքանդակ-խոյակները հանել չէինք կարող, այլապես պատերը կփլվեին։ Հուշարձանի ներքեւի հրապարակը կոչվում է «Խաղաղության», իսկ քաղաքի կենտրոն տանող փողոցը՝ Խաղաղության փողոց։

Ադրբեջանցիները շատ բան ոչնչացնում են, բայց մեր ձեռքով ոչ մի բան չի ոչնչացվել։ Այն, ինչ հնարավոր էր տեղափոխել, տարել ենք, իսկ ինչը ոչ՝ թողել ենք մաքուր վիճակում, այդ թվում՝ հավերժության նշանն իր երկու աղավնիներով։ Մնացածը մեր գործը չէ։ Մարդիկ ասում են՝ ադրբեջանցիները սա կանեն, նա կանեն․․․ես իրենց թշնամի եմ համարում մինչեւ հիմա՝ անկախ նրանից, թե քաղաքականության մեջ ինչ է ասվում։ Պարզ է, որ դիվանագետները պետք է բանակցեն, որ պատերազմ չլինի, բայց դրանք շարունակում են մնալ հակառակորդ։ Ես թշնամի եմ կոչում եւ ինձ չի հետաքրքրում, թե իրենք Բերձորում ինչ են ասելու։ Ինչ որ թողել ենք, իրենց չենք թողել, ուղղակի թողել ենք, ստիպված ենք եղել թողնել։ Սա իմ բանաձեւն է։

-Պարոն Հակոբյան, Ձեր վերլուծությամբ, ի՞նչ է ենթադրում նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետը։ Պաշտոնյաների եւ քաղաքական գործիչների մի մասը պնդում է, որ դեռ 2020թ-ից էր պարզ, որ Բերձորը հանձնվելու է, մյուս մասն էլ պնդում է, որ եռակողմ փաստաթղթում Բերձորը հայաթափելու մասին խոսք չկա։

-Փաստաթղթում սեւով սպիտակի վրա գրված է, որ ճանապարհի փոփոխությունը պետք է տեղի ունենա 2023թ․-ին։ Գրված է՝ «երեք տարվա ընթացքում»։ Եթե որեւէ մեկը կարծում է, որ «երեք տարվա ընթացքում» դա ենթադրում է «որեւէ պահի», ապա քաղաքական-դիվանագիտական լեզվով դա նշանակում է ճշգրիտ «երեք տարի»՝ ոչ մի օր ու ոչ մի ժամ պակաս, այսինքն՝ մինչեւ 2023թ․-ի նոյեմբերը։ Բայց փոխեցին, որովհետեւ Ադրբեջանը թարախություն արեց, Ռուսաստանն էլ դրան ընդառաջ գնաց։ Վստահ չեմ, բայց ենթադրում եմ, որ մերոնք ստիպված էին դրան համաձայնել։ Արեցին թաքուն, ու Բերձորի, Աղավնոյի բնակիչներին տվեցին 20 օրից էլ պակաս ժամանակ։ Ցավալի է շատ։

Գոնե եկեղեցիները պարտավոր էինք քար առ քար կազմաքանդել եւ հավաքել մեկ ուրիշ տեղում։ Ինչ-որ պահի մանրամասները կպարզվեն, ոչ մի բան գաղտնի չի մնալու այս ամենից։ Ինչ-որ պահի կիմանանք բոլոր հանգամանքները։ Այս պահին մի քանի տարբերակներից չեմ ցանկանա խոսել, որովհետեւ դրանցից միայն մեկն է ճիշտը։ Դրա համար տարբերակներով խոսելն անմտություն է։ Լավ կլինի՝ քաղաքագետները դա չշահարկեն, քանի դեռ չգիտենք։ Շահարկումների վերածվող հայտարարություններ անելը ճիշտ չէ։ Այս պահին ես ենթադրում եմ, որ մերոնք ստիպված են եղել դրան համաձայնել՝ լուրջ ճնշման տակ։

Բոլոր դեպքերում, շատ վատ բան եղավ վերաբնակեցվածների համար։ Նրանք պետք է հնարավորություն ունենային դուրս գալու։ Հարցրիք՝ Բերձորը պետք է դատարկվե՞ր, թե՞ ոչ։ Եռակողմ փաստաթղթում պարզ գրված է, որ այո։ Ովքեր որ այլ բան են ասում, չգիտեմ, թե ինչ լեզվով են դա հասկացել։ Բայց Բերձորը դատարկելու երկու եղանակ կա։ Քաշաթաղն ու Քարվաճառը մեր կողմից են ստեղծվել, եւ այս ձեւով դատարկումն անընդունելի է, դա պետք է լիներ այսպես․ որեւէ բնակավայրին կից Նոր Բերձոր պետք է կառուցվեր, որտեղ կտեղափոխվեին բոլոր նրանք, ովքեր ցանկություն կհայտնեին շարունակել ապրել իրենց համայնքային կարգավիճակով՝ ճիշտ այնպես, ինչպես տներ սարքեցին Շուռնուխի մի քանի բնակիչների համար, ոչ թե մի քանի կոպեկ փող տվեցին ու ասեցին՝ ցրվեք ոնց ուզում եք ու յոլա գնացեք․․․Բերձորի, Աղավնոյի եւ Սուսի դեպքում կար այդ հնարավորությունը, որը չկար, օրինակ, Քարվաճառի պարագայում։

Մի բան է, երբ պատերազմի ու պարտության արդյունքում ստիպված ես լինում գնալ ծանր զիջումների, եւ այլ բան է, երբ ծանր զիջումներն անում ես՝ մարդկանց աշխատանքը ջուրը լցնելով (Ալեքսան Հակոբյանը տարիներ շարունակ զբաղվել է Քաշաթաղի շրջանի վերաբնակեցմամբ-հեղ)․․․սա անթույլատրելի էր։ Պետք էր այլ մոտեցում ցուցաբերել Բերձորին եւ Աղավնոյին, ինչը չարվեց։ Եթե պարզվի, որ ավելի վաղ էր հայտնի այս մասին, ու թողել են վերջին պահին, ուրեմն դա պետք է գնահատել որպես հանցագործություն։

-ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանության խորհրդական Մաքսիմ Սելեզնյովն ասել էր, որ «Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահները կվերատեղակայվեն, երբ նոր ճանապարհը արդեն պատրաստ կլինի»։ Այստեղից ի՞նչ եզրակացություն անել, ինչո՞ւ է Բերձորը հայաթափվում, եթե ռուսական խաղաղապահ առաքելությունը դեռեւս շարունակում է մնալ այնտեղ։

-Ի՞նչ ճանապարհի մասին է նա ասում։ Այդ մերոնք են, որ մեկնաբանում են, թե ճանապարհը կարող է լինել ասֆալտապատ կամ ոչ ասֆալտապատ, բարվոք կամ ոչ բարվոք, բայց նա դիվանագիտական խոսք է ասել, պետք չէ դրան լուրջ վերաբերվել։ «Լաչինի միջանցք» ասելով՝ դրա տակ հասկանում ենք ոչ թե Բերձոր քաղաքը, այլ Լաչինի շրջանն ամբողջությամբ։ Միջանցքը տանում են այնպես, որ այդ 2-3 բնակավայրերը եւս ընկնեն ադրբեջանական տարածքում։ Ադրբեջանը, նորից եմ ասում, թարախ քաղաքականություն է վարում։ Աշխատում են այն ուղղությամբ, թե ինչպես ավելի շատ ցավեցնեն մեր ժողովրդին։

Մեր ժողովուրդը պետք է դիմանա։ Պատերազմի դեպքում կան մարդասիրական սկզբունքներ, բայց դա Ադրբեջանին չի վերաբերում։ Նա վարում է իր քաղաքականությունը, որը մարդկային չի։ Դրա հետ էլ պետք է հաշտվենք, ինչ-որ տեղ՝ ծիծաղենք ու արհամարհենք։ Ադրբեջանի կողմից կլինեն նոր քայլեր, եւ դրանց էլ պետք է դիմանանք։

-ՀՀ իշխանության կողմից քայլերի այնպիսի հաջորդականություն, որը բերեց այսօրվա վիճակին, դուք տեսնո՞ւմ եք։

-Մենք պարտվել ենք պատերազմում, այդ թվում՝ մեր ռազմավարական դաշնակցի ոչ ճիշտ պահվածքի պատճառով։ Թե ի՞նչ փոխվեց դրանից հետո, ճշգրիտ կարող են ասել միայն առաջին դեմքերը։ Քաղաքագետներն էլ մեկ ուրիշ բան են ասում, ամեն դեպքում, Հայաստանին մեղադրելուց պետք չէ այնպես անել, որ Ադրբեջանին գովենք կամ մեղքը վրայից հանենք։ Ոչ էլ Ռուսաստանի վրայից, իր մեղքը եւս կա։

Ինչ վերաբերում է ՀՀ իշխանությանը, կգա պահ, երբ ճշգրիտ կիմանանք, թե ինչ է կատարվել։ Այս պահին մանրամասները չգիտենք։ Միայն գիտենք, որ օգոստոսի սկզբին պարզ դարձավ, որ Բերձորը, Աղավնոն ու Սուսը պետք է լքել ոչ թե 2023թ․-ին, այլ հիմա։ Թե դրանից առաջ ինչ քննարկումներ են եղել, իսկապես չգիտենք։ Գուշակություն անելը լավ բան չի, տարբերակներից միայն մեկն է ճիշտ։ Ճշգրիտ մեղադրանքներ կարելի է ներկայացնել միայն մանրամասներն իմանալուց հետո։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Գլխավոր լուսանկարում՝ Ալեքսան Հակոբյանը 2018-ի մայիսի 31–ին Բերձորում՝ Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու օծման 20-ամյակի տոնակատարության ժամանակ։ Լուսանկարը՝ Ալեքսան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031