Լրահոս
Օրվա լրահոսը

Ջոնաթան Շփանգենբերգը՝ Ֆրանկֆուրտում Ուրարտուն Ադրբեջան ներկայացնելու մասին

Օգոստոս 29,2022 14:13

Ֆեյսբուքյան օգտատեր Շուշի Թումանեանի այն գրառումը, որ Ֆրակֆուրտի ցուցադրություններից մեկի ժամանակ Ուրարտուն իբրեւ Ադրբեջան է ներկայացվում, բուռն արձագանքի է արժանացել սոցցանցերում:

Ֆրանկֆուրտի ցուցադրութիւններից մէկում Ուրարտուն ներկայացուած է, որպէս Ադրբեջան։

Թեմայի վերաբերյալ Aravot.am-ը զրուցել է Գերմանահայոց Կենտրոնական խորհրդի վարչության նորընտիր ատենապետ Ջոնաթան Շփանգենբերգի հետ: Նա տեղեկացրեց, որ այժմ ուսումնասիրում են հարցը՝ հասկանալու համար` ով է այդ ամենի հետեւում կանգնած, նաեւ փորձում են պարզել, թե որ թանգարանի մասին է խոսքը: Նրա ձեւակերպմամբ, քննում են՝ արդյոք Ադրբեջա՞նն է կանգնած այդ ամենի հետեւում, եւ ինչ տեսակ կեղծ տեղեկություններ են տրամադրվել Ֆրանկֆուրտի թանգարանին ու որտեղից:

Լուսանկարը՝ Ջոնաթան Շփանգենբերգի ֆեյսբուքյան էջից

Ջոնաթան Շփանգենբերգը կարեւորեց հատկապես թեմային մասնագիտական անդրադարձը։ Գերմանահայոց Կենտրոնական խորհրդի վարչության ատենապետը համոզված է, որ մասնագիտական գնահատականով լավագույնս կժխտվի այս քարոզչական քայլը, որը, ամենայն հավանականությամբ ադրբեջանական կողմից նախաձեռնությամբ է արվել: Հավելեց, որ գերմանացի մասնագետների հետ էլ են փորձում կապվել, եւ առաջիկայում պաշտոնական հայտարարությամբ հանդես կգան, որպեսզի սխալը սրբագրվի:

Ջոնաթան Շփանգենբերգն ասում է, որ հրապարակային քայլի դիմելուց առաջ կփորձեն հասկանալ հարցի էությունը, նաեւ շեշտում է, որ համապատասխան տեղեկությունն ու լուսանկարը արդեն լայնորեն տարածվել է: Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը պատրաստվում է պաշտոնական դիրքորոշմամբ հանդես գալ, հատկապես որ ներկայացնում է Գերմանիայի հայկական համայնքը այդ երկրի պետական հաստատություններում:

Գերմանահայոց Կենտրոնական խորհրդի վարչության ատենապետից հետաքրքրվեցինք՝ 44-օրյա պատերազմից հետո արդյոք ակտիվացե՞լ է ադրբեջանաթուրքական լոբբին: Մեր զրուցակիցը նշեց, որ Ադրբեջանը եւ Թուրքիան հատկապես վերջին տարիներին շատ լուրջ աշխատանքներ են տանում, ֆինանսական միջոցներ են ծախսում՝ հակահայկական քարոզչության վրա, ինչը ներառում է լրատվամիջոցներում, համալսարաններում եւ տարբեր հարթակներում հանդես գալը: Ջոնաթան Շփանգենբերգը փաստում է, որ ադրբեջանցիներն ու թուրքերը փողով կարողանում են շատերին գնել, եւ ամիսներ առաջ սկանդալ է եղել, որտեղ բացահայտումներ են եղել նման թեմաներով: «Ցուցահանդեսի միջադեպը փոքրիկ դրվագ է, ես չեմ զարմանում դրանից, որովհետեւ իրենք մեծ հակահայկական քարոզչական աշխատանք են կատարում ոչ միայն Գերմանիայում, այլ մյուս երկրներում»,-ընդգծեց նա:

Հետաքրքրվեցինք Գերմանահայոց կենտրոնական խորհրդի եւ Գերմանիայում ՀՀ դեսպանատան համագործակցությունից, հարցրինք՝ իր տպավորությամբ ինչպե՞ս է դեսպանատունը հակազդում հակահայկական ձեռնարկներին: Մեր զրուցակցի ձեւակերպմամբ, վերջին քաղաքական զարգացումները դժվարացնում են Սփյուռքում նման բաներին հակազդելը, նաեւ հույս հայտնեց, որ պետական մակարդակով Հայաստանի Հանրապետությունը լուրջ քայլեր կձեռնարկի՝ հատկապես, որ այսպիսի քայլերն ուղիղ Հայաստանի ու Արցախի հետ են կապվում:

Ջոնաթան Շփանգենբերգը հավելեց, որ Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը՝ տարբեր ոլորտների ու հարցերի վերաբերյալ այլ կարծիքներ ունենալով հանդերձ՝ լավ հարաբերություններ ունի Գերմանիայում Հայաստանի դեսպանության հետ, որովհետեւ նրա խոսքով, դեսպանատունը Հայաստանի Հանրապետությունն է ներկայացնում, իսկ խորհուրդը՝ հայկական համայնքը: Ասաց նաեւ, որ համագործակցում են կարեւոր կետերի շուրջ, բայց կոնկրետ չի կարող ասել, որ դեսպանատունը ակտիվ է նման հարցերում: «Վստահ եմ, որ մենք բոլորս՝ իբրեւ համայնք, իբրեւ Հայաստան-Սփյուռք պետք է ավելի ակտիվ լինենք հակահայ քայլերի դեմն առնելու համար»,-նշեց մեր զրուցակիցը:

Ներկայացնելով Ջոնաթան Շփանգենբերգին՝ նշենք, որ նա ազգությամբ գերմանացի է, ծնվել է Գերմանիայում, սակայն ծնողների հետ տեղափոխվել է Լիբանան եւ 20 տարի ապրել է Այնճարում, սովորել է Հայկազյան համալսարանում, պատմության եւ հնագիտության մասնագետ է, փայլուն տիրապետում է արեւմտահայերենին։ Գերմանիայում աշխատում է որպես պրոֆեսիոնալ թարգմանիչ, նա նաեւ գեղանկարիչ է: Ջոնաթան Շփանգենբերգը գերմաներեն է թարգմանել Դանիել Վարուժանի «Հացին երգը» ժողովածուի ավելի քան 30 բանաստեղծություն։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Նուբար says:

    Արամ,քեզ նամակ եմ գրել(էլ.փոստ ‘[email protected]’) 16.08.22-ին. Չես պատասխանում…..ՍԻՐՈՒՆ ՉԻ….հետո կիմանան բոլորը…..

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031