Երեւանով երթեւեկող բեռնատարները, բետոնախառնիչները աղտոտում են մայրաքաղաքի փողոցները, վնասում ասֆալտը։ Այսօր Երեւանի քաղաքապետարանում ընթացող գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադարձ եղավ քաղաքապետի՝ բետոնահանգույցների աշխատանքների նկատմամբ հսկողություն սահմանելու հանձնարարականին։
Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն ասաց, որ հանդիպել են մայրաքաղաքում գործող 11 տնտեսվարողների հետ, խնդիրը մանրամասն քննարկել է, ու պարզվել՝ մեքենաների գերակշիռ մասը պատկանում է հենց այդ բետոն արտադրող տնտեսվարողներին․ «Նրանք ունեն համապատասխան տեխնիկա, մեքենաներ, ստանում են պատվերներ, բարձում մեքենան եւ ուղարկում համապատասխան տեղ։ Իրենց տված բացատրության համաձայն՝ ռեժիմն ավտոմատացված է եւ ամեն բեռնման խորանարդ մետրը ֆիքսվում է։ Նրանք ասել են, որ ոչ մեկին ձեռնտու չէ, որ ավելորդ կորուստ տան բետոնի ծավալի մեջ՝ ճանապարհին թափելով։ Որքան էլ փորձեն ավել բեռնել՝ չի ստացվի, համակարգը թույլ չի տալիս։ Մեր առաջարկը՝ կլապանային համակարգ դնեն, ասել են, որ անհնար է իրենց մոտ»։
Արեյանն ասաց՝ պարզվել է, որ դուրս է գրվում հաշիվ ապրանքագիր, որի մեջ գրվում է տոննաժը եւ բեռնափոխադրման սկիզբն ու վերջը, եւ հենց սրա միջոցով հնարավոր կլինի վերահսկել։ Ըստ Արեյանի, տնտեսավարողները վստահեցրել են, որ խնդիրը վարորդներն են առաջացնում՝ մեքենան սխալ են շահագործում․ «Կանգառելը, տեղից շարժվելը, թեք հարթությունների վրա կանգնելու ձեւը, անհրաժեշտ արագությունը, հետո մեքենայի լվացումը։ Այս ամենը վարորդների ճիշտ կառավարման դեպքում նման խնդիր չի առաջանա։ Հանձնարարական ենք տվել՝ գնան կարգավորեն։ Վստահ չեմ, որ կկարգավորվի։ Առաջարկում եմ՝ կա կառավարության որոշում, որով կարգավորվում է բեռների փոխադրման կարգը՝ մարզից մարզ, կշեռքների մասին է խոսքը։ Երեւանում դա չի կիրառվում։ Դա ըստ սռնիների եւ բեռի քանակի միջպետական մայրուղիներում է արվում։ Երեւանն էլ ունի տրանզիտ հատվածներ, տեսչական մարմինն ընդունել է առաջարկը, որ համատեղ քննարկենք։ Եվ խնդիրը ոչ միայն բետոնահանգույցներն են։ Լուրջ խնդիր է քաղաքներից եկող բեռնված մեքենաների մայրաքաղաքում կայանումը, բարձր բեռնվածությամբ մեքենաները ճզմում են տաքացած ասֆալտը։ Ֆուռերը չեն կշռվում, քարհանքերից եկող մեքենաները չեն կշռվում, բետոնախառնիչները չեն կշռվում»։
Հանձնարարվեց մեկ ամսում իրավական կարգավորումներ գտնել։ Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հետաքրքրվեց, թե նման խախտումների դեպքում ի՞նչ պատասխանատվություն է սահմանված։ Ի պատասխան Արեյանն ասաց, որ երթեւեկելի հատվածի աղտոտման համար սահմանված 30 հազար դրամ տուգանք, որի իրականացման պատասխանատուն ՃՈ-ն ու պարեկային ծառայությունն է։
Կարդացեք նաև
«Ես կարծում եմ, որ 30 հազարը 200 հազար եթե լինի, վարորդը ամսական մի 200 հազար ստանալու է, չէ՞, կմտածի՝ ոնց վարի, որ քաղաքը չաղտոտի»,-ասաց քաղաքապետն ու հանձնարարական տվեց տույժը խստացնել, ընդ որում նշեց՝ փոքր հարց է, արագ մշակեք ու շրջանառեք։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ