Լրահոս
Օրվա լրահոսը

Արձանների, կիսանդրիների տեղակայումը պետք է լինի բովանդակային, իմաստավորված, ինչպես մշակութային կոթողների կառուցման վայրը

Օգոստոս 29,2022 10:10
opera

Այսօր, երբ 21-րդ դարասկզբի մի ողջ արիական սերունդ ապրում է Եռաբլուրում, երբ Հայաստանը կանգնած է գաղութացման ու դժոխքի բաց դռների շեմին, երբ մոլորակը տրոփում է համաշխարհային նոր պատերազմի պայթյունավտանգ լարումից՝ թվում է անհեթեթ, հասարակության հոգսերին ու տագնապներին անհամատեղելի մեղք՝ խոսել արձաններ տեղադրել-չտեղադրելու, մարդկանց հոգուն անհաղորդ մշակութային և ոչ մշակութային տարաբնույթ միջոցառումների մասին:

Կարող ենք չխոսել, բայց մեր սկիզբն ու հարատևությունը, մեր Ազգային դիմագիծն ու պատկանելիությունը սնուցող արմատը մշակույթն է, Արվեստը, և այն չապրեցնել չենք կարող: (Ցեղասպանությունից մազապուրծ հայը թուրքի ձեռքից եկեղեցու դուռն է փրկել՝ շալակած, օրեր, շաբաթներ քայլելով. ոսկին թողած, գիրք ու ավետարան է ծոցում պահել…Հարյուր տարի հետո խաչքարերն է տանում իր հետ՝ կրկին փրկության ճանապարհով…չի փոխվել հայը):

…Որպես մեր արվեստի գենետիկական շարունակություն ու առհավատչյա՝ արվեստների քաղաք Երևանը, լցված 60-80-ականների իմ սերնդի հպարտությամբ, սիրով ամենամեծ, մնաց 20-րդ դարում:

…ժամանակաշրջան, երբ գիտության ու մշակույթի բոլոր բնագավառներում համաշխարհային մեծությունների կարգը սկսվում էր նաև հայ մեծերի անուններով:

Անվանիների այդ ոսկե շղթայում իրենց պատվավոր տեղն ունեին Գոհար Գասպարյանը, Օհան Դուրյանը, Հովհաննես Չեքիջյանը… Անուններ, ովքեր իրենց արվեստով եղել և մնում են իմ դպրոցական և ուսանողական տարիները սնուցող ոգելից ակունքներից թերևս ամենաոգեղենը:

Առաջիկայում Օհան Դուրյանի 100-ամյա հոբելյանն է: Ցավալի է, որ այն համընկնում մեր ժողովրդի այս ողբերգական շրջանի հետ և երաժշտասեր հասարակությունը նրան հիշելու է խորապես փշրված սրտով:

Ես հիշողություններ ունեմ կապված և նրա Հայաստանից հեռանալու,և շուրջ քսան տարի հետո վերադարձի հետ: Ականատեսն եմ եղել և նրա անձնական, և նրա սիրելի կնոջ՝ Ալիս Դուրյանի հոգեկան դրամայի, երբ 2001-ին մշակույթի գրող նախարարի հրամանով հեռացվեց Օհան Դուրյանը Օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորի պարտականությունից, երբ, այդ օրերին «Հայկական ժամանակ» օրաթերթը մաեստրոյի հասցեին քստմնելի որակումներով, անուղղակի արդարացրեց օրվա իշխանությանը… Երբ երաժշտական աշխարհը մենակ թողեց նրան… և այսպես շարունակ:

… Բայց մաեստրոն իմ հիշողության մեջ ապրում է իր համերգներով, լեփ լեցուն դահլիճներով, իր արտիստիկ հմայքով, «խոսուն ձեռքերով», նույն ծրագրի մատուցմամբ անգամ՝ երբեք ինքն իրեն չկրկնելով…

Այսօր, սակայն, չցանկանալով խոսել քանդակագործի կողմից Օհան Դուրյանի կերպարի, իմ տպավորությամբ, աբսուրդային ընկալմանը՝ ուզում եմ իմ մտորումներն արտահայտել կիսանդրու տեղադրման վայրի կապակցությամբ:

Այն Օպերային թատրոնի շենքի հարակից բազմաչարչար տարածքն է, որն առաջարկվել է իշխանության վերևից և հաստատվել քաղաքապետարանում:

Ծույլ հեշտության ու ամբոխահաճության ուղին բռնած իշխանությունը այս դեպքում էլ է հավատարիմ ինքն իրեն՝ արձանը կա, տարածքը կա, մնում է ընդամենը ասել այո՝ հոբելյարի հնչեղ անվամբ գովեստների, փառաբանման պտուղները, սովորության համաձայն, վերագրելով սեփական նախաձեռնությանը:

Այնինչ արձանների, կիսանդրիների տեղակայումը պետք է լինի բովանդակային, իմաստավորված, ինչպես մշակութային կոթողների կառուցման վայրը:

…Ալեքսանդր Սպենդիարյանի արձանը իմաստավորվում է Օպերային թատրոնի առաջին ներկայացումն ու բացումը ազդարարող նրա «Ալմաստ» օպերայի բեմադրությամբ:

Հովհաննես Թումանյանի արձանը խորհրդանշում է նրա «Անուշ» պոեմի հիման վրա գրված Արմեն Տիգրանյանի համանուն,դասական իմաստով ամբողջական, առաջին հայկական օպերան:

Հայոց այս երկու մեծերի արձանները շենքի Թամանյանական կոթողի հետ կազմում են այն մոնումենտալ համալիրը, որը տասնամյակներ շարունակ համարվել է Երևանի հպարտությունը:

Շենքի հարակից տարածքում՝ առանց աչքի զարնելու, գտնվում է նաև Ա. Սպենդիարյանի գերեզմանը: Պատճառն այն է, որ այդ տեղում են եղել Գեթսեմանի մատուռը և այն շրջապատող գերեզմանոցը, ուր և հուղարկավորվել է Ա. Սպենդիարյանը: (Նա մահացել է 1928-ին, իսկ Կոմիտասի անվան պանթեոնը բացվել է 1936-ին):

Արամ Խաչատրյանի արձանը տեղադրվել նրա անունը կրող ֆիլհարմոնիայի համերգային դահլիճի բակում: Իսկ, որ օպերայի շենքի հարակից տարածքը «պատկանում» է օպերայի շենքին, վկայում են տարածքը պարսպապատող երկաթյա ճաղերի վրա ամրացված թատերական դիմակների, երաժշտական գործիքների (լարային, փողային…) քանդակները:

Այն հանգամանքը, որ սկսյալ 2000 թվականից Երևանի կանաչ գոտու և պատմամշակութային արժեքների ոչնչացման ծրագիրը սկսեց իրականացվել հենց Օպերայի շենքի հարակից տարածքից և, տարածվելով Օղակաձև զբոսայգով, ընդգրկեց Հաղթանակի այգին ու քաղաքի ողջ կանաչապատ տարածքը՝ այն վերածելով ռեստորանա-սրճարանային համատարած աղբանոցի, սեփական պալատների, հյուրանոցների և այլ բիզնես կառույցների՝ նպատակային էր…, բայց դա այլ քննարկման թեմա է:

Եվ այսօր մաեստրոյի կիսանդրին տեղադրել Օպերային թատրոնի այգու տարածքը այլանդակող սննդի բիզնես կառույցների, դրանցից տարածվող էժանագին «երաժշտության» արանքում՝ ոչ միայն բովանդակազուրկ ու աններդաշնակ է, այլ նաև խիստ անպատվաբեր է Դուրյան դիրիժորի կերպարին ու հեղինակությանը:

Եթե քաղաքային իշխանությունն ուզում է անվանի դիրիժորի հոբելյանը ըստ արժանվույնս մեծարել՝ ունի արժանվույն տարբերակներ: Չգիտե՞ն՝ օգնեմ իրենց.

ա. Հատկացնել պուրակ Օհան Դուրյանի անվամբ, ուր կտեղադրվի նաև նրա կիսանդրին:

բ. Երաժշտական դպրոցներից մեկին տալով դիրիժորական ուսուցման թեքում՝ կոչել նրա անունով, հասկանալի է՝ բակում տեղադրելով կիսանդրին:

գ. Երևանի քաղաքապետարանին հարող երիտասարդ այգին հարստացնել Հայ Մեծերի արձաններով ու կիսանդրիներով՝ որպես խորհուրդ առաջինը տեղադրելով մաեստրոյի կիսանդրին: Այգին կունենա և հատուկ կարգավիճակ, և ճանաչողական, ուսուցողական նշանակություն, և կդառնա պետության «տնտեսական զարգացումն» ապահովող զբոսաշրջիկների հիշարժան վայրերից մեկը… Իհարկե, նման բովանդակությունը մեծապես և հրաշալիորեն համահունչ կլիներ Օղակաձև զբոսայգուն, եթե ընչաքաղց խավարասերները այն կերած չլինեին:

դ. Կիսանդրու տեղակայման նախընտրելի վայր է նաև Նորքի բարձունքում մաեստրոյի տուն- թանգարանին հարող տարածքի հարևանությամբ առանձին սքանչելի այգին, որը մաեստրոն աճեցրել է իր ձեռքերով: Բովանդակային կլինի այգին կոչել նրա անունով, որը տուն-թանգարանի հետ կազմելով մեկ ամբողջական համալիր՝ կդառնա «Դուրյանական օրերի» երաժշտական միջոցառումների լավագույն վայրերից մեկը:

Կարծում եմ պետք չէ շտապել: Մաեստրոյի 100-ամյակը ներառում է մինչև տարեվերջ: Կիսանդրին կարելի է բացել և նրա տուն թանգարանի դռանը, և քանդակագործի արվեստանոցում, մինչև պատշաճորեն կորոշվի Օհան Դուրյան անվանը հարիր, արժանապատիվ վայրը:

Հետգրություն

2024-ին աշխարհի բեմերի թագուհի Գոհար Գասպարյանի ծննդյան 100-ամյակն է: Երգչուհի, ում անունն ու ամբողջ կյանքը կապվում է Երևանի Օպերային թատրոնի հետ, ով իր անկրկնելի ձայնով և կերպարների անզուգական մեկնաբանությամբ նվաճել է աշխարհի լավագույն բեմերը՝ Հայաստանը ներկայացնելով ամբողջ աշխարհին: Երգչուհի, ում ձայնը դեռ հարյուր տարի էլ կշարունակի հնչել Օպերային դահլիճի բեմահարթակից ու պատերից:

Բայց սա բոլորովին չի նշանակում, որ Գոհար Գասպարյանի արձանը կամ կիսանդրին պետք է տեղադրել Օպերայի շենքի հարակից տարածքում:

Պետք է նախապատրաստվել վաղօրոք, մտածել ստեղծագործաբար, ստեղծել համարժեք նորը: Թե չէ՝ ամենահեշտը եղածը շահարկմամբ, կամայական, անէսթետ օգտագործելն է:

-Պարոնայք իշխանավորներ, մշակութային արժեքները պահպանել է պետք՝ բովանդակությանը չմիջամտելով:

Անահիտ ՔՆԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031